Բաժիններ՝

Ո՞ւմ է պատժում Տիգրան Սարգսյանի խնամին և մինչև ե՞րբ է շարունակելու պատժել

Տարվա սկզբից մինչև օրս լիցենզավորվող գործունեության իրավական ակտերի պահանջների խախտման համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ կիրառվել է մոտ 100 պատժամիջոց: Այդ կազմակերպությունները 41 անգամ նախազգուշացում են ստացել ԿԲ նախագահի կողմից, 6 անգամ լիցենզիայի գործողությունը ժամանակավորապես կասեցվել է: Պատժված կազմակերպությունները տուգանվել են ընդհանուր առմամբ 23 միլիոն 245 հազար դրամով:

2006 թվականից Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի միասնական վերահսկողն է, այսինքն՝ վերահսկում է ոչ միայն բանկերի, այլև՝ ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների՝ ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայի մասնակիցների, արտարժույթի փոխանակման կետերի, գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների, դրամական փոխանցումներ իրականացնող ընկերությունների գործունեությունը:

Հատկանշական է այն, որ այս տարվա պատժամիջոցների մեջ շատ չնչին մաս են կազմում ֆինանսական համակարգի խոշորագույն (մոտ 90%) մասնակիցները. ընդամենը 4 բանկ է պատժվել, ընդ որում, հիմնականում նախազգուշացում են ստացել, իսկ տուգանքի ընդհանուր չափը կազմել է 1 միլիոն 150 հազար դրամ: ԿԲ-ն ամենաշատը պատժել է գրավատներին (8 միլիոն 545 հազար դրամի տուգանք), այնուհետև՝ արտարժույթի փոխանակման կետերին (4 միլիոն դրամի տուգանք): Տուգանքների առումով ամենամեծ վնասը Կենտրոնական բանկի կողմից ստացել են ապահովագրական ընկերությունները, ընդհանուր առմամբ՝ 8 միլիոն 800 հազար դրամ: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ դրանից 6 միլիոն 200 հազար դրամը բաժին է ընկել «Ռոսգոստրախ-Արմենիա» ՓԲԸ-ին: Այսինքն, վերջինս գտնվում է ֆինանսական համակարգի միասնական վերահսկողի «սև ցուցակում». այս տարվա տուգանքների 26,7%-ը հենց նրա նկատմամբ է կիրառվել:

Ինչ վերաբերում է միասնական ֆինանսական վերահսկողական մարմնին, դեռ 2006թ. «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը կարծիք էր հայտնել, թե միասնական վերահսկողության մարմինը պետք է լինի անկախ, այդ թվում` Կենտրոնական բանկից: «Որքանով ես եմ տեղյակ, աշխարհում որևէ երկիր չկա, որ մեգառեգուլյատորը ստեղծվի ԿԲ-ի կազմում: Մեգառեգուլյատորի նպատակները և խնդիրները չպետք է հակասության մեջ մտնեն դրամավարկային քաղաքականության հետ: Քանի որ վերջինս տնտեսության զարգացման տեսանկյունից մի մակարդակ ավելի բարձր և կարևոր խնդիր է, քան ֆինանսական ինստիտուտների գործունեության կարգավորումն ու վերահսկողությունը, ուստի չի կարելի թույլ տալ, որպեսզի միևնույն մարմինը, տվյալ դեպքում` ԿԲ-ն, ժամանակ առ ժամանակ հայտնվի այնպիսի իրավիճակներում, երբ ստիպված լինի ի վնաս մեկի` որոշումներ կայացնել մյուսի օգտին»,- ասել էր Է. Սանդոյանը: Սակայն նա գտնում էր, որ այդ փուլում առավել կարևոր է ունենալ միասնական վերահսկողական մարմին, թեկուզև՝ ի դեմս ԿԲ-ի, քան չունենալ ընդհանրապես: «Այստեղ լուրջ շահերի բախում է առաջանում, իսկ ԿԲ-ին դա պետք չէ: Նրան պետք է գործել այնպիսի շուկայում, որի վրա ինքը ներազդելու որևէ լծակ չունի: Բոլորից լավ իմանալով շուկայի մասին ինֆորմացիան` ԿԲ-ն կարող է իշխել շուկայում, ինչը շատ վտանգավոր է, քանի որ առաջանում է սուբյեկտիվ գործոն»,- ասել էր Է. Սանդոյանը: Նրա կարծիքով՝ սկզբնական փուլում ԿԲ-ի խնդիրը պետք է լինի այս ինստիտուտի ձևավորումն ու զարգացումը (իսկ դրա համար մի քանի տարի է անհրաժեշտ), և այնուհետև անպայման «ազատվի» դրանից:
Այս առնչությամբ 2006 թվականին ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը մեկնաբանել էր. «Հնարավոր է, որ ժամանակին միասնական ֆինանսական վերահսկողության մարմինը տարանջատվի ԿԲ-ից: Առաջիկա 2-3 տարիների ընթացքում նոր հայեցակարգ կներկայացնենք Ազգային ժողով, և այնժամ պարզ կդառնա, թե հնարավոր ո՞ր մոդելներից մեկով կզարգանա Հայաստանի միասնական ֆինանսական վերահսկողության մարմինը»:

Կարդացեք նաև

Անցել է 7 տարի, սակայն ֆինանսական համակարգի միասնական վերահսկողն ամրապնդում է իր դիրքերը՝ հաշվի առնելով նաև այն, որ գլխավոր «վերահսկողը»՝ Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը, համակարգի «կնքահայր» Տիգրան Սարգսյանի խնամին է:

 

Արսեն Աբգարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս