Բաժիններ՝

Փորձաքննությունը չի կարող սուբյեկտիվ չլինել (տեսանյութ)

Օրերս Գիտության պետական կոմիտեն հրապարակեց գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթի արդյունքները, ըստ այդմ` նաև փորձագիտական գնահատականները, ինչը ոչ բոլորին էր գոհացրել: Օրինակ՝ ներկայացված «Եթերային ինքնագովազդը և ծրագրային քաղաքականությունը հայաստանյան
հեռուստաընկերություններում. հիմնախնդիրներ և զարգացման հեռանկարներ» հայտը ենթարկվել է գիտական փորձաքննության, որի արդյունքում այն չի երաշխավորվել ֆինանսավորման: ԵՊՀ դասախոս Աստղիկ Ավետիսյանը, ով նույնպես հայտ էր ներկայացրել, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն երկրորդ անգամ է՝ ֆինանսավորում ստանալու համար դիմում են Գիտության պետական կոմիտե, և եթե նախորդ տարի հայտը մերժելիս պարզապես զանգահարել էին ու տեղեկացրել այդ մասին, ապա այս անգամ իրենք գոնե հնարավորություն է տրվել ծանոթանալու փորձագետների տրված գնահատականներին, ինչը, սակայն, ըստ մեր զրուցակցի՝ շատ զարմանալի է: Ըստ այդմ` փորձագետներից մեկի գումարային գնահատականը` 67 է, իսկ երկրորդ փորձագետինը` 25:

«Խնդրում եմ ուշադիր նայեք, թե երկու փորձագետների տրված գնահատականներն ինչքան տարբեր են: Ինչո՞ւ չեն հրապարակվում փորձագետների անուններն ու մեկնաբանությունները, որտե՞ղ են փորձագետների կարծիքները, ինչո՞ւ հնարավորություն չեն տալիս կարդալ ու հասկանալ, թե փաթեթի թերի կողմը որն է, որպեսզի հաջորդ անգամ այլևս չկրկնենք այն»,- ասաց Ա. Ավետիսյանը:

Այս հարցադրումների, ինչպես նաև փորձաքննության սուբյեկտիվիզմի վերաբերյալ դիտարկումների վերաբերյալ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Լևոն Մարդոյանից:

«Փորձաքննությունը չի կարող չլինել սուբյեկտիվ: Այստեղ ամբողջ աշխարհում սուբյեկտիվիզմի էլեմենտ կա, այստեղ արդեն հարց է, թե որքանո՞վ է հնարավոր քչացնել այդ սուբյեկտիվիզմը, սա է կարևոր: Սուբյեկտիվիզմից հնարավոր չէ ազատվել, դա նշանակում է, որ դա պետք է տանք ռոբոտներին, որ փորձաքննություն անցկացնեն, իսկ դա այսօր հնարավոր չէ»,- ասաց Լ. Մարդոյանը` նշելով, որ Գիտության պետական կոմիտեի փորձագիտական բազայից արդեն հանվել են շուրջ 50 փորձագետներ, այս անգամ ևս կվերլուծեն անցկացված փորձագիտության արդյունքները և եթե պարզվի, որ փորձագետներից ոմանք ճիշտ չեն աշխատում և այդտեղ սուբյեկտիվիզմի տարրեր կան, ապա նրանց անունները ևս կհանվեն Գիտության պետական կոմիտեի փորձագիտական բազայից:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է հայտատուներին՝ փորձագետների մեկնաբանություններին ծանոթանալու հնարավորության ընձեռնմանը, ապա, ըստ բանախոսի, այդ մասին իրենք անպայման տեղեկացնում են:

«Այդ բոլորը տրամադրվում է, այլ հարց է այն, որ բոլորին միանգամից չի տրամադրվում այդ տեղեկատվությունը, այսինքն` հենց հաջորդ օրը: Դուք պատկերացնո՞ւմ եք մենք փորձաքննության կազմակերպման բաժինը, որը իմ վարչությունում է գտնվում, ընդամենը 3 հոգի են աշխատում,  իսկ 3 հոգին 280 նամակ գրելը` յուրաքանչյուրի համար իր աշխատանքին տրված փորձագետների գնահատականներով ու մեկնաբանություններով, իսկ դա այդքան էլ հեշտ չէ և աշխատանք է պահանջում: Մարդիկ մինչև ժամը 12-ը նստում, աշխատում են, որ հասցնեն, դա այդքան հեշտ չէ»,- ասաց Լ. Մարդոյանը:

Տեղեկացնենք, որ ասուլիսից հետո Ա. Ավետիսյանը 168.am-ին տեղեկացրեց, որ ընդամենը 1-2 ժամ անց իրենք ստացել են փորձագետների մեկնաբանությունների մասին տեղեկություն, ինչը, ըստ Ա. Ավետիսյանի` գիտական հիմնավորում չունի, և ինքն առաջիկայում պատրաստվում է այն բողոքարկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս