«Իշխանությունն արհամարհական վերաբերմունք է ցույց տվել հայ մարդու նկատմամբ»
«Կա մի հետաքրքիր բանաձև` «բարձրացիր, բարձրացրու», ես դրա կողմնակիցն եմ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը` խոսելով քաղաքային տրանսպորտի սակագնի բարձրացման, այնուհետև դրա կասեցման արդյունքում առաջացած հասարակական-քաղաքական տրամադրությունների մասին: Նա նշեց, որ իշխանությունը, փորձելով բարձրացնել հասարակական տրանսպորտի գինը և հաշվի չնստելով հասարակության կարծիքի հետ, արհամարհական վերաբերմունք է ցույց տվել հայ մարդու նկատմամբ:
«Այսինքն` չի արվել ամենակարևորը, իսկ այսպես անակնկալ կերպով բարձրացնելը և հետո հետ քաշվելը անհարգալից վերաբերմունք է մեր հասարակության նկատմամբ, նրանք չգիտեին, որ մենք կարող ենք ընդվզել…Ինչո՞ւ պետք է թանկանա, ինչո՞ւ պետք է ավել վճարենք` ավել չստանալով: Փողոց դուրս եկած երիտասարդներն այդ հարցը բարձրացրեցին»,- ասաց Ա. Արշակյանը:
Իսկ ասուլիսի մյուս բանախոսը` Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, իր հերթին կարծիք հայտնեց, որ վերոնշյալը մի իրավիճակ էր, որը ուշ, թե շուտ պետք է ստեղծվեր:
Հմայակ Հովհաննիսյանը հիշեցրեց իր վերջին վերլուծություններից մեկի մասին, որտեղ նա գրել էր, թե գործող իշխանություններն առաջիկայում փորձելու են առաջացնել կառավարվող ճգնաժամ, կառավարվող ընդվզումներ, նույնիսկ` ղեկավարվող քաոս, որպեսզի կարողանան դիմակայել Հայաստանի աշխարհաքաղաքական մարտահրավերներին:
«Այստեղ է, որ ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, երբ սոցիալական բունտը միանգամայն հնարավոր էր: Սա քաղաքական գործընթաց է, որքան էլ իշխանությունները ասեն, որ չի կարելի քաղաքականացնել և այլն: Եթե մի շարժմանը մասնակցում են սոցիալական մեծ խմբերի ներկայացուցիչները, դա արդեն քաղաքականություն է, որովհետև պարզ է` քաղաքականության սուբյեկտները Գալուստ Սահակյանը կամ մյուսը չէ, այլ սոցիալական խմբերն են, անհատը չէ քաղաքականության սուբյեկտը, քաղաքականության սուբյեկտը սոցիալական մեծ շերտերն են: Եվ մենք տեսանք ուսանողություն, երիտասարդություն, թոշակառուներ, ազատամարտիկներ…Եվ պարզ էր, որ մի իրավիճակում, երբ այդպիսի սարսափելի, սրընթաց գնաճ է տեղի ունենում, սոցիալական բունտի հավանականությունը մեծանում է»,- նշեց Հ. Հովհաննիսյանը:
Հետևաբար, ըստ նրա, նման իրավիճակում իշխանությունը ձգտում է ուղղորդել այդ շարժումները, օրինակ` կարգախոսով: Սակայն, մյուս կողմից, նա չհամաձայնեց այն մտքի հետ, որ այսպիսի ընդվզումները հրահրվում են իշխանության կողմից:
Անդրադառնալով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությանը, քաղաքագետն այն անվանեց «կիսատ-պռատ լուծում»:
«Այն, ինչ տեղի ունեցավ, թվացյալ լուծում է, որովհետև քաղաքապետարանն ընդամենը կասեցրել է իր որոշումը, իշխանություններն ասում են, որ որոշումը ժամանակավորապես կասեցվել է, որպեսզի հետո դիմեն դոտացիայի»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը: Նա հիշեցրեց Արիստոտելի խոսքը` «մարդը քաղաքական կենդանի է», և ընգծեց, որ չի կարելի տարանջատել քաղաքական և սոցիալական գործընթացները:
«Իշխանությունները փորձում են տարանջատել քաղաքացիական շարժումը և քաղաքական խնդիրները, մինչդեռ իրականում դա հնարավոր չէ, ցանկացած պահ օգտագործում են ասելու` «մի´ քաղաքականացրեք»: Հասարակության մեջ մարդը քաղաքական կենդանի է, Արիստոտելն է ասել, և մարդու խմբային դրսևորումներն անշուշտ քաղաքական են»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:
Ազատ Արշակյանն էլ ավելացրեց, որ վերջին օրերի հասարակական ընդվզումը ինքնաբուխ շարժում էր, իր մեջ պարունակում էր անակնկալի էֆեկտը և գործեց «աճել և պայթել» սկզբունքին համաձայն: