Ի՞նչ են ուզում սարքել բողոքի ակցիայի մասնակիցների գլխին
Մինչ հանրային-քաղաքական շրջանակներում քննարկվում է, թե ինչ հանգուցալուծում կստանա տրանսպորտի ուղեվարձի դեմ քաղաքացիների պայքարը, իշխանությունը, պարզվում է, ոչ թե խնդիրն ինչ-որ կերպ հանգուցալուծելու ուղիներ է փնտրում, այլ այդ պայքարը ճնշելու «գաղափարական» հիմնավորումներ է մտածում: Ընդ որում, բավական վտանգավոր ու հեռուն գնացող հիմնավորումներ, որոնք, գուցե չմտածված, բացահայտել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Վերջինս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ անդրադառնալով վերջին օրերին Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը կապել է աշխարհաքաղաքական զարգացումների հետ։ «Չէի ցանկանա, որ պրոցեսը հանգեցներ սոցիալական բունտի, որովհետև մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան թե 50 դրամի համար սոցիալական բունտ անելը և երկրի իրավիճակը ապակայունացնելը։ Պլակատներով այդ երիտասարդները ինչո՞ւ չեն մտածում, որ սա, ժողովրդական բառով ասեմ, Հայաստանի գլխին սարքվում է»,- հայտարարել է Զոհրաբյանը՝ իր ասածները հիմնավորելով ոչ թե աշխարհաքաղաքական փաստարկներով, այլ ավտոբուսների ու «Գազելների» պահեստամասերի գների թանկացման մասին ծիծաղելի դատողություններով: Զոհրաբյանը, բնականաբար, չի տվել «Հայաստանի գլխին սարքողների» կոնկրետ անուններ, նա ընդհանրացնելով՝ «մեղքը» բարդել է գերտերությունների վրա: «Գլխին սարքելն այն է, որ Հայաստանը ուժեղ պետություն չէ, գերտերություն չէ, և գերտերությունները մի մատի շարժումով կարող են այստեղ ներքին բաներ ստեղծել։ Խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, որովհետև էստեղ գնում է քաղաքակրթությունների մրցակցություն՝ Հայաստանը գնա դեպի եվրաինտեգրո՞ւմ, թե՞ գնա Ռուսաստանի Մաքսային միություն։ Այսպես ասած՝ վերևների, գիգանտների կռիվը ներքևում ինչ-որ արձագանք է ստանում։ Փառք Աստծո, եթե մենք պրծնենք միայն տրանսպորտի թանկացումներով»,- ասել է Հայաստանի իշխող կուսակցության փոխնախագահը։
Մի կողմ թողնենք այն հարցը, որ, եթե երկրում իշխանություն ունեցող ուժի ղեկավարներից մեկը բաց տեքստով հայտարարում է, թե Հայաստանն ուժեղ պետություն չէ, ուրեմն ինքը՝ սեփական կուսակցությունով հանդերձ, պետք է հեռանա ոչ միայն քաղաքականությունից, այլ նաև ու առաջին հերթին՝ պետական կառավարման համակարգից՝ թողնելով, որ իշխանության գան ուժեր, ովքեր Հայաստանը կդարձնեն ուժեղ պետություն: Խնդիրն անգամ այն չէ, որ Ռազմիկ Զոհրաբյանն իր աշխարհաքաղաքական դատողություններով ծայրից ծայր հերքել է իշխանությունների, անձամբ Սերժ Սարգսյանի կողմից հնչած հայտարարությունները, թե Հայաստանը կանգնած չէ Մաքսային միություն կամ Եվրամիություն երկընտրանքի առջև, ու առաջնորդվում է «և-և» սկզբունքով թե դա ոչ թե քաղաքակրթությունների հակադրություն է, այլ ինտեգրացիոն փոխլրացնող քաղաքականություն, և այլն:
Խնդիրն այն է, որ Ռազմիկ Զոհրաբյանին, ըստ ամենայնի, կամ հուշել են, որ տրանսպորտի թանկացման մասին խոսելիս պետք է նման «աշխարհաքաղաքական մտքեր» հայտնել, կամ ինքը կողքից լսել է այդպիսի ինչ-որ խոսակցություն և որոշել է սեփական նախաձեռնությամբ փրկել իշխանություններին: Անկախ դրանից, Ռ. Զոհրաբյանի ասածից ստացվում է հետևյալը. գերտերությունները (Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Եվրամիությունը) որոշել են «սարքել Հայաստանի գլխին», ինչն իրագործելու համար Երևանի ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրահանգել են բարձրացնել ուղեվարձը, հետո էլ պայքարող երիտասարդներին ուղղորդել են՝ բողոքի ակցիաներ անել դրա դեմ: Եթե դա այդպես է, ապա ստացվում է, որ Տարոն Մարգարյանն առաջնոդվում է ոչ թե նժդեհականության անշեղ ուղիով, այլ գերտերությունների հրահանգով: Եվ եթե ՀՀ իշխանությունը ցանկանում է կանխել «աշխարհաքաղաքական այս դավադրությունը», առաջին հերթին՝ պետք է ազատվի Տարոն Մարգարյանից և իսկույն նվազեցնի տրանսպորտի ուղեվարձը:
Բայց ակնհայտ է, որ Ռազմիկ Զոհրաբյանը դավադրություն տեսնում է միայն «պատմության երկրորդ կեսում»՝ բողոքի ակցիաների մասով: Այսինքն՝ ըստ նրա, իշխանությունը թանկացրել ուղեվարձը, որովհետև «զապչաստը թանկացել է», իսկ դավադիր ուժերը երիտասարդներին հանել են փողոց ու փորձում են «սարքել Հայաստանի գլխին»: Այս «թեզն» առաջին հայացքից անհեթեթ ու ծիծաղելի լինելով՝ շատ վտանգավոր է, որովհետև այդպիսով կարող է հիմք նախապատրաստվել ուղեվարձի դեմ պայքարողներին բերման ենթարկել ոչ թե «հասարակական կարգը խախտելու», այլ շատ ավելի լուրջ՝ «Հայաստանի գլխին սարքելուն մասնակից լինելու» մեղադրանքով, որին համարժեք հոդվածներն առկա են քրեական օրենսգրքում:
Իհարկե, կարելի է ասել, որ Ռազմիկ Զոհրաբյանի այս դատողությունների վրա ազդել է ամառվա շոգը կամ դրա դեմ պայքարի ավանդական եղանակներից մեկի չարաշահումը, և նրա ասածներին չարժե լուրջ վերաբերվել: Բայց Ռազմիկ Զոհրաբյանը ոչ թե Երևանի քաղաքապետարանի վարչության պետերից մեկն է, այլ Հայաստանի իշխող կուսակցության փոխնախագահը՝ դրանից բխող բոլոր տխուր հետևանքներով: Հայաստանի համար, բնականաբար: