«Կեղծարարության և հենության դեմ պայքար» թեմայով տարածաշրջանային աշխատաժողով հայ և արտերկրի մաքսավորների մասնակցությամբ

Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային մաքսային կազմակերպության նախաձեռնութամբ Երևանում հուլիսի 22-26-ը  մեկնարկել է մտավոր սեփականության իրավունքի խնդիրներին նվիրված՝ «Կեղծարարության և հենության դեմ պայքար» խորագրով տարածաշրջանային աշխատաժողով, որին մասնակցում են  Հայաստանի և 7 երկրներից ժամանած մաքսային ծառայության աշխատակիցներ, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՊԵԿ ուսումնական կենտրոնում անցկացվող աշխատաժողովին ներկայացվել են մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության միջազգային փորձը, արդյունավետ կիրառման հիմնական սկզբունքները և առանձնահատկությունները: Ելույթներով հանդես են եկել հայ և օտարերկրյա մաքսավորներ, ՀՄԿ փորձագետներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ներկայացվել են նաև գործնական օրինակներ:

Նման ձևաչափով միջոցառումները թույլ են տալիս բիզնես միջավայր-մաքսային ծառայություն համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնել, միասին քննարկել ոլորտային խնդիրները և գտնել իրավական  ճիշտ լուծումներ:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքերով, անցած տարեվերջին մտավոր սեփականության իրավունքի պաշտպանվածությանն ուղղված համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ մաքսային օրենսգրքում. «Կարծում եմ` նման միջազգային աշխատաժողովը, որտեղ քննարկվում են մաքսային ծառայության և բիզնես կողմից ներկայացվող գործնական խնդիրներ, կնպաստի առաջիկայում բարելավել մաքսային ընթացակարգերը»:  ԵՄ-ում և ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդ Արմեն Մելկիկյանն ընդգծել է, որ թեպետ  Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ Հայաստանում արդեն 6 միջազգային գիտաժողով է անցկացվել, սակայն մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության բնագավառում նման ձևաչափով` տարածաշրջանային աշխատաժողով առաջին անգամ է կազմակերպվում` շնորհիվ ՊԵԿ-ի և ՀՄԿ-ի միջև սերտացող համագործակցության. «Աշխարհում մտավոր սեփականության իրավունքը համարվում է առաջնահերթություններից: Այդ առումով կարևորում եմ Հայաստանում նման աշխատաժողովի անցկացումը, քանի որ, ինչպես շատ երկրների, այնպես էլ մեր մաքսային ծառայությունն ապահովում է ոչ միայն պետական բյուջեի մուտքերն, այլև ապրանքների անվտանգությունը»: Ըստ ՀՄԿ Մտավոր սեփականության իրավունքի գլխավոր տեխնիկական մասնագետ Քրիստոֆ Զիմմերմանի, կեղծարարության և հենության դեմ պայքարը գնալով ավելի  մեծ կարևորություն է ստանում. «Այլ երկրների համեմատ Հայաստանի վիճակն այնքան էլ վատ չէ: Մենք հիմա նոր մեթոդներ, մոտեցումներ ենք փորձում կիրառել: Պետք է նշել, որ այս առումով Հայաստանն ուշիմ ուսանող է և փորձում է միջազգային դրույթներին համահունչ աշխատել»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս