«Բանակի դերը Սիրիայի քաղաքական կյանքում. Ռազմական հեղաշրջումների ֆենոմենը»
Օրերս լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, արաբագետ Հայկ Սամսոնյանի «Բանակի դերը Սիրիայի քաղաքական կյանքում. ռազմական հեղաշրջումների ֆենոմենը» մենագրությունը, որը կարևոր ներդրում է արաբագիտության ոլորտում: Աշխատանքի թեման կարևոր ու արդիական է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով. դրանում քննարկվում են Սիրիայի բանակի կազմավորման, այդ թվում` սպայական վերնախավի ձևավորման գործընթացը, բանակի սոցիալական հենքը, դրանում էթնիկ և դավանական գործոնի նշանակությունը, 1949-1970թթ. Սիրիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումները և դրան հաջորդած փուլում տեղ գտած հեղաշրջման փորձերը, ինչպես նաև զինված ուժերի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Մենագրության մեջ առաջին անգամ լուսաբանվում է Սիրիայի հայ ռազմական գործիչների և հայ ռազմիկ տարրի` սիրիական բանակում ունեցած դերակատարումը:
Սիրիայի քաղաքական պատմության մեջ բանակի դերի ուսումնասիրությունը կարևոր է ոչ միայն Սիրիայի նշված շրջանի պատմության, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում Սիրիայի ունեցած նշանակության, այլև Սիրիայում հայ համայնքի առկայության և հայ-սիրիական արդի հարաբերությունների տեսանկյունից: Փաստորեն, հետազոտության թեմայի կարևորությունը կապված է նաև Սիրիայի բանակում կարևորագույն դերակատարություն ստանձնած հայ ռազմական գործիչների, մասնավորապես` սիրիական բանակի գեներալներ Արամ Գարամանուկյանի, Հրանտ Մալոյանի և Ալբեր Քիլեջյանի գործունեության հետ: Գրքում խոսվում է սիրիական բանակի ստեղծման և նրա կայացման գործում հայ ռազմիկ տարրի ունեցած մեծ երախտիքի մասին, նշվում, որ հայ զինվորականները ծառայել են հօգուտ Սիրիայի ազգային անվտանգության` նպաստելով հայ-արաբական, մասնավորապես` հայ-սիրիական բարեկամության ամրապնդմանը:
Նշենք, որ գրքում անդրադարձ է կատարվում նաև 2011 թ. սկիզբ առած սիրիական ճգնաժամին և դրան առնչվող զարգացումներին: Ցույց է տրվում, որ Սիրիայում զինվորականության դերը չափազանց մեծ է եղել ոչ միայն նախորդող շրջաններում, այլ նաև ներկայում: Ասվածի ապացույցն են Սիրիայում արդի շրջանում ընթացող ներքաղաքական բարդ ու խրթին իրադարձություններն ու այդ համատեքստում բանակի ունեցած վճռորոշ դերը: Նշենք, որ, ի տարբերություն արաբական այլ երկրների, Սիրիայում բանակը, որտեղ վերջին տասնամյակներին կարևոր է եղել ալավիական գործոնի նշանակությունը, սերտաճած է պետությանը:
Աշխատանքը գրվել է հայերեն, ռուսերեն, արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն տարաբնույթ աղբյուրների ու հետազոտությունների հիման վրա: Գիրքն ունի արաբերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով ամփոփումներ, հենված է տարալեզու սկզբնաղբյուրների և գիտական գրականության վրա: Գրքի խմբագիրն է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պ. գ. դ., պրոֆեսոր Արշակ Փոլադյանը: