Ո՞ւր են գնալու վճարովի ավտոկայանման համար գանձված գումարները
Քաղաքապետարանի ավագանու որոշմամբ կայանման առաջին 5 րոպեն անվճար է, մինչև մեկ ժամը՝ 100 դրամ, մեկ օրը՝ 500, մեկ շաբաթը՝ 1000, մեկ ամիսը՝ 2000 դրամ, տարվա համար՝ 12 000 դրամ։ Երեկոյան ժամը 24:00-ից մինչև առավոտյան ժամը 9:00-ը կայանելու համար գումար չի գանձվի:
Քաղաքապետարանի կողմից լիազորված ու սպասարկումն իրականացնող «Փարքինգ սիթի սերվիզ» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ վճարումները կատարվելու են ոչ կանխիկ տարբերակով և եթե քաղաքացին, օրինակ, կայանելուց հետո պարզել է, որ բջջայինում համապատասխան գումար չունի SMS-ով վճարում կատարելու համար, ապա առաջարկում է օգտվել, օրինակ՝ մոտակա բանկերից։
«Երևանի փողոցներում բավականին շատ են վճարահաշվարկային տերմինալները, կազմակերպությունները, բանկերը, որտեղ կարող են մտնել ու վճարումներ կատարել», – ասել է Հարությունյանը։
Իսկ ինչ վերաբերում է տարեկան 12 000 դրամ վճարելուն, պարզվում է, որ այն սահմանված է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ի համար, եւ եթե հաշվի առնենք, որ վճարման կարգը գործելու է օգոստոսի 1-ից, ստացվում է, որ օգոստոսի մեկից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանկահատվածի համար է վարորդը վճարելու 12 000 դրամ։
«Ամեն տարվա տուրքը սահմանվում է Երևան քաղաքի ավագանու կողմից։ 2013-ի համար տուրքը սահմանվել է 2012-ի դեկտեմբերի 25-ին, իսկ այս տարեվերջ կսահմանվի 2014-ի տուրքի դրույքաչափերը եւ 2014-ի հունվարից արդեն կարող ենք վճարումներ կատարել տարեկան կտրվածքով ամբողջ 2014-ի մինչեւ դեկտեմբերի 31-ի համար։ Ինձ թվում է գնային փոփոխություն չի լինի»,- հույս է հայտնել Հարությունյանը։
Նոր վճարովի ավտոկայանատեղիներն առանձնացված են կարմիր գծանշաններով, տեղադրված են տեղեկատվական վահանակներ, որտեղ նշված են այն կարճ համարները, որոնք նախատեսված են SMS-ով վճարում կատարելու համար, վահանակին գրված է նաեւ քաղաքապետարանի այն հաշվեհամարը, որն էլ նախատեսված է բանկերից վճարումներ կարատելու համար։ Իսկ հենասյուներին ամրացված տեսախցիկներ:
«Իսկ ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ ժամային հաշվարկը կատարվում է շրջիկ մեքենաների միջոցով, որոնք 5 րոպե պարբերականությամբ շրջում են և շրջելու են Երևանի փողոցներում և ավտոմատ կերպով ճանաչելու են պետհամարիշները և թվայնացված տեսքով այն հանձնելու են մեր համկարգին», – ասել է Հարությունյանը։
Ներկայիս 8-9 փողոցների համար գործում է 4 շրջիկ ավտոմեքենա, որոնց թիվը շուտով կավելանա։ Հարցին, թե արդյոք այդ մեքենաները հասցնելու են բոլոր կայանատեղիներով շրջել ու ճշգրիտ գրանցել մեքենաների կայանման ժամանակը, Հարությունյանը պատասխանել է. «Հստակ երթուղի կա նշված, որով շրջում են և հաշվարկն այնպես է արված, որ ժամային տատանումներ չեն լինի: Տվյալ սարքերն ունեն նավիգացիոն մոդուլ, կպած են GPS համակարգին և ժամային տվյալները ստանում են այնտեղից։ Մարդկային գործոնն այստեղ բացառվում է, անգամ շրջիկ մեքենայի վարորդը չի կարող ինֆորմացիային տիրապետել, թե որը ֆիքսվեց, որը ոչ։ Դա կատարվում է ավտոմատացված կերպով, համապատասխան կրիչների վրա, որտեղ ոչ ոք ինֆորմացիայի մուտք չունի»։
Օգոստոսի 1-ից վճարովի ավտոկայանատեղիներում կայանած ու վճարում չկատարած վարորդները կտուգանվեն՝ 5000 դրամ։ Հովհաննիսյանը նշում է, որ իրենք ապացույցները ուղղարկում են քաղաքապետարան, իսկ արձանագրությունը կազմում եւ տուգանքներ նշանակում է քաղաքապետարանը, որպես վարչական մարմին։
Հարությունյնաը հավելեց, որ Կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման մեջ նշված է, որ ավտոկայանատեղի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում տրանսպորտային միջոցների անվտանգության համար։
«Բայց քանի որ մենք տեղադրում ենք տեսախցիկներ և վերահսկողություն իրականացնում, համապատասխան պատահարի դեպքում մեքենայի սեփականատերը կարող է դիմել քաղաքապետարան և սահմանված կարգով ու ժամկետներում տվյալ տեսագրությունը կտրամադրեն իրեն, որպեսզի դիմի համապատասխան մարմիններին իր գործին լուծում ստանալու համար», -փոխանցեց Հարությունյանը։
Հարցին, թե ո՞ւր են գնալու գանձված գումարները, Հարությունյանը պատասխանել է. «Գումարն ամբողջությամբ գնում է քաղաքապետարան: Հաշվետու ժամանակաշրջանի վերջում մենք մեր մատուցած ծառայության դիմաց ստանում ենք համապատասխան վարձատրություն։ Հաշիվը տնօրինում է քաղաքապետարանը, իսկ թե ինչպես՝ չեմ կարող ասել»։