Բաժիններ՝

Բագարանում ծորակից վաղուց ջուր չի հոսել

Ցերեկները կանայք, երեկոյան՝ տղամարդիկ: Այսպես արդեն տասնամյակներ շարունակ Բագարան գյուղի բնակիչները՝ ղանթարներն ուսներին, օրական առնվազն ութ-տասն անգամ մեկ կիլոմետր ճանապարհ են կտրում-անցնում, որ կարողանան տան անդամներին ջրով ապահովել:

Նախկինում ղանթարով ջուր բերելը համարվում էր կնոջ պարտականություն, ու տղամարդիկ լուռ հետևում էին, թե ինչպես են իրենց կանայք ղանթարի ու ջրի ծանրության տակ կքած ջուր կրում: Վերջին տարիներին որոշ տղամարդիկ իրենց կանանց օգնում են, սակայն՝ երեկոյան ժամերին, որ չասեն «հարևան էսինչը ղզիկ է»:

«Դե, պատկերացրեք ամռան սեզոնին մեր վիճակը, մի կողմից՝ տուն, երեխեք, ճաշ ու լվացք, մյուս կողմից՝ պահածոներ, ջեմ ու խորոված: Դարձել ենք էշ, եղել է, օրական 20-30 անգամ ջրի եմ գնացել, բա ի՞նչ անես, հո չե՞ս ասի՝ ջուր չկա, տունս դառնա խոզանոց, ո՛չ լողանաս, ո՛չ էլ լվացք անես»,- գանգատվում է տիկին Գայանեն ու հավելում, որ գյուղի բոլոր կանայք՝ մեծ ու փոքր, մեջքի ու ոտքերի պրոբլեմներ ունեն: «Դե, բոլորն էլ ողնաշարի պրոբլեմ ունեն, ուսերն են բռնվում, թևերը, կոշտացումներ ու կուտակումներ են առաջանում: Հազար ու մի պրոբլեմ կա, ո՞ր մեկն ասենք»,- ասում է Քնարիկը:

Քնարիկը Բագարան հարս է եկել: Էջմիածինցի է: Տանը մշտական ջուր են ունեցել, ու Քնարիկը մինչ ամուսնանալը ո՛չ ղանթար էր տեսել, ո՛չ էլ երբևէ ջուր էր կրել:

Կարդացեք նաև

«Որ ամուսնացա՝ 19 տարեկան էի: Առաջին անգամ որ սկեսուրս ասեց՝ արի գնանք ջուր կրելու՝ զարմացա: Հենց առաջին օրը ոտքերս ու թևերս ուռել էին: Սկեսրայրս ասում էր՝ դու ի՞նչ հարս ես, որ ջուր կրել էլ չես կարողանում: Մեր գեղի կանայք օրական 10-20 վեդրո են կրում, դու մի հատ էլ չես կարողանում բերել»,- հիշում է Քնարիկն ու հավելում, որ այսօր օրական 20 դույլ ջուր բերելն իր համար դարձել է սովորական երևույթ: Ձեռքերն էլի հոգնում են, ոտքերը՝ ցավում, ուռում, սակայն Քնարիկն արդեն գիտի, որ դա իր պարտականությունն է. դժգոհի-չդժգոհի՝ միևնույն է, տան արդեն ժանգոտած ծորակից ջուր չի գալու: Իր կենցաղի հետ Քնարիկը համակերպվել է, սակայն նույն ճակատագիրը դստերը չի ցանկանում: Երազում է նրան գյուղից դուրս ամուսնացնել ու, կարևորը, որ փեսայի տանը մշտական ջուր լինի:

«Որ գեղի կանայք ասում են՝ Քնարիկ, ի՞նչ տեսակի փեսա ես ուզում աղջկադ համար, ասում եմ՝  որ աշխատող լինի, մեկ էլ տանը մշտական ջուր լինի»,- ծիծաղում է Քնարիկը:

Գյուղի կանայք պատմում են, որ հաճախ հերթ են կանգնում մեկ դույլ ջուր բերելու համար: Որպեսզի խուսափեն ժամերով հերթ կանգնելուց, ու գործը կիսատ չմնա, նախ՝ տեղեկանում են՝ եթե հարևանուհին որոշել է լվացք անել կամ պահածո պատրաստել, ապա իրենց գործը տեղափոխում են վաղվան:

107 տնտեսություն ունեցող Բագարանում այս վիճակը շարունակվում է ավելի քան 23 տարի: 90-ականներին ներքին ցանց է կառուցվել, սակայն՝ առանց համապատասխան հաշվարկների, սխալ նախագծով, ու բագարանցիները կանգնել են փաստի առաջ: Գյուղապետ Գևորգ Մարգարյանը նշում է, որ 90-ականներին կառուցված ներքին ցանցը նորոգման ենթակա չէ: Թե Մարգարյանը, թե իր նախորդները բազմիցս դիմել են մարզպետարանին ու կառավարությանը, սակայն՝ ապարդյուն: Կառավարությունից պատասխանում են, որ այդքան փող չկա, համայնքային բյուջեն էլ չի բավարարում նման մեծ խնդիր հոգալու: Արդյունքում՝ արդեն տասնամյակներ շարունակվում է նույն վիճակն ու տուժում է միայն սահմանամերձ գյուղի բնակիչը, ով ստիպված է տարրական-կենցաղային պայմանները հոգալու համար ամեն օր կռիվ տալ, վատնել ժամանակն ու քայքայել առողջությունը:

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս