«Զինանշանն ու «Հայաստան» գրառումը պետք կգար Հրաչյա Հարությունյանին…». բողոքի ակցիա Գյումրիում (լուսանկարներ)

Գյումրիում այսօր տեղի է ունեցել բողոքի ինքնաբուխ ակցիա` ի պաշտպանություն Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի, ում ՌԴ-ում տեղի ունեցած մահացու ելքով ավտովթարի դեպքի շրջանակներում դատարան են ներկայացրել կանացի խալաթով՝ այդպիսով ստորացնելով նրա անձը և վեր հանելով վերջինիս ազգային պատկանելության հարցը: Հիշեցնենք, որ  ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Բեռնատարը, որը վարում էր Հրաչյա Հարությունյանը, բախվել է ավտոբուսի, ինչի արդյունքում զոհերի թիվը հասել է 18-ի, իսկ վիրավորներինը` ավելի քան 60-ի:

Բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիական ակտիվիստները Գյումրիում ՌԴ հյուպատոսարանից պահանջել են ընդունել և Հարությունյանին փոխանցել իրենց կողմից բերված «Հայաստան»  գրառումով և հայկական զինանշանով շապիկը:

168.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից, քաղաքացիական ակտիվիստ և լրագրող Արսեն Վարդանյանը նշել է. «Դեպքի մասին տեղեկացել էի մի քանի օր առաջ, իսկապես, շատ ցավալի էր: Երեկոյան համացանցում նկատեցի տեսանյութ, որտեղ Հրաչյա Հարությունյանին դատարանի դահլիճ են բերում կանացի «խալաթով»: Ինքս «Հայաստան»  գրառումով և հայկական զինանշանով շապիկ ունեի և որոշեցի այն առավոտյան փոխանցել Գյումրիում ՌԴ հյուպատոսին, որպեսզի նրա միջոցով այդ շապիկը փոխանցեն Հրաչյա Հարությունյանին: Երեկոյան թեթևակի ակնարկ եմ թողել Ֆեյսբուք սոցիալական ցանցում և առավոտյան ընկերներ և ուղղակի քաղաքացիներ միացել են ինձ հյուպատոսարանի դիմաց: Ինձ համար պատահական չէր շապիկի ընտրության հարցը, քանի որ դրանով ուզեցել եմ ցույց տալ իմ պատրաստակամությունը հայ ժողովրդի արժանապատվությունը պաշտպանելու հարցում: Զինանշանն ու «Հայաստան»  գրառումը պետք կգար Հրաչյա Հարությունյանին, անկախ նրանից՝ պետական այրերն ինչ քայլեր կձեռնարկեին»:

Gyumri-akcia2

Կարդացեք նաև

Gyumri-akcia3

Gyumri-akcia

Հարցին, թե ինչպիսի՞ հնարավոր շարունակություն կարող է ունենալ ակցիան, և ո՞րն է նրանց վերջնական պահանջը` նա նշել է. «Սա սեփական նախաձեռնություն էր, այլոց փոխարեն չեմ կարող շարունակականության կամ հաջորդիվ քայլեր ներկայացնել, եթե այն ալիք դառնա՝ կողքին կկանգնեմ, խորհուրդներով, փորձով՝ խուսափելու համար ավելորդ սխալներից: Իսկ ընդհանուր առմամբ՝ այն արձագանք գտել է բնակչության շրջանում, և առավոտյան ժամը 11:00-ին կրկին հավաքվում ենք հյուպատոսարանի դիմաց՝ զոհերի հիշատակին մոմավառություն կազմակերպելով»:

Գյումրի

Տեսանյութեր

Լրահոս