Բաժիններ՝

Ռուսաստանի զենքի վաճառքը խրախուսում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը. Յ. Նավոյան

«Հայ-ռուսասկան համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանը անհանգստացած է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեկ մլրդ դոլարի զենքի վաճառքի փաստով և գտնում է, որ այսպիսով Ռուսաստանը խրախուսում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը:

Նա Galatv.am-ին տված իր ծավալուն հարցազրույցում առանձնացնում է երկու կարևոր բան. նախ, որ Ռուսաստանի արարքը չի համապատասխանում դաշնակցային փոխհարաբերությունների տրամաբանությանը, և ապա՝ Ռուսաստանի կողմից այս քայլը, որը հրամցվեց հասարակությանը հատուկ «հայտարարության» տեսքով, առանձնակի ուշադրություն գրավելու միտում ուներ և նպատակ է կամ միջոց՝ զսպելու Հայաստան-ԵՄ զարգացող գործընթացները:

Յուրի Նավոյանի հարցազրույցը ԳԱԼԱ-ին ներկայացնում ենք հատվածաբար՝ ամբողջությամբ:

Վերաբերմունք զենքի մատակարարմանը

«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ծանր հարձակողական խոշորաքանակ զենքի մատակարարումը միանշանակորեն չի համապատասխանում դաշնակցային փոխհարաբերությունների ոգուն և խրախուսում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը, այն քաղաքականությանը, որը նաև Ռուսաստանն է զսպում թե՛ քաղաքական մեթոդներով և թե՛ հայ-ռուսական ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցությամբ:

Նկատի ունենալով ոչ հեռու մերձակայքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնը, տարածաշրջանում առկա շահերի բախումն ու զենքի հսկայական կուտակումը, Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը և դրան նպաստելը արդեն սպառնալու է ոչ միայն տեղական բնույթի սառեցված հակամարտության բորբոքմանը: Բաքվի որևէ ռազմական ոտնձգություն արդեն սասանելու է տարածաշրջանի ընդհանուր հավասարակշռությունը և երկարատև անկայունության նոր օջախներ է առաջացնելու: Իսկ Ռուսաստանի համար տարածաշրջանային նոր անկայունությունը նշանակում է վտանգ. ոչ միայն վտանգ իր շահերի գոտուն, այլ նաև՝ Հյուսիսային Կոսկասի իր կենսական մասին ու Սոչիի Օլիմպիադային: Երբ 200-ից մի քանի օր ավել է մնացել Օլիմպիադայի բացմանը, բնականաբար, Ռուսաստանը լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկում դրա անվտանգության ապահովման համար, այդ թվում և տարածաշրջանային ընդհանուր հավասարակշռման և կայունության ուղղությամբ: Ադրբեջանին ծանր հարձակողական զենքի մատակարարումը հայկական շահերին վնասելուց բացի, ահա Ռուսաստանի հենց այդ ջանքերն է տկարացնում: Ստացվում է մի իրավիճակ, երբ Ռուսաստանը կամ հետագայում հնարավոր է պայքարելու է իր իսկ տրամադրած սպառազինության դեմ, կամ էլ փորձելու է հավելյալ քայլերով չեզոքացնել դրանից եկող վտանգը: Ուրեմն, հավանաբար առաջացել է մի պատճառ, որ Ռուսաստանն ընտրել է նաև իր շահերը վտանգելու գնով ինչ-որ գործարքի իրականացումը»:

Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը

«Կարծում եմ, որ բոլոր նոր իրողությունների ամբողջական հաշվառմամբ Հայաստանը կկարողանա համարժեք օրակարգ ձևավորել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Չէ՞ որ շփման պակաս չկա: Միայն այս տարվա ընթացքում Հայաստանում են եղել ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նշանակում է, որ եղած օրակարգը բավարար չի եղել կանխելու Հայաստանին մտահոգող զարգացումները: Ներկայումս էլ, երբ հասարակությունում դրա վտանգի արդարացի ընկալում կա, ընդ որում և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի շահերի համար, պաշտոնական Երևանի արձագանքը շատ թույլ է: Տեսեք, Ադրբեջանը անմիջապես բողոքեց Ֆրանսիային և Գերմանիային՝ Հայաստանին զենք մատակարարելու համար: Միայն հասարակական վրդովմունքը բավարար չէ պետության շահերի ամբողջական պաշտպանության համար: Հայ-ռուսական իրոք ռազմավարական հարաբերությունների հետագա ընթացքի կանխատեսելիությունը, միջազգային համագործակցության ծրագրերի զարգացումը միմյանց համար ընկալելի դարձնելը պետական համապատասխան մարմինների խնդիրն է»:

Եղած մեկնաբանություններ: Հավասարակշռություն և ընդհանուր շահերի պաշտպանություն

«Մի շարք մեկնաբանություններ եղան զինատեսակներից ոմանց տեխնիկատակտիկական առավել կամ նվազ հնարավորությունների մասին, բայց դա չի փոխում հարցի բնույթը: Ամեն մի զենք իր կիրառման գոտում վտանգավոր է և լրացնում է ընդհանուր պատկերը: Այս խմբաքանակի մատակարարումը վտանգում է Հայաստանը, տարածաշրջանը և հայ-ռուսական ռազմաքաղաքական շահերը: Մի քանի տարի առաջ ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ համապատասխան միջպետական պայմանագրերում կատարված փոփոխությունների համաձայն՝ Հայաստանին սպառնացող վտանգը մարտահրավեր է նաև Ռուսաստանի շահերին, և ռուսական ռազմաբազան պետք է պաշտպանի ընդհանուր շահերը:

Վերջերս արդարացիորեն շատ խոսվեց նաև սպառազինության հավասարակշռման մասին: Բայց եթե նախկինում Ռուսաստանը հավասարակշռում էր Ադրբեջանի՝ Թուրքիայից, Իսրայելից և այլ երկրներից ստացած սպառազինությունը, ապա այժմ՝ իր իսկ զենքին:

Ուրեմն այս ամենից մնաց քաղաքական ուղերձը, որը պետք է միջպետական քաղաքական երկխոսության նյութ դառնա»:

Մոսկվա 14.07.2013

Շարունակելի

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի, Galatv.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս