Բաժիններ՝

Ինչո՞ւ է դատավոր Արա Կուբանյանը միլիոններ նվիրել օֆշորային ընկերությանը

«168 Ժամն» արդեն գրել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից «Նաիրիտ» գործարանում անցկացված ստուգումների արդյունքում բացահայտումներից մեկն իրանական «Նումարդ թրեյդինգ» (Numard Trading) ընկերության հետ կապված խաղերն էին:

Այդ պատմության հետ կապված մի հետաքրքիր հանգամանք կա. երբ 2009 թ. հուլիսին Սեյշելյան կղզիներում գրանցված այս ընկերությունը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացնում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից 4 մլրդ 949 մլն դրամ բռնագանձելու պահանջով, որպես չկատարված պարտավորության փոխհատուցում, գործը քննող դատավոր Արա Կուբանյանը բավարարել է ընկերության միջնորդությունը՝ պետտուրքից ազատելու կամ տարաժամկետելու վերաբերյալ և հայցադիմումը վարույթ է ընդունել առանց տուրքի վճարման անդորրագրի:

Պետական տուրքն առաջին ատյանում կազմում է հայցապահանջի գումարի 2%-ը, տվյալ դեպքում՝ 98 մլն դրամ:
2010 թ. սեպտեմբերին դատավոր Կուբանյանը բավարարել է հայցը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունից հօգուտ «Նումարդ թրեյդինգ» ընկերության բռնագանձել 4 մլրդ 949 մլն դրամ, միաժամանակ որոշել է «Նաիրիտ» գործարանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել պետտուրքի գումար՝ նշված 98 մլն դրամը:

Գործն այսքանով կսահմանափակվեր, և «Նաիրիտը» այս պարտքային բեռի տակ կհայտնվեր, եթե չլինեին Ֆիննախի ստուգումներն ու «Հետքի» աղմկահարույց բացահայտումները, ինչից հետո միայն, շուրջ 1 տարի անց՝ 2011 թ. օգոստոսի վերջին, որպես հիմնավորում բերելով նոր երևան եկած հանգամանքը, «Հայգազարդ» ՓԲԸ-ն դիմեց դատարան՝ փաստարկելով, որ հանդիսանում է «Նաիրիտ գործարանի» 3.6 % բաժնեմասի սեփականատեր, և առանց իր մասնակցության նման վճիռ կայացնելը խախտել է իր՝ սեփականատիրոջ իրավունքները: Դատարանը մերժեց «Հայգազարդին», ինչից հետո «Նաիրիտը» բողոքարկեց և շահեց:

Կարդացեք նաև

Ընդ որում՝ լինելով պետական ընկերություն, «Հայգազարդը» բյուջեից հատկացված միջոցներով լիովին վճարել է պետական տուրքը՝ մոտ 149 մլն դրամը:
Վերաքննիչը գործը բեկանել է և 2012 թ. մայիսին ուղարկել է առաջին ատյան՝ նոր քննության համար, որտեղ արդեն անցած տարի նոյեմբերին վճռվում է «Նումարդ թրեյդինգ» ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի, որպես պետական տուրքի գումար, բռնագանձել ավելի քան 247.5 մլն դրամ, որից 98 մլն դրամը չվճարված պետական տուրքի գումարն է:

Այստեղ հարցեր կան, որոնք պատասխանի կարիք ունեն` ինչո՞ւ է Ա.Կուբանյանը բավարարել օֆշորային ընկերության միջնորդությունը և չի պահանջել վճարել պետտուրքը: Եթե ժամանակին այս դատավորը գործը վարույթ վերցնելուց առաջ պահանջեր պետտուրքի անդորրագիրը, այսօր արդեն 247.5 մլն-ից 98 մլն դրամը դուրս կգար, և պետությունը գոնե ավելի քիչ կտուժեր: Առավել ևս, որ հիմնավոր կասկածներ կան, որ գործը պատասխանող կողմը միտումնավոր է պարտվել: Այսինքն, Կուբանյանն օժանդակել է «Նումարդ թրեյդինգին», որովհետև այդ կարգի գործերի մեջ նման չափի պետական տուրք չվերցնելը քիչ ընդունված է: Նման բան հնարավոր է միայն, երբ պետական ընկերությունն է դիմում դատարան, մանավանդ, որ «Նումարդ թրեյդինգը» ոչ մի երաշխիք չէր ներկայացրել դատարան:

Երկրորդ հարցը՝ ՀՀ կառավարությունը վերաքննիչ դատարանում կարող էր օգտվել որպես պետություն և միջնորդել տուրքը հետաձգել, բայց բյուջեից 148 մլն դրամ է հատկացնում «Հայգազարդին», որը մուծելուց հետո գործը վարույթ են ընդունում: Այսինքն՝ պետությունը չի կարողանում առանց պետական տուրքը մուծելու մտնել դատարան, իսկ Կուբանյանը ինչ-որ օֆշորային ընկերության թույլատրում է նման գումար «խնայել»:

Այսպիսով` այսօր իրանական ծագմամբ, օֆշորային գոտում գրանցված «Նումարդ թրեյդինգ» ընկերությունը Հայաստանի Հանրապետությանը պարտք է շուրջ 247.5 մլն դրամ: Ի՞նչ է արվել մինչ օրս այս գումարը հօգուտ պետբյուջեի բռնագանձելու համար:

Դատարանը վճիռը կայացնելուց հետո կատարողական վարույթ է ուղարկում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն և վերջինս է պատասխանատու բյուջե այդ մուտքն ապահովելու համար: «168 Ժամը» ԴԱՀԿ-ից հետաքրքրվեց, թե մինչ օրս որքա՞ն գումար է բռնագանձվել «Նումարդ թրեյդինգից»: Պատասխանը հիասթափեցնող էր. ««Նումարդ Թրեյդինգ» ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի, որպես պետական տուրքի գումար, 247.489.200 դրամ բռնագանձելու վերաբերյալ հարուցված կատարողական վարույթ` առ 03.07.2013 թվականի դրությամբ, առկա չէ»:

Մինչդեռ՝ ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեզ հայտնեցին, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՇԴ/0913/02/09 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ «Նումարդ Թրեյդինգ» ընկերությունն ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի, կայացած վճռով 2013 թ. մարտին կատարողական թերթը պատշաճ ձևով ուղարկվել է ԴԱՀԿ, որտեղ ստացվել է մարտի 12-ին:

Այս հանգամանքը ԴԱՀԿ-ում հրաժարվեցին պարզաբանել՝ նշելով միայն, որ ըստ օրենքի կատարողական թերթը կարող է վերադարձվել: Սակայն, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով (հոդված 31), կատարողական թերթի վերադարձման պատճառ կարող են լինել տեխնիկական բացթողումները, օրինակ՝ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:
Մինչ օրս ԴԱՀԿ-ն շատ զգուշավոր մոտեցում է դրսևորել «Նաիրիտի» հետ կապված գործերի հանդեպ: Չէ՞ որ դրանց հետ, ըստ շրջանառվող լուրերի, առնչվում է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Եվ, շատ հնարավոր է, այս դեպքում էլ պարզապես մոլորվել է՝ ինչպե՞ս պետք է միլիոնավոր գումարներ բռնագանձի Սեյշելյան կղզիներում գրանցված ինչ-որ մի ընկերությունից: Ավելի հեշտ է խոտի դեզի մեջ ասեղ գտնել: ԴԱՀԿ-ն կարող էր կարճել գործը, բայց գերադասել է խուսափել պատասխանատվությունից և փորձել է հարցին նման «լուծում» տալ` ձեռքերը լվանալ:
Ի դեպ, վերադարձնելով կատարողական թերթը, ԴԱՀԿ-ն կրկին խախտում է կատարել:

Ըստ օրենքի՝ կատարողական թերթը կարելի է վերադարձնել պահանջատիրոջը, որը տվյալ դեպքում` ՀՀ պետությունն է, ոչ թե դատարանը:
Ստացվում է, որ դատավոր Ա.Կուբանյանի թերացման և ԴԱՀԿ անզորության պատճառով Հայաստանի Հանրապետությունը կորցնում է 247.5 մլն դրամ:
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի շուրջ վերջին տարիներին ծավալված իրադարձություններն այնքան խճճված ու բարդ են, որ որքան ուսումնասիրենք, այնքան նոր փաստեր ու տրամաբանությանը չենթարկվող գործողություններ կարելի է հայտնաբերել: Ինչպես ժողովուրդն է ասում՝ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս