Բաժիններ՝

Աբովյան փողոցի շատ փոքրիկ, բայց շատ կարևոր բիզնես-պրոեկտը. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Երևանի Աբովյան փողոցում մեկնարկել է շատ փոքրիկ, բայց շատ կարևոր մի բիզնես-պրոեկտի իրականացում: 8-11 տարեկան երեխաները՝ Րաֆֆին, Վանիկը, Ալբերտը, Արմենը, Դավիթը և Էլենը սկսել են սառը թեյի և տնային պայմաններում պատրաստված լիմոնադի վաճառք: Նույն տարածքում բնակվող այս երեխաները մի փոքրիկ սեղանիկ են տեղադրել Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկում և անցորդներին առաջարկում են իրենց պատրաստած սառը թեյն ու լիմոնադը՝ մեկ բաժակը 200 դրամով:

Երեխաները, որ, ինչպես տեղում պարզել է մեր թղթակիցը, ֆինանսապես ապահովված ընտանիքներից են, հայտարարել են, թե այսկերպ իրենց ապագա բիզնեսի համար գումար են կուտակում:

Նրանք այնքան հասուն ու բավականին լուրջ են վերաբերվել իրենց «պրոեկտի» առաջին օրվան և ապագա բիզնեսին, որ ուղղակի զարմանալ կարելի է: Երեխաները մեր թղթակցի հետ զրույցում փոխանցել են, որ իրենց ծնողները դեմ չեն եղել իրենց նախաձեռնությանը՝ ասելով՝ գնացեք փորձեք:

Նախաձեռնողներից Ալբերտ Գյուրջյանը հայտարարել է, որ ուզում են ապացուցել, որ իրենք էլ կարող են փող աշխատել և որ ամեն ինչ պլանավորել են իրենց բիզնեսն ընդլայնելու համար:

«Մենք բիզնես ենք անելու և պլանավորել ենք փող հավաքել. գնալ զովացուցիչ ըմպելիքներ պատրաստելու համար պարագաներ առնել, առաջնային պետք է «բլենդեր» առնենք ու հետո, երբ մեր բիզնեսը զարգանա, «Զիգզագի» դիմաց աչքի տակ մի տեղ ունենք, այդ տեղը վարձելու ենք»,- մեր թղթակցին հայտնել է 10-ամյա Ալբերտը և ավելացրել, որ նախապես արդեն պայմանավորվել են առաջին 3 ամսվա ընթացքում փող չստանալ. հավաքված գումարը ընդհանուր ֆոնդին է գնալու՝ իրենց ապագա բիզնեսի համար: «Այսինքն, աշխատավարձ չենք ստանալու, 3 ամսից նոր աշխատավարձ կստանանք, մոտավորապես օրը 500-1000 դրամ»,- ասել է փոքրիկ բիզնեսմենը:

Ու թեև երեխաները հաճախորդներին սպասարկելու համար պլաստմասե բաժակներն իրարից առանձնացրել են ատամներով, իսկ պահանջված սառույցը թեյի կամ լիմոնադի մեջ լցրել են մատներով, երեկ օրվա առաջին կեսին արդեն նրանց բիզնեսը ծաղկում էր՝ շուրջ 5000 դրամի ըմպելիք էին վաճառել:

Այնպես որ մեծերը մտածելու շատ բան ունեն. նրանք պետք է հասցնեն Րաֆֆիի, Վանիկի, Ալբերտի, Արմենի, Դավիթի և Էլենի մտքի թռիչքին համապատասխան բիզնես-միջավայր, ազատ և ազնիվ մրցակցային հարաբերություններ հաստատել երկրում: Ժամանակը շատ չէ՝ 10-15 տարի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս