«Թռնեմ ստուց». մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. ««Հեսա ես էլ եմ ստուց թռնելու»: Սովորաբար այդպիսին է լինում մեր քաղաքացիների «բողոքական մենախոսության» ավարտը: Ընդ որում, դա ասվում է մի տեսակ հպարտությամբ, կարծես թե այդ «թռնելով» ինչ-որ մեկը ստանում է իր արժանի պատիժը, կամ հաստատվում է ինչ-որ աստվածային արդարություն:
Իրականում դա թուլության, անպատասխանատվության և հարմարվողականության բարձրագույն դրսևորումն է` մի ցեց է, որ մտել է մեր ժողովրդի մեջ, և որը, ի դեպ, ակամա խրախուսում են մեր ընդդիմադիրները (բացառությամբ Նախախորհրդարանի). «Ճիշտ են անում», «այս երկիրը ապրելու տեղ չի», «շուտով այս երկրում մարդ չի մնա»: Պարզ է, քաղաքական գործիչներն ուզում են ապացուցել, որ իրենք թալանչի չեն եղել կամ չեն լինելու, բայց «ձեռքի հետ» էլ նպաստում են, որ քաղաքացիները չարանան ոչ թե իշխանությունից (ինչը բնական է, և ինչին նա արժանի է), այլ պետությունից և հայրենիքից:
«Ի՞նչ հայրենիք, ի՞նչ սահման, ի՞նչ զինվոր: Բա այս օլիգարխը, բա այն պաշտոնյան, բա ջիպերը, բա դղյակները: Երբեմն ինձ թվում է, որ այդպես դժգոհողները, եթե հնարավորություն ունենային օլիգարխ կամ պաշտոնյա դառնալու, հաճույքով կդառնային` ամբողջ ջիպա-դղյակային թաշախուստով»: Բայց քանի որ այդ երազանքը չի իրականացել, որոշել են «թռնել ստուց»: Իհարկե, դա բոլոր արտագաղթողներին չի վերաբերում:
«Հեռացողները, գիտեք, երբեմն ուր են գնում` Ռուսաստանի ինչ-որ գյուղում խոզ պահելու, Համբուրգի կենտրոնում գտնվող զուգարանում փող հավաքելու, Փարիզի Պեր Լաշեզի գերեզմանատանը մուրացկանություն անելու, Գլենդելում քարտեզ կեղծելու… Չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց, ինչպիսի բացատրություն էլ տաք, միևնույն է` չեմ կարողանում ընկալել նրանց մեկնումը: Այստեղ պայքարելու, իրենց կյանքը փոխելու հաճույքից ինչպե՞ս կարող ես այդքան հեշտ հրաժարվել: … Խնդրում եմ դրսից ինձ խորհուրդներ մի տվեք, վերադարձեք, եկեք փոխենք երկիրը, եկեք Հայրենիք դարձնենք այն»:
Այս խոսքերը գրել է լրագրող Էդիկ Բաղդասարյանը, որին, հուսով եմ, ոչ ոք չի կասկածում իշխանամետ լինելու մեջ: Խոսքը շատ դիպուկ է և ուղղված է ոչ միայն առհասարակ «թռնողներին», այլև նրանց քիչ թե շատ գրագետ մասին, որոնք այնտեղից մեզ սովորեցնում են, թե ինչպես մենք պետք է Հայաստանում ապրենք ու պայքարենք: Եվ դրա արդարացումն էլ են գտնում. «Ձեր էդ երկիրը գոյատևում է մեր ուղարկած փողերի` տրանսֆերների շնորհիվ: Էդ մենք ենք ձեզ պահում»»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: