Տոկոսով շորթում անչափահասից

Հրազդան քաղաքի 22-ամյա բնակիչ Կարեն Զախարյանին մեղադրանք է առաջադրվել 2012թ. մայիս-օգոստոս ամիսների ընթացքում անչափահաս Վահե Բալասանյանի նկատմամբ բռնություն գործադրելով և դրա գործադրման սպառնալիքներով, վերջինիցս շորթման եղանակով 110.000 և 104.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթա և խաչ հափշտակելու համար:

Ըստ մեղադրանքի` ամեն ինչ սկսվել է տուժողից պարտքով 5000 ՀՀ դրամ խնդրելուց և այն չստանալուց, ինչը խիստ զայրացրել է ամբաստանյալ Կ. Զախարյանին և նա պահանջել է 20.000 ՀՀ դրամ գումար` 5.000 ՀՀ դրամ գումարը չվճարելու դիմաց` սպառնալով, որ հակառակ դեպքում «նրա համար վատ կլինի»: «Հաջողված» շորթումը դարձել է սովորություն. դրան հետևել են 30.000 ՀՀ դրամ, 60.000 ՀՀ դրամի շորթումները, որոնք անչափահասը «հայթայթում» էր մոր դրամապանակից` ծնողներից թաքցնելով իր նկատմամբ սպառնալիքների ու բռնության դեպքերը, իսկ ծեծի հետևանքով մարմնի վրա առաջացած վնասվածքները Վ.Բալասանյանը պատճառաբանում էր խաղալիս վայր ընկնելով: Հաջորդ 50 000 ՀՀ դրամը, որը չափահասը «վաստակել է» անչափահասից՝ իր պարտադրած «դուռակի»-ով վերջինիս կրած պարտության միջոցով, ընդ որում, «խաղադրույքը» չափահասը ձևակերպել է որպես «ծխախոտի» գումար: Տեսնելով, որ անչափահասը չի կարողանում «հայթայթել» այդ գումարը՝ Կ. Զախարյանը առաջարկել է գումարի փոխարեն ոսկի բերել տանից, որպեսզի գրավ դնի՝ խոստանալով, որ նրանից այլևս այդ գումարը չի ուզի ու նրան չի ծեծի:

Վերցնելով 104.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ Վ.Բալասնյանի եղբոր ոսկա շղթան և խաչը՝ Կ. Զախարյանը դրանք գրավադրել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող «Գոլդ Քեշ» ՍՊԸ-ին պատկանող գրավատանը, իսկ ստացած գումարները ծախսել անձնական կարիքների համար: Մի քանի օր անց Վ. Բալասանյանի մայրը` Թեհմինե Խաչատրյանը, տանը չգտնելով ոսկյա շղթան և խաչը, հարցրել է Վ.Բալասանյանին՝ դրանց գտնվելու վայրի մասին, և նա պատմել է մորը, որ դրանք տվել է Կ.Զախարյանին, բացի դրանից, նրան է տվել նաև գումարներ, քանի որ վերջինս ծեծել ու սպառնացել է իրեն:

Բացի այդ,Կարեն Զախարյանը 2012թ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքի մոտ հանդիպել է անչափահաս Ռոլանդ Հայրիյանին, բարևել ու զանգահարելու նպատակով վերջինիցս խնդրել 55.000 ՀՀ դրամ արժողության բջջային հեռախոսը և հափշտակել: Հաջորդ օրը Կ. Զախարյանը նշված բջջային հեռախոսը 7.000 ՀՀ դրամ գումարով վաճառել է Հրազդան քաղաքի բնակիչ Ռաֆայել Կամբևոսյանին, իսկ գումարը՝ ծախսել անձնական կարիքների համար:

Մինչ դատաքննության սկսվելը ամբաստանյալ Կ.Զախարյանը իրեն մեղավոր է ճանաչել միայն մի դրվագով` կողոպուտի համար, իսկ շորթման համար` ոչ: Ամբաստանյալը, մասանավորապես, դատարանում ընդունել է հեռախոսի կողոպուտի փաստը: Միաժամանակ, նա հայտարարել է, որ երբևէ Վ. Բալասանյանին չի ծեծել, գումար նրանից չի պահանջել, չի շորթել: Ըստ ամբաստանյալի, Վ.Բալասանյանի հետ խոսելիս ասել է, որ իրեն գումար է անհրաժեշտ, քանի որ տան վարձը չի կարողանում վճարել, իսկ Վահեն իրեն օգնելու համար առաջարկել է իր ոսկե շղթան մի որոշ ժամանակով իրեն տրամադրել՝ հետ վերադարձնելու պայմանով: Իրենց պայմանավորվածության համաձայն` Վահեին խոստացել է այն գրավադնել գրավատանը, այնուհետև, երբ մորաքույրը ՌԴ-ից գումար ուղարկի, ոսկե շղթան գրավատնից կհանի և կվերադարձնի, և այդ ամենը եղել է առանց որևէ սպառնալիքի և ծեծի, քանի որ իրենց հարաբերությունները եղել են շատ նորմալ: Վահեն այն իրեն է հանձնել առանց որևէ դժգոհության և իր հարցին պատասխանել է, որ ոսկյա շղթան խաչով իրենն է, և ինքը կարող է ժամանակավորապես նրան տալ:

Ամբաստանյալը հերքել է Վահեի ցուցմունքն այն մասին, որ իրեն գումարներ է տվել պարբերաբար՝ իր սպառնալիքների և ծեծի արդյունքում, դա, ըստ նրա, չի համապատասխանում իրականությանը, քանի որ մայիս-օգոստոս ամիսներին ինքը Վահեի հետ գրեթե չի շփվել և անգամ Հրազդան քաղաք շատ քիչ է գնացել, բնակվելիս է եղել Առինջ գյուղում, և Վահեին ինքը երբեևէ չի նեղացրել և չի ծեծել:

Նախաքննության ընթացքում իր իսկ կողմից տրված ցուցմունքն այն մասին, թե ոսկե շղթան վերցրել է, որպեսզի գրավադնի և մեկնի ՀՀ-ից, ամբաստանյալը, անհարմար զգալով, ճիշտ չի ասել, քանի որ իրականում իրեն գումար է անհրաժեշտ եղել՝ ընտանիքի կարիքները հոգալու համար:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Յ. Բաղդասարյանի նախագահությամբ, 03.07.2013թ. կայացված դատավճռով գտել է, որ ամբաստանյալ Կարեն Զախարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչելը, դրա վերաբերյալ դատարանում տրված ցուցմունքներում նշված փաստարկները անհիմն են և անարժանահավատ, ինչը նպատակ է հետապնդում խուսափել նշված հոդվածով քրեական պատասխանատվությունից և պատիժը կրելուց և նրա կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով կատարված հանցանքները, բացի վերջինիս վերաբերյալ նրա տված ինքնախոստովանական ցուցմունքից, հիմնավորվել է դատաքննությամբ ձեռքբերված այլ ապացույցներով ևս, այդ թվում՝ անչափահաս տուժողների ցուցմունքներով:

Դատարանը ամբաստանյալին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 176-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակել` ազատազրկում` 3 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

Իրեղեն ապացույց ճանաչված, Ռոլանդ Հայրիյանին պատկանող բջջային հեռախոսը դատավճռով թողնվել է Ռոլանդ Հայրիյանի տնօրինությանը, իսկ Վահե Բալասանյանին պատկանող ոսկյա խաչով շղթան հանձնվել է վերջինիս:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Կարեն Զախարյանը բնութագրվում է դրականորեն, նախկինում դատված չի եղել, ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով կատարված արարքում իրեն մեղավոր է ճանաչել և դրա շուրջ տվել է խոստովանական ցուցմունք, խնամքին է գտնվում կենսաթոշակառու, երկրորդ խմբի հաշմանդամ մայրը` Ոսկեհատ Զախարյանը, տուժողները քաղհայցի պահանջ չեն ներկայացրել, երիտասարդ է:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս