Ինչ է կատարվում ՊՆ զորամասերում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ հրատարակել է «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ» միջանկյալ զեկույցը:  Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Պն զորամասերին:

Մասնավորապես, ԱԿՄ-ն այցելություններ է կատարել Երևանի և մարզային զինվորական հաստատություններ, Ռազմական ոստիկանություն և հոսպիտալներ: «Ինչպես 2012-ին, այնպես էլ 2013-ի ընթացքում կատարած այցելությունների ժամանակ արձանագրված խնդիրներից ԱԿՄ-ին խիստ մտահոգության տեղիք են տվել ՀՀ տարածքում գործող զորամասերում ժամկետային ծառայողների միջև առկա ոչ կանոնադրական ենթակայության հարաբերությունները, ինչի մասին, մասնավորապես, վկայում են նորակոչիկների նկատմամբ բարոյահոգեբանական ճնշման գործադրման դեպքերը, որոնք միջանձնային կոնֆլիկտների հիմք են հանդիսանում»,- նշված է զեկույցում:

Զեկույցի հեղինակներն այցելություն են կատարել նաև զինվորական հաստատություններ, ինչի արդյունքում արձանագրել են նշված հաստատությունների կենցաղային խիստ անբավարար պայմանները: Զեկույցում մասնավորապես ասվում է. «Այսպես, այցելած զորամասերի մեծամասնությունում չկա մշտական ջրամատակարարում, կապիտալ վերանորոգման կարիք ունեն զորամասերի սանհանգույցները, գույքը հնամաշ է և ենթակա է փոխման, սակայն զորամասերը պատշաճ ջեռուցվում են: Որոշ զորամասերում, բացի կենցաղային խնդիրներից, անձնակազմի համալրման կարիք կա, ինչը դժվարությամբ է իրականացվում՝ սահմանված աշխատավարձի ցածր լինելու պատճառով»:

Ըստ զեկույցի՝ կալանավորված զինծառայողների համար նախատեսված մեկուսարանի կենցաղային պայմաններն անբավարար են, մասնավորապես՝ այն չունի կարանտինային ու տեսակցության համար նախատեսված սենյակներ, մեկուսարանի զբոսաբակում բացակայում է ծածկը՝ անձրևից պաշտպանվելու համար:

Կարդացեք նաև

Զեկույցի հեղինակները մտահոգիչ են համարել այն, որ բուժակն աշխատում է մինչև 18:00-ն և գիշերային հերթապահություն չունի:

Անդրադառնալով բժշկական ծառայությանը՝ զեկույցի հեղինակները նշել են, որ բուժմասերը գտնվում են անբավարար և խիստ մտահոգիչ հակասանիտարական վիճակում, պատշաճ հսկողություն չի իրականացվում կամ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում այնտեղ վարակիչ հիվանդությունների պատճառով (ջրծաղիկ) գտնվող զինծառայողներին ընդհանուր հիվանդներից մեկուսացնելու նպատակով:

«Անբավարար է բուժմասերի անձնակազմերի քանակը (5 զորամասերը սպասարկում է 1 ատամնաբույժ, չկան բուժքույրեր, սանիտարական հրահանգիչներ), ինչը հանգեցնում է զորամասերի բժիշկների գերծանրաբեռնվածությանը, որի հետևանքով տուժում է վերջիններիս կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը:

Բացի այդ, բացակայում են անհրաժեշտ դեղամիջոցներն ու բժշկական պարագաները: Այս ամենի հետ մեկտեղ՝ բուժանձնակազմի անտարբեր վերաբերմունքը հիվանդների ապաքինման նկատմամբ ավելի է սրացնում նկարագրված անբարենպաստ իրավիճակը:

Ավելին, ԱԿՄ-ն հարկ է համարում շեշտել, որ նույնիսկ այն դեպքում, երբ բժշկի եզրակացությամբ հիվանդ զինվորը ենթակա է որոշակի զինվորական գործառույթներից ազատման, վերջնական որոշումն այդ կապակցությամբ, այնուամենայնիվ, կայացնում է հրամանատարը, ինչն ինքնին փաստում է, որ բժշկի մասնագիտական աշխատանքն անտեսվում է»,- ասված է զեկույցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս