6 տարվա ազատազրկում` նապաստակներ, մեդալներ, մեկ կծիկ թել գողանալու համար
Հայանիստ գյուղի բնակիչ Արտյոմ Սարգսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ նույն գյուղի բնակչուհու անասնագոմից գողություն կատարելու համար: Այս մասին հաղորդում է «Փաստինֆոն»:
Քրեական գործի նյութերի համաձայն՝ 2012թ. մարտ ամսին, երեկոյան` ժամը 23:00-ի սահմաններում, ցանկապատն անցնելով՝ Արտյոմ Սարգսյանը ապօրինի մուտք է գործել Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակչուհի Մարիետա Սերոբյանի տան բակ, այնուհետև` անասնագոմ և այնտեղից հափշտակել 37 հատ նապաստակ, որոնք նախապես իր հետ վերցրած պարկերով տեղափոխել է իր տուն, իսկ հաջորդ օրը պատահական տաքսի ավտոմեքենայով տեղափոխել Արտաշատ քաղաքում գործող կենդանիների վաճառքի շուկա եւ վաճառել:
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2012թ. հունիս ամսի՝ չպարզված օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արտյոմ Սարգսյանը համագյուղացի Ֆարիդա Ավագիմյանին վստահված Հայանիստ գյուղում գտնվող տան նկուղային հարկի դուռը բացելու միջոցով, ապօրինի մուտք է գործել Ֆարիդա Ավագիմյանի տան նկուղ, այնուհետև` տուն և հափշտակել զգալի չափերի հասնող` 157 000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ կարի մեքենա, մեկ հատ ճնշման չափման սարք, թվով 20 հատ շքանշաններ, մեկ կծիկ թել և տեղափոխել իր տուն: Հաջորդ օրը պատահական տաքսի ավտոմեքենայով կարի մեքենան տեղափոխել է Երևան քաղաքում գործող «Վերնիսաժ» տոնավաճառ և այն վաճառել անծանոթ մարդու: Մնացած գողացված ապրանքները նույնպես հետագայում վաճառել է և ստացված գումարները ծախսել իր կարիքների համար:
Ամբաստանյալ Արտյոմ Սարգսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով առաջադրված մեղադրանքում դատաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակի` միայն ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված Մարիետա Սերոբյանին պատկանող նապաստակների գողության մեջ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով իրեն մեղավոր չի ճանաչել:
Ա.Սարգսյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2012թվականի մարտ ամսին, կոնկրետ օրը չի հիշում, խմել է մի քանի բաժակ օղի և Հայանիստ գյուղի բնակիչ Մարիետա Սերոբյանի անասնագոմի դռան մոտ տեսնելով նապաստակներ` բռնել և լցրել է պարկերի մեջ: Այդ ընթացքում նապաստակներից մի քանիսը փախել են գոմից, իսկ ճանապարհին նապաստակներից մի քանիսը փախել են պարկից: Երբ հասել է իրենց տուն` նկատել է, որ նապաստակներից մի քանիսը սատկել են, մնացել է մոտ 10 հատ, որոնք ինքը հաջորդ օրը տարել է Արտաշատ քաղաքում գտնվող անասնաշուկա և 8000 ՀՀ դրամով վաճառել պատահական մարդու, գումարն օգտագործել իր կարիքների համար: Ֆարիդա Ավագիմյանի բնակարան չի մտել, այնտեղից գողություն չի կատարել: Իսկ քննիչի մոտ ընդունել է նաև Ֆարիդա Ավագիմյանի բնակարանից կատարված գողությունը, քանի որ ոստիկանությունում գտնվելով հոգեճնշված վիճակում՝ վախեցել է, միաժամանակ նշել է, որ իր նկատմամբ որևէ բռնություն չի գործադրվել:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, գտել է, որ ամբաստանյալ Արտյոմ Սարգսյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ ապացուցված է, իսկ Ֆարիդա Ավագիմյանի տանից գողության եղանակով գույքը չհափշտակելու վերաբերյալ նրա պատճառաբանությունները, Արտյոմ Սարգսյանի նախաքննական ցուցմունքներից բացի, հերքված են՝ քրեական գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով:
Այսպես, ըստ տուժող Մարիետա Սերոբյանի ցուցմունքի՝ 2012թվականի մարտ ամսին, կոնկրետ օրը չի հիշում, երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում աշխատանքից տուն վերադառնալով՝ նկատել է, որ անասնագոմի դուռը բաց է, իսկ թվով 40 հատ նապաստակները բացակայել են: Նկատելով, որ երեք նապաստակները գտնվում են բակում, մտածել է, որ հանավանաբար ամուսինը բաց է թողել անասնագոմի դուռը, որի հետևանքով նապաստակները կորել են: Սակայն, երբ իրեն հրավիրել են ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին, այնտեղ տեղեկացել է, որ իրենց անասնագոմից նապաստակները գողացել է համագյուղացի Արտյոմ Սարգսյանը, ով քննչական փորձարարության ժամանակ նույնպես մատնացույց է արել իրենց անասնագոմը և հայտնել, որ անասնագոմի ներսից է կատարել նապաստակների գողությունը:
Տուժող Ֆարիդա Վաղարշակի Ավագիմյանի ցուցմունքով, շուրջ հինգ տարի բնակվել է Արարատի մարզի Հայանիստ գյուղում գտնվող իր ընկերուհուն` Ռիտա Գազինյանին պատկանող տանը: Քանի որ ընկերուհին բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում և իրեն պատկանող տունը վստահել է իրեն, իր գույքի մի մասը տեղափոխել է այնտեղ և ամռան ամիսներին բնակվել է այնտեղ: 2012թվականի հունիս ամսին, կոնկրետ օրը չի հիշում, գնալով վերը նշված տուն` նկատել է, որ այնտեղ դրված և իրեն պատկանող կարի մեքենան, թվով 20 հատ շքանշանները, ճնշում չափելու սարքը և մեկ կապ թելը բացակայել են: Տեսնելով , որ տան նկուղային հարկի մուտքի դուռը բաց է, հասկացել է, որ գողություն է կատարվել: Երբ իրեն հրավիրել են ոստիկանության Մասիսի բաժին, այնտեղ տեղեկացել է, որ նշված գողությունը կատարել է համագյուղացի Արտյոմ Սարգսյանը, ով քննչական փորձարարության ժամանակ մատնացույց է արել տան նկուղի դուռը և հայտնել, որ այդտեղից է մտել բնակարան և գողացել ապրանքները:
25.06.2013թ. դատավճռով՝ դատարանը Արտյոմ Սարգսյանին մեղավոր է ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:
Հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով դատարանը վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում` 6 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Դատարանը որպես պատիժը եւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է դիտել Ա.Սարգսյանի խնամքի տակ մինչև տասնչորս տարեկան երկու երեխայի առկայությունը: