Ոստիկանները ուժ գործադրելով փորձում են ակտիվիստներին հեռացնել Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքից
Այս պահին մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են իրականացնում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, որտեղ, ինչպես տեղեկացրել էինք՝ տեղի է ունենում երգիչ Մարտին Մկրտչյանի և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողությունը:
Ակտիվիստները՝ «Ես եմ Վահե Ավետյանը», «Հանցաքար» վերտառությամբ պաստառներով կանգնած են ռեստորանային համալիրի դիմաց:
Այնտեղ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով ակտիվիստներին տեղեկացրեց, որ այսօր «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրինությունը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ խնդրանքով՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում պահպանել հասարակական կարգը, ուստի իրենք թույլ չեն տալու խանգարել ռեստորանում տեղի ունեցող հարսանյաց արարողությունը:
Ակտիվիստները, սակայն, չհամաձայնեցին՝ ասելով, թե իրենց «Հարսնաքար» ռեստորանային համալիրից այն կողմ հեռացնելով՝ կխախտվի իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը զանգահարեց ՄԻՊ արագ արձագանքման խումբ՝ տեղեկացնելով, որ ոստիկանությունը խախտում է իրենց իրավունքները:
Այժմ ոստիկանությունը ուժով հեռացնում է ակտիվիստներին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքից:
«Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ իրենց համար ողջունելի չէ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հարսանյաց արարողություն կազմակերպելը, քանի որ այդ վայրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի «արյունը դեռ թաց է»:
Նա նշեց, որ վերոնշյալ զույգերի հարսանիքը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հանրային հնչեղություն ունեցող առաջին միջոցառումն է, այդ իսկ պատճառով իրենք այսօր գտնվում են այնտեղ՝ արտահայտելու համար իրենց բողոքը:
Այս պահին ոստիկանները հավաքված քաղաքացիներին Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքից հեռացրել են. նրանք գտնվում են դիմացի մայթեզրին:
Ինչպես տեղեկացրել ենք՝ «Վահե Ավետյան» հասարակական շարժումը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ այսօր պատրաստվում են պիկետ անցկացնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ: «Հասարակությունը չի կարող անտարբեր լինել օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած ՀՀ զինված ուժերի սպա Վահե Ավետյանի տարելիցից երեք օր անց հանցագործության վայրում հարսանիք կազմակերպելու անբարարո մտադրության նկատմամբ: Արտահայտե’նք մեր բողոքը մերժելով բարբարոս բարքերը»,- ասված է հաղորդագրության մեջ: