Բաժիններ՝

Երիտասարդ գիտնականների առաջարկն ընդունում են, բայց խնդիրը դեռևս լուծում չունի

Մի խումբ երիտասարդ գիտնականներ վերջերս հանդես են եկել ԲՈՀ-ի աստիճանաշնորհման կանոնակարգի խստացման վերաբերյալ նախաձեռնությամբ, մասնավորապես՝ առաջարկում են ասպիրանտներին և դոկտորներին արտասահմանյան պարբերականներում գոնե մեկ տպագրված հոդված ունենալ, և այլն: Բարեփոխումներին ուղղված իրենց առաջարկների փաթեթը երիտասարդ գիտնականներն ուղարկել են ՀՀ կրթության և գիտության նախարարին:

Նրանց հատկապես մտահոգում է այն հարցը, որ այսօր շատերը, հատկապես` արական սեռի ներկայացուցիչները, չունենալով համապատասխան գիտելիքներ՝ «պաշտպանում» են ասպիրանտուրան և գիտական կոչում են ստանում: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ, Բեռլինի Ազատ համալսարանի ասպիրանտ Արսեն Գասպարյանի խոսքով`ասպիրանտը գրեթե անկախ հետազոտող է, ով պատրաստվում է զբաղվել գիտությամբ, և գիտնական է:

ArsenԵվ եթե այդ գիտնականը չի կարող ունենալ գոնե մեկ որակյալ հոդված, ապա ինչի՞ մասին է խոսքը: «Մենք բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում իրավիճակը մի փոքր այլ է, իսկ մեզ մոտ տպագրվող ամսագրերի արդյունավետությունը մի փոքր ցածր է, քանի որ դրանք համապատասխան ռեցենզիա չեն անցնում, և հիմնականում այդ ամենը ֆիկտիվ բնույթ է կրում»,- ասաց Ա. Գասպարյանը` նշելով, որ իրենց առաջարկը հնարավորություն կտա կտրուկ նվազեցնել անորակ աշխատանքների քանակը:

Երիտասարդ գիտնականներն առաջարկում են, որ գիտական կոչում ստացողների հոդվածները տպագրված լինեն արտասահմանյան այն պարբերականներում, որոնք հաշվառված են Scopus կամ Web of knowledge շտեմարաններում, հետևաբար՝ ունենան կամ ազդեցության գործակից, կամ էլ հղման նվազագույն ինդեքս, ինչը կնվազեցնի ցածրորակ աշխատանքներով գիտական աստիճաններ ու կոչումներ ստացողների քանակը:

Կարդացեք նաև

«Մենք առաջարկում ենք այդ շտեմարաններում հաշվառված պարբերականներում հոդված տպագրել, քանի որ այդտեղ չկա մի ոլորտ կամ հետազոտության ուղղություն, որը դուք չկարողանաք այդտեղ տպագրել»,- ասաց Ա. Գասպարյանը` նշելով, որ դա միջազգային ընդունված պրակտիկա է, և իրենք նոր հեծանիվ չեն առաջարկում, դա պարզապես չափորոշիչ է գիտնականի գիտական գործունեությունը գնահատելու համար:

xachik GevorgyanԱկադեմիական համագործակցության և աջակցության հայկական ասոցիացիայի հիմնադիր, ARMACAD գիտական ցանցի նախագահ Խաչիկ Գևորգյանի խոսքով` նոր չափորոշիչներ ներմուծելով` կբարձրանա նաև տեղական ամսագրերի որակը, որովհետև ամսագրերի խմբագիրները ևս արդեն շահագրգռված կլինեն, որպեսզի Հայաստանում տպագրվող իրենց հայկական ամսագրերը նույնպես ներառվեն վերոնշյալ շտեմարաններում: «Դա հնարավոր չէ՞: Հնարավոր է, անհնար չէ: Օրինակ, Թուրքիան մոտ 10 տարի առաջ չուներ որևէ պարբերական, որ ներգրավված կլիներ այդ շտեմարաններում, իսկ այժմ 60-ից ավելի թուրքական պարբերականներ` թուրքերեն լեզվով և նաև անգլերեն լեզվով, այդ շտեմարաններում են ներառված»,- ասաց Խ. Գևորգյանը` նշելով, որ հայաստանյան խմբագիրների և խմբագրակազմերի կողմից հստակ ջանքեր գործադրելու դեպքում Հայաստանում տպագրվող պարբերականները հանգիստ կարող են ներառվել այդ շտեմարաններում:

Խ. Գևորգյանը միաժամանակ նշում է, որ այդ լավագույն միջազգային պարբերականներում տպագրվելը բավական բարդ է և ավելի շատ աշխատանք է պահանջում, սակայն, արդյունքում` Հայաստանի գիտական վարկանիշն ավելի կբարելավվի: «Տարբեր միջազգային զեկույցներում Հայաստանը 50-ից բարձր հորիզոնականում է գտնվում, այս առումով գիտության ոլորտն ավելի լավ վիճակում է»,- ասաց Խ. Գևորգյանը՝ նշելով, որ գիտական հոդվածների տպագրումը միջազգային պարբերականներում և դրանց վրա կատարված հղումները կարող են իրավիճակը փոքր-ինչ բարելավել:

«Այժմ Հայաստանում բազմաթիվ շատ լավ հետազոտություններ տպագրվում են հայերենով և այդպես էլ մնում են հայերեն պարբերականների էջերում: Իսկ գոնե դրանց համառոտագրի առկայությունը հնարավորություն կտա հայ գիտնականի խոսքն ավելի տեսանելի և հնչեղ դարձնել միջազգային ասպարեզում»,- ասաց Խ. Գևորգյանը:

AnahitՏնտեսական գիտությունների թեկնածու, «Տեկտում» հ/կ-ի հիմնադիր նախագահ Անահիտ Մանասյանի խոսքով` այս հարցն ունի երկու կողմ, մի մասը կողմ է այս առաջարկներին, իսկ մյուս մասն ընդդիմանում է դրանց: «Ընդդիմանալու հիմնական պատճառաբանությունն այն է, որ ասում են, թե հոդվածը տպագրելու ամբողջ դժվարությունն ընկնում է ասպիրանտի ուսերին»,- ասաց Ա. Մանասյանը՝ նշելով, սակայն, որ դա բոլորովին էլ ասպիրանտի ուսերին չի ընկնում, պարզապես կան ոլորտներ, որոնց պետք է շատ լավ տիրապետել, որպեսզի կարողանաս այդ բարդություները հաղթահարել:

«Այժմ, օրինակ, արդեն կրեդիտային համակարգում TOEFL-ը պարտադիր քննություն է, իսկ TOEFL հանձնող ցանկացած ասպիրանտ ինքը կարող է հանգիստ անգլերեն լեզվով գրել»,- ասաց Ա. Մանասյանը` նշելով, որ, բացի այդ, կարելի է ինստիտուտներում առկա թարգմանիչներին հանձնարարել զբաղվել այդ գիտական հոդվածների թարգմանությամբ: Ըստ նրա` ցանկացած խնդիր էլ կարելի է հաղթահարել:
Ընդհանուր առմամբ՝ այս գիտնականները նշում են, որ մեր երկրում որոշ ուղղություններով, օրինակ` Տնտեսագիտական կամ իրավաբանական, շատ են աստիրանտներն ու գիտական կոչումներ ստացողները, որոնց թվում գերակշում են արական սեռի ներկայացուցիչները: Մեր հարցին, թե ՀՀ ԿԳ նախարարը, ՀՀ ԳԱԱ նախագահը և այլք կողմ են արտահայտվել իրենց առաջարկներին, այսինքն` ստացվում է, որ միայն ԲՈՀ-ի ղեկավարն է դեմ դրան, Ա. Գասպարյան պատասխանեց.

«Կարծում եմ` ոչ թե պրն Ղուկասյանն է դեմ, այլ գիտական հանրության մեջ կան օղակներ, մարդիկ, որոնց համար արդեն սովորական է դարձել պատրաստել ասպիրանտներ: Հեշտությամբ 1-2 տարում նյութեր տպագրելով տեղական ամսագրերում, և համապատասխանաբար՝ նրանց ազատելով բանակից, կամ քաղաքական գործիչների համար պատվերներ կատարելովգ.: Կարծում եմ դրա արդյունքն է, որ գիտական հանրության մեջ կան նաև շերտեր, որոնք չեն ցանկանում, որպեսզի այդ փոփոխությունները կյանքի կոչվեն»:

«Մյուս կողմն էլ այն է, որ մեր կառավարությունը դանդաղկոտ է նման հարցեր քննարկելու և իրագործելու ժամանակ: Պատրաստ չէ փոփոխություններն անմիջապես կյանքի կոչել: Մենք վստահ ենք, որ գիտական հանրությունը կողմ է այս առաջարկներին, և միահամուռ ջանքերով հստակ չափանիշներ կմուտքագրվեն գիտության ոլորտ»,- ասաց Խ. Գևորգյանը:
Նշենք, որ այս հարցի առնչությամբ երիտասարդ գիտնականները երկրորդ նամակն են ուղարկել ՀՀ ԿԳ նախարարին:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս