Զոքանչը դստերը սխալ է դաստիարակել. գտնում է կնոջն ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվող ամուսինը
Ընտանեկան բռնության գործերը գտնվում են հասարակության աչալուրջ ուշադրության կենտրոնում: Pastinfo.am կայքի հաղորդմամբ՝ Արարատ քաղաքի բնակիչ Աշոտ Աբգարյանի դեմ գործն այդ շարքից է, սակայն իր որոշակի առանձնահատկությունն ունի. այն ընտանեկան բռնության հետևանք է և իրավաբանական լեզվով որակվում է որպես «անձին ինքնասպանության հասցնել»: Իսկ «անձը» տուժող Քրիստինե Հարությունյանն է, ով ամբաստանյալի հետ ապրում էր համատեղ ամուսնական կյանքով:
Իսկ ինքնասպանության հասցնելու մեղադրանքի բովանդակությունը հետևյալն է՝ Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի բնակիչ Աշոտ Աբգարյանը տուժողի նկատմամբ դրսևորել է դաժան վերաբերմունք և պարբերաբար նվաստացրել է անձնական արժանապատվությունը, այն է` հաճախ ծեծի է ենթարկել, վիրավորել նրան, աշխատած գումարները ծախսել է` ալկոհոլային խմիչքներ գնելու համար, ընտանիքի սոցիալական նվազագույն պայմանները չի հոգացել, որպիսի արարքներով ընտանիքում առաջացել են տևական անբարենպաստ սոցիալ-հոգեբանական սթրեսածին պայմաններ:
Բացասական ապրումների վրա սևեռվելու պատճառով առաջացած լարվածության կուտակումը Քրիստինե Հարությունյանը սուբյեկտիվորեն ըմբռնել է որպես անելանելի: Ամուսինների միջև 2012 թվականի փետրվարի 13-ի քաշքշուկից հետո «Քրիստինե Հարությունյանի մոտ զարգացել է հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարում «Սուր դեպրեսիվ հակազդման ձևով», ինչի հետևանքով Քրիստինե Հարությունյանը դիմել է ինքնասպանության. ցած է նետվել պատշգամբից և մահացել»:
Ամբաստանյալ Աշոտ Աբգարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով՝ Ինքնասպանության հասցնելը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ ինքն ընտաիքի հետ շատ հաշտ է ապրել, ամռանը ընտանիքով երբեմն գնացել են հանգստանալու, վեճեր եղել են ընտանիքում, սակայն դրանք սովորական երևույթներ են, բոլորի ընտանիքներում էլ պատահում են:
Ինքն իր կնոջը հարվածել է, ինքը չի ժխտում, նրա ամուսինն է եղել և դրա իրավունքն ունեցել է: Իր կինը շատ անհնազանդ է եղել, «լեզվանի», երբեմն իր հետ օղի է խմել, ինքն իրեն մեղավոր է համարում, որ կնոջը թույլ է տվել մեկ-մեկ իր հետ օղի խմել, հատկապես այդ օրը, որ թույլ է տվել մի քանի բաժակ օղի խմել: Իր կնոջ մահվան պատճառը իր զոքանչի սխալ դաստիարակությունն է եղել: Կատարվածի համար զղջում է և տառապում:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, գտել է, որ ամբաստանյալ Աշոտ Աբգարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով կատարած հանցանքը հիմնավորվել է, մասնավորապես` վկաների ցուցմուքներով:
Այսպես. ամուսինների անչափահաս դուստր Մարինա Հարությունյանի ցուցմունքով` 2012 թվականի փետրվարի 13-ին իր հորեղբոր գնալուց հետո իր հայրիկը շարունակել է օղի խմել, մայրիկն էլ զայրանալով` նրան ասել է. «Հերիքա, բոլա, կփռթեմ», և նրանք սկսել են վիճել, որի ընթացքում երկուսն էլ ընկել են գետնին: Հետո հայրիկը ցանկացել է մայրիկի ձեռքից վերցնել դանակը, այդ ժամանակ դանակի սուր մասը կպել է իր հայրիկի ձեռքին ու վնասել այն:
Ինքն էլ է ցանկացել դանակը վերցնել մայրիկի ձեռքից, սակայն նա իրեն չի տվել դանակը, և այդ ժամանակ իր ձեռքն էլ է վնասվել: Դրանից հետո հայրիկը վերցրել է մայրիկի ձեռքից դանակը, որից հետո մայրիկը գնացել է սենյակ, հայրիկը նրա հետևից սենյակ է գնացել: Այդ ժամանակ իր ձեռքից արյուն է եկել, ինքն այդ մասին ասել է իր հայրիկին, որն էլ վիրակապել է իր ձեռքը: Հետո ինքն իր հայրիկից թաքուն գնացել է սենյակ, սակայն մայրիկն արդեն պատշգամբում չի եղել: Իսկ այդ ժամանակ իր հայրիկը միջանցքում է եղել: Հետո ինքը գնացել է լոգարան, իսկ հայրիկը դուրս է եկել տանից, իջել բակ, որպեսզի ավտոմեքենայով ինչ-որ տեղ գնա: Ինքը լսել է, որ նա պետք է հիվանդանոց գնա: Երբ հայրիկն ու մայրիկը վիճել են, այդ ժամանակ երկուսն էլ մեղավոր են եղել:
Ամբաստանյալի զոքանչ Լարիսա Ոսկանյանի ցուցմունքով` իր դուստրը 2001 թվականի հունվարի 31-ին ամուսնացել է Աշոտ Աբգարյանի հետ, սակայն ոչ իր կամքով. վերջինս նրան փախցրել է: Համատեղ ամուսնությունից ունեցել են երեք երեխա: Ամուսնության ողջ ընթացքում իր դուստրը լավ կյանքով չի ապրել: Աշոտ Աբգարյանը գրեթե ամեն օր հարբած վիճակում է տուն եկել:
Հաճախ դստեր տուն գնալով` տեսել է, թե ինչպես է Աշոտ Աբգարյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անհիմն վիճաբանել դստեր հետ: Վերջինս շատ է նեղվել, որ ամուսինը իր մոտ վիրավորել է նրան: Երբ մի քանի օր իր դուստրը չի գնացել իրենց տուն, իրենք արդեն հասկացել են, որ Աշոտը նրան ծեծել է, ինքն էլ, անհանգստանալով, իր թոռնիկին ուղարկել է նրանց տան մոտ, որպեսզի տեսնի իր աղջիկը պատշգամբում երևում է, ողջ է, թե` ոչ:
Երբ իրենք հարցրել են, թե ինչու է ծեծում Քրիստինեին, Աշոտ Աբգարյանը պատասխանել է, որ խանդից դրդված է ծեծում: Մոտ մեկ տարի առաջ, երբ ինքը գտնվել է տանը, իրենց տուն է եկել դուստրը` ամբողջությամբ կապտուկների մեջ: Դստերը տեսնելով նման վիճակում` նյարդայնացել է, հարցրել, թե ինչ է պատահել: Դուստրը պատասխանել է, որ ամուսինն ալկոհոլի ազդեցության տակ ծեծի է ենթարկել իրեն այն բանի համար, որ զայրացել է երեխաների վրա, ինքն էլ վախենալով փախել է տանից:
Իր դստեր մահվան մեջ տուժողի մայրը մեղադրում է նրա ամուսնուն, քանի որ նա միշտ վատ է վերաբերվել իր դստերը: Դեպքի օրը Աշոտը հարբած է եղել, ծեծել է իր աղջկան: Ինքը համոզված է, որ իր աղջիկն ինքնասպան չի եղել, այլ Աշոտ Աբգարյանն է նրան գցել պատշգամբից: Աղջիկը շատ դաժան կյանքով է ապրել, սակայն իրեն ոչինչ չի ասել, քանի որ նա շատ «փակ է» եղել:
Տուժողի եղբայրը՝ Լևոն Հարությունյանը, ցուցմունք է տվել առ այն, որ դեպքից երեք օր առաջ քրոջ երեխան եկել է իրենց տուն և ասել, որ Աշոտը կանչում է նրան: Ինքը գնացել է նրանց տուն ու տեսել, որ քրոջ ճակատը պատռված է, իսկ աչքի տակ` կապտած: Հարցրել է, թե ինչ է պատահել, քույրն ասել, է, որ երեխայի վրա զայրացել է, իսկ Աշոտն այդ պահին պատշգամբի տակ աշխատելուց է եղել և կարծելով, թե իրեն է ասում, բարձրացել է տուն և հարվածել իրեն: Այդ ժամանակ ինքն Աշոտին ասել է, որ անհնար է, որ իր քույրը նրան վատ բաներ ասած լինի: Շատ անգամներ էլ քույրը տանից փախել է, հետո էլի հետ է վերադարձել, որ Աշոտ Աբգարյանը նրա վրա ավելի շատ չզայրանա: Քույրը հաճախակի է ասել. «մեռնեմ պրծնեմ, հոգնել եմ կյանքից», սակայն իրենք դրան լուրջ չեն վերաբերվել:
Այս վկան նույնպես իր քրոջ մահվան մեջ մեղադրում է նրա ամուսնուն, քանի որ նա միշտ վատ է վերաբերվել իր քրոջ հետ:
Տուժողի քույր ու իրավահաջորդ Նաիրա Հարությունյանի բացատրությամբ` Քրիատինեն ամուսնության սկզբից մինչև ինքնասպան լինելը լավ կյանքով չի ապրել: Ինքը ստույգ օրերը չի հիշում, սակայն հաճախակի է եղել, երբ գնացել է քրոջ տուն և տեսել, որ Աշոտ Աբգարյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անհիմն վիճաբանել է քրոջ հետ, ծեծի է ենթարկել ու վիրավորել է քրոջը: Ինքը դա տեսնելով, բազմիցս նախատել է Աշոտ Աբգարյանին, սակայն վերջինս միշտ ասել է, որ չխառնվի իր ընտանիքի գործերին: Առիթների ժամանակ քույրն իրենց տուն չի եկել, պատճառաբանել է, որ Աշոտ Աբգարյանը օղի կխմի և կվիճի: Իրենք են այս ամենում մեղավոր, որ ժամանակին չեն լուծել այդ հարցը:
Ամբաստանյալի քրոջ ՝ Գայանե Աբգարանի ցուցմունքներ ճիշտ հակառակի մասին են: Ըստ նրա` ամուսինների միջև եղել են խոսակցություններ, անցել-գնացել են: Առիթների ժամանակ է միայն եղբայրն օղի խմել:
Դատարանը, հիմնվելով գործի ապացույցների վրա, գտել է, որ առաջադրված մեղադրանքում Աշոտ Աբգարյանի կողմից իրեն մեղավոր չճանաչելը նպատակ է հետապնդում խույս տալ քրեական պատասխանատվությունից ու պատժից և նրա մեղավորությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու մեջ ապացուցված է:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Աշոտ Աբգարյանի դատաքննական ցուցմունքն այն մասին, որ ինքն իրեն մեղավոր է համարում, որ կնոջը թույլ է տվել մեկ-մեկ իր հետ օղի խմել, հատկապես` այդ օրը, որ թույլ է տվել մի քանի բաժակ օղի խմել, արժանահավատ չէ և չի համապատասխանում իրականությանը, քանի որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Քրիստինե Հարությունյանի դիակի արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել:
Դատարանը գտել է նաև, որ ամբաստանյալ Աշոտ Աբգարյանի դատաքննական ցուցմունքն այն մասին, որ ինքը կնոջն ինքնասպանության չի դրդել, ինքը թույլ չի տվել, որ այդ ուշ ժամին կինը տանից դուրս գա, նա էլ ցանկացել է պատշգամբից իջնել ներքև և ուղիղ պատշգամբի տակ է ընկել, պատշգամբի տակ սառույց է եղել, ոտքը սայթաքել ու ընկել է, արժանահավատ չէ և չի համապատասխանում իրականությանը, և նրա ցուցմունքը ժխտվում է հետմահու դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ այն մասին, որ դեպքին նախորդող պահին ալկոհոլային հարբածության ֆոնի վրա, առկա էին ընտանեկան կռվտուք, դանակի հետ կապված քաշքշուկ, որոնք հավանաբար ազդել են Քրիստինե Հարությունյանի վրա, ստեղծել սուբյեկտիվորեն անելանելի վիճակ և նրան դրդել նման արարք կատարելուն: Հավանաբար հաճախակի կռվտուքները և սպառնալիքները նպաստել են բացասական ապրումների վրա սևեռվելու հետևանքով առաջացած լարվածության կուտակումը և քննարկվող իրավիճակում Ք.Հարությունյանը սուբյեկտիվորեն այդ իրավիճակն ըմբռնել է որպես անելանելի և դիմել է ինքնասպանության:
Դատաքննությամբ հիմնավորվել է, որ Աշոտ Աբգարյանը դաժան վերաբերմունքի, անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անզգուշությամբ ինքնասպանության է հասցրել:
Դատարանը 27.12.2012թ. դատավճռով Աշոտ Աբգարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-րդ մասով և նրան դատապարտել ազատազրկման` 1 տարի ժամկետով:
Ամբաստանյալ Աշոտ Աբգարյանի խնամքի տակ գտնվող վերջինիս անչափահաս երեխաներ` Մարինա Հարությունյանի` ծնված 22.10.2001 թվականին, Արշակ Հարությունյանի` ծնված 25.05.2004 թվականին, և Հասմիկ Հարությունյանի` ծնված 29.03.2007 թվականին, խնամքը հանձնել իրավասու մարմնի` Արարատի քաղաքապետարանի խնամակալության ու հոգաբարձության մարմնին` պարտավորեցնելով կազմակերպելու նշված անձանց հսկողությունը, խնամքը և անհրաժեշտ սոցիալական ու բժշկական օգնությունը:
Ամբաստանյալը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ միջնորդելով բեկանել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: