Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյան vs Ստեֆան Լաքսհուբեր. Դատական գործընթացը շարունակվում է վերաքննիչ ատյանում

Այսօր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում`դատավոր Արսեն Մկրտչյանի նախագահությամբ, շարունակվեց «ԻստԻնվեստոր» ընկերության ներկայացրած հայցի լսումը, որով պահանջվում է բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Դրանով գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերի «ԻստԻնվեստոր» (Ostinvestor – գերմ.) ընկերության բողոքն` ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի, բավարարվել էր մասնակի: «ԻստԻնվեստորը» պահանջել է վերականգնել «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲ ընկերության 1520 հատ բաժնետոմսերի նկատմամբ ընկերության ունեցած սեփականության իրավունքը՝ անվավեր ճանաչելով բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը և բաժնետերերի ռեեստրում կատարված գրանցումը: Դատարանը վճռել էր բաժնետոմսերի դիմաց շուկայական արժեքին համարժեք 14 մլն 791 հազ. դրամ փոխհատուցում տրամադրել: Սակայն «ԻստԻնվեստորը» գումարի բռնագանձման հայցապահանջ դատարանին չի ներկայացրել, առավել ևս, չի պահանջել իր օգտին գումար բռնագանձել:

Այսօր դատական նիստում «ԻստԻնվեստորի» ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանը պնդեց, որ հնարավոր չէ կատարել բաժնետոմսերի այնպիսի համախմբում, որի արդյունքում՝ 1520 հատից (3.21%) գոնե 1 բաժնետոմս չառաջանա և ընդամենն առաջանա կոտորակային բաժնետոմս: Միաժամանակ, չի կարող համախմբման արդյունքում մի սեփականատիրոջ մոտ բաժնետոմսերը պակասեն, մյուսի մոտ ավելի շատ բաժնետոմսեր առաջանան:

«Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանի խոսքով, ըստ օրենքի, բաժնետոմսերի համախմբման ժամանակ կարելի է կիրառել գործակից, որի արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերը սեփականատերն իրավասու է կամ համալրել և դարձնել 1, կամ վաճառել շուկայական գնով:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 12-ին:

Հիշեցնենք, որ օտարերկրյա իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «ԻստԻնվեստորի» բաժնետոմսերը «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի ընդհանուր կանոնադրական կապիտալում կազմել է 3.2155 %: Յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը եղել է 8 հազ. ՀՀ դրամ:

2008 թ. «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի արտահերթ ընդհանուր ժողովում որոշվել է համախմբել (կոնսոլիդացնել) ընկերության 8 հազ. դրամանոց հասարակ անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմսերը` դրանցից յուրաքանչյուր 2363,5 հատը փոխարկելով ընկերության 18 մլն 908 հազ. դրամ անվանական արժեքով հասարակ անվանական ոչ փաստաթղթային մեկ նոր բաժնետոմսի: Սակայն բաժնետոմսերի համախմբման արդյունքում «ԻստԻնվեստորի» մոտ որևէ նոր բաժնետոմս չի առաջացել, և կոմբինատի նկատմամբ վերջինիս բաժնետիրական իրավունքները 2009 թ. փետրվարին դադարեցվել են՝ առանց որևէ համարժեք փոխհատուցման: Մինչդեռ «ԷՆ-ԱՈՒԴԻՏ» ընկերության կողմից կազմված եզրակացության համաձայն՝ 12.10.2008 թ. դրությամբ «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի արժեթղթերի շուկայական արժեքը գնահատվել է 28 հազ. դրամ: Իսկ «ԻստԻնվեստորը» 1 բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազ. դրամով: Ըստ ներդրողի՝ ընկերության հիմնական միջոցների վերագնահատումը եղել է կամայական, նպատակ է ունեցել անհարկի նվազեցնել սեփական կապիտալը, դրանով իսկ` բաժնետոմսի հետգնման գինը: Այսինքն, Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունը դիտավորյալ զրկել էր փոքր բաժնետերերին սեփականության իրավունքից՝ դրանով խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները:

Ի դեպ, բաժնետոմսերի համախմբումից հետո Գագիկ Ծառուկյանին են պատկանում կոմբինատի բաժնետոմսերի 80 %-ը, «Մուլտի Գրուպին»՝ 10 %-ը: Մնացած բաժնետոմսերը դեռևս ենթակա են մարման, քանի որ 124 բաժնետերերից մոտ 30-ն անհայտ են, կան ընդամենը մարդկանց անուն-ազգանունները, իսկ որոշ մարդիկ արդեն մահացել են:

«ԻստԻնվեստորի» ներկայացուցիչը 168.am-ին ասաց, որ Ստեֆան Լաքսհուբերը որևէ ակնկալիք չունի հայկական դատական համակարգից, սակայն բոլոր ատյաններով պետք է անցնել՝ ՄԻԵԴ դիմելու համար: Նա նշեց, որ դեռևս լավ չի ուսումնասիրել, թե նախադեպային ինչ գործեր կան (դրա անհրաժեշտությունն առայժմ չկա), սակայն միջազգայնորեն գործող նորմ է՝ մի սեփականատիրոջ շահերի պատճառով մյուս սեփականատերը չպետք է տուժի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս