Ինչ էր իրականում բացահայտել Բլումբերգը, կամ Հայաստանը «անբարոյականների» շարքում դասողների բարոյականության աստիճանը (աղյուսակ)
«Անբարոյական երկրներ», «Հայաստան», «լինել կույս, թե չլինել», «ժողովուրդ, ահավոր ա…»: Ֆեյսբուք սոցիալան ցանցում այսօր հանդիպած նմանատիպ շոկային բառերը և արտահայտությունները կապված էին ամերիկյան մի հայտնի մեդիա ընկերության` Բլումբերգի անվան հետ: Պարզվեց, որ վերջինիս վերլուծական կենտրոնն անցկացրել է ինչ-որ հարցում, որում կա անդրադարձ նաև Հայաստանին:
Բնականաբար, փորձեցինք պարզել, թե ինչի մասին է խոսքը: Առաջին հայացքից` դատելով հայալեզու և ռուսալեզու որոշ լրատվական կայքերի թարգմանություններից`Բլումբերգը բացահայտել է, թե որոնք են աշխարհի «ամենաանբարոյական» երկրները, և Հայաստանն էլ, ոչ ավել, ոչ պակաս, զբաղեցրել է չորրորդ տեղը:
«Հայաստանը Բլումբերգի դասակարգման մեջ զբաղեցրել է չորրորդ տեղը` այլասերվածության աստիճանով»,- գրել է կայքերից մեկը:
Մի կողմ թողնենք այն հարցը, թե որքանով են ամերիկյան վերլուծական կենտրոնի ուսումնասիրությունները հավաստի կամ ինչ նպատակ է հետապնդել Բլումբերգը` այն հրապարակելիս, եթե իհարկե որևէ նպատակ եղել է: Այստեղ կարծես թե ավելի կարևոր խնդիր կա. անհրաժեշտ է առաջին հերթին պարզել, թե կոնկրետ ինչն է ուսումնասիրել վերլուծական գործակալությունը և որ չափանիշներով:
Ռեյտինգի համար ընտրվել է 4 չափանիշ` 1. միջին հաշվով որքան ալկոհոլ է օգտագործում երկրի չափահաս քաղաքացին, 2. միջին հաշվով որքան ծխախոտ է օգտագործում երկրի չափահաս քաղաքացին, 3. ազարտային խաղերից գոյացած գումարը երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) քանի տոկոսն է կազմում, 4. տվյալ երկրում թմրանյութերի տարածվածության չափը: Ոսումնասիրության համար ընտրվել են 57 երկրների 15-ից 64 տարեկան քաղաքացիներ:
Այս դեպքը հերթական անգամ ցցուն կերպով ցույց տվեց, թե հայ հասարակությունը որքան մեծ, իսկ հաճախ էլ` անհարկի ուշադրություն է հատկացնում արտասահմանյան այս կամ այն «հեղինակավոր» կազմակերպության ուսումնասիրությանը կամ սուբյեկտիվ, իսկ երբեմն էլ ակնհայտորեն քաղաքականացված հրապարակմանը և գնահատականին:
Ոչ պակաս ուշագրավ է, որ այս դեպքը ի հայտ բերեց որոշ լրատվամիջոցների, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ լինելը և դրանց բացասական ազդեցությունը հասարակական տրամադրությունների վրա: Սա սովորական դարձած երևույթ է հայկական մամուլում. կայքերից մեկը ինչ-որ տեղից գտնում է կամ թարգմանում է մի ինֆորմացիա, և մյուսները, առանց ինֆորմացիայի սկզբնաղբյուրի մեջ խորասույզ լինելու, copy-paste սկզբունքով արագորեն այն հրապարակում են:
Պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները` չենք ուզում որևէ անուն նշել, այնուամենայնիվ չափազանց հետաքրքիր է, թե ինչ բարոյական չափանիշներով են շարժվել որոշ լրատվամիջոցներ, որոնք Հայաստանի անվան կողքին առանց տարակուսանքի դրել են «անբարոյական» բնորոշումը` առանց պարզելու դրա իսկությունը կամ պատճառները: Կխուսափենք «հայրենասիրություն» տերմինից, սակայն, կարծես թե, իսկապես քաղաքացիական գիտակցության ակնհայտ պակաս կա:
Բլումբերգի ուսումնասիրության դասակարգումը վերնագրված է ոչ թե «ամենից այլասերված» կամ «ամենից անբարոյական երկրները», այլ, ուշադրությո´ւն, «ամենաշատը դեպի արատավոր երևույթները հակված երկրները» (անգլերեն` Most prone to vice: Countries):
Սա ամենևին էլ դժվար չէ տարբերակել (եթե, իհարկե, տիրապետում ես անգլերենին), քանի որ «անբարոյական» բառը անգլերեն թարգմանվում է «immoral»: Իսկ «vice» բառն ավելի շատ ունի «վատ», «արատավոր» կամ «վնասակար» իմաստները: Իսկ եթե դիտարկենք Բլումբերգի գործադրած չափանիշները, ապա պարզ է դառնում, որ խոսքը տվյալ երկրներում վնասական երևույթների նկատմամբ հակումների մասին է:
Մյուս կողմից`պետք է նկատենք` եթե Բլումբերգի տվյալները համապատասխանում են իրականությանը, ապա սա ինքնին մտահոգիչ փաստ է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու և առաջին հերթին իշխանությունների համար, երբ օրինակ` Հայաստանում միջին հաշվով մեկ շնչին բաժին ընկնող ալկոհոլի չափը տարեկան կազմում է 13.6 լիտր։ Մեկ այլ ուշագրավ հարց է մոլեխաղերին վերաբերող ցուցանիշը։ Բլումբերգը հաշվարկում է, թե տարեկան կտրվածքով մոլախաղերում պարտված ընդհանուր գումարը ՀՆԱ-ի քանի տոկոսն է կազմում։ Հայաստանում այդ ցուցանիշը գնահատվել է 1.65%։ Այս ցուցանիշով մեզնից ավելի վատ վիճակում գտնվում է միայն Ֆիլիպինները՝ 1.79% ցուցանիշով։ Ի դեպ, սա առանձին` տնտեսագիտական ուսումնասիրության թեմա է:
Սակայն համաձայնեք, որ սրանք մի փոքր սուբյեկտիվ և հարաբերական չափանիշներ են` երկրի բնակչության անբարոյականությունը աստիճանը որոշելու համար, քանի որ, օրինակ, նույն մոլախաղերի վերաբերյալ դասակարգումը, որտեղ Հայաստանը երկրոդ ցուցանիշն ունի, այս դեպքում խոսում է ավելի շատ ոչ թե երկրի բնակչության բարոյական, այլ տնտեսության ոչ բարվոք (կամ միգուցե անբարոյակա՞ն) վիճակը:
«Աշխարհը փոխվել է», «մարդիկ փոխվել են», «էլ առաջվանը չի», «էս ինչ սերունդ ա մեծանում». այս և նմանատիպ տեսակետները ժամանակակից աշխարհում ինչ-որ առումով կարող են վերագրվել ինչպես Հայաստանին, այնպես էլ աշխարհի ցանկացած այլ պետությանը: Սակայն համոզված ենք, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության համոզմամբ` իրական բարոյականության չափող չափանիշներ ընտրելու դեպքում նման դասակարգման պատվավոր տեղերում կհայտնվեր ոչ թե Հայաստանը, այլ օրինակ` Բլումբերգի հիմնադիրների և մասնագետների հայրենիքը` Միացյալ Նահանգները: Սա, ի դեպ, նույնքան սուբյեկտիվ կարծիք է, որքան ցանկացած «հեղինակավոր» կազմակերպության հրապարակած «հեղինակավոր» ուսումնասիրությունը` սկսած Հայաստանում «լավ կազմակերպված» ընտրությունների վերաբերյալ զեկույցներ կազմող եվրոպացի դիտորդներից` մինչև տարբեր երկներում մարդկանց արատավոր հակումները չափող բլումբերգյան մասնագետները:
Լուսանկարում` Բլումբերգի աղյուսակի առաջին 10 երկրները:
Հ.Գ. Բլումբերգի աղյուսակում 1-ին տեղն է զբաղեցրել Չեխիան, Ռուսաստանը 8-րդ տեղում է, ԱՄՆ-ը` 16-րդ, Թուրքիան` 49-րդ, իսկ «վնասակար կամ արատավոր հակում ունեցող» երկրների դասակարգման մեջ վերջին` 57-րդ տեղն է գրավել Զամբիան: