«Սերժ Սարգսյանին առաջարկում եմ անցնել ռուբիկոնը»

Ասում է ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական նախկին ներկայացուցիչ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը

– Պարոն Իսագուլյան հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Հայաստանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական և տնտեսական լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած: Որքանո՞վ են այս գործընթացները միմյանց հետ փոխկապակցված, և ո՞րն է ավելի առաջնային:

– Աշխարհում ընդհանրապես ամեն ինչ փոխկապակցված է: Առավել ևս՝ պետություններում ընթացող գործընթացները: Բացառություն չենք և մենք: Բայց ո՞րն է այսօր Հայաստանի Հանրապետության համար առավել առաջնային` կարիք ունի լուրջ վերլուծության, որից հետո միայն կարելի է ասել` ինչից սկսել: Ես կարող եմ ասել իմ մասնավոր կարծիքը, բայց պատրաստ եմ նաև ցանկացած բանավեճի, և, ինչո՞ւ չէ, նաև մոտ ապագայում հենց այս հարցով նախաձեռնելու ենք կլոր սեղաններ և քննարկումներ: Ի մասնավորի ասեմ, որ ամենակարևորը, նախ և առաջ՝ պետության ներքին քաղաքական կայունության, ռազմական հզորության, տնտեսական, հատկապես՝ պարենային ինքնաբավության, իրավական ու սոցիալական արդարության առաջնահերթությունն է, որի պարագայում արտաքին նույնաբովանդակ հարաբերություններում պետությունը հնարավորություն է ստանում հանդես գալ սեփական պետության ու ժողովրդի շահի տեսանկյունից և այլընտրանքային ուղղություններում ազատորեն մանևրել:

– Ակնհայտ է, որ վերը թվարկված առաջնահերթությունների առումով Հայաստանն առանձնապես աչքի չի ընկնում, եթե չասենք ավելի խիստ, որ մի շարք առումներով` սոցիալ-տնտեսական վիճակ, պետության արտաքին օրեցօր աճող պարտք, կոռուպցիոն երևույթներ, վտանգավորության շեմին հասնող արտագաղթ և մի շարք այլ թերացումներ կարող են հանգեցնել ներքին լուրջ խռովության` դրան հետևող անկանխատեսելի հետևանքներով: Գործող իշխանությունների պարագայում Դուք այս հարցերի լուծումը տեսնո՞ւմ եք:

– Որքան էլ անհավանական թվա պատասխանս, չկա մի վիճակ, որից չլինի դուրս գալու հնարավորություն: Ես բազմիցս նշել եմ, որ այդ առումով կա երկու ճանապարհ` հեղափոխություն վերևից, ինչը ենթադրում է, որ ՀՀ նախագահը կարող է իսկապես գործողություններ կատարել, որոնք հասարակության համար տեսանելի կլինեն: Պետության ղեկավարը պետք է բավական լուրջ և շահագրգիռ քննարկման առարկա դարձնի այս խնդիրները` ոչ թե որևէ հավաքի ժամանակ մենախոսության տեսքով, այլ մարդկանց հետ, ովքեր, բացի հռետորաբանությունից ու ղեկավարին ապատեղեկացնելու հատկանիշներից, օժտված են ազգային-պետական մտածելակերպով, ունակ են իրենց կենսագրությամբ հաստատված հստակ ազգանպաստ գործողությունների:

Չկա որևէ խնդիր, որը ՀՀ նախագահի հստակ դիրքորոշման պարագայում շատ արագ չստանա համարժեք լուծում: Հակառակ պարագայում՝ ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակում հնարավոր է նաև երկրորդ ճանապարհը, այն է` հեղափոխություն ներքևից: Սա անցանկալի ճանապարհ է, բայց հույս տածել, որ կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի հասարակությունը չի գնա դրան, նաիվ մտածողություն է ու իրավիճակի թյուրըմբռնում: Գործերի նման ընթացքի պարագայում, վաղ թե ուշ, ունենալու ենք հեղափոխություն ներքևից: Ընդ որում` այն կարող է կրել սոցիալական բունտի տեսք, որն իր ճանապարհին կսրբի թերևս ամեն ինչ:

– Իսկ չե՞ք կարծում, որ դա նշանակում է ոչ միայն անձերի փոխարինում, այլ նաև քաղաքական հենարանի փոփոխություն, որին այսօր նախագահ Սերժ Սարգսյանը դժվար թե համարձակվի գնալ:

– Հաճախ է ասվում, որ քաղաքականության մեջ չկան ո՛չ անփոխարինելի մարդիկ, ո՛չ անփոխարինելի քաղաքական ուժեր, առավել ևս` հավերժական բարեկամներ կամ թշնամիներ: Ես կարող եմ այս շարքին ավելացնել նաև նոր արտահայտություններ, բայց սա չէ էականը: Երկրի նախագահի համար, այն էլ՝ նախագահության երկրորդ շրջանում, ոչ մի ուրիշ առաքելություն չկա, քան իմաստավորել իր մինչ այդ կատարածը և ջանալ իրականացնել այն, ինչը կդառնա երաշխիքը պատմության մեջ մնալու համար` որպես ազգային ու պետական գործիչ:

Սխալ է մտածել, որ եթե դու կրում ես նախագահի Խաչը, ապա դա արդեն իսկ երաշխիք է, որ կմնաս պատմության մեջ, և սերունդները քեզ կհիշեն, եթե չես լուծել ազգային ու պետական նշանակության որևէ էական խնդիր: Գուցե սերնդակիցներդ հիշեն, բայց սերունդների համար պատմության այդ էտապը մոռացության կմատնվի դեռ չավարտված, կամ կհիշվի կարճ ու նզովքով: Երկրի նախագահն իր առաջնային մանդատը ստացել է ոչ թե ինչ-որ անհատներից, ինչ-որ քաղաքական ուժերից, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, և երդմնակալության պահից սկսած՝ անկախ որևէ մեկի կամ քաղաքական կազմակերպության կամքից, նա բոլորի նախագահն է, և նրա հենարանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են: Մեր ժողովուրդը հիշաչար չէ, և, եթե մինչ այժմ եղել են բացթողումներ, ապա ցանկացած լավ գործի պարագայում մեր հասարակությունը դա նկատում է և պատրաստ է ամենալայն աջակցության:

Դեռ չեմ ասում, որ եթե նման կարգի գործերը շատ լինեն ու ամենօրյա, ապա Հանրապետության նախագահը հասարակական աջակցության պակաս չի ունենա: Եվ այս պարագայում անհատների ու քաղաքական կազմակերպությունների դերակատարությունը նախագահի գործունեության վրա էական ազդեցություն չի կարող ունենալ: Ամենապարզ օրինակը` ես ասել ու կրկնում եմ. Հայաստանում կոռուպցիան կարելի է վերացնել քսանչորս ժամվա ընթացքում: Բավական է ՀՀ նախագահի հստակ ազդակը, և այն կիջնի ամբողջ բուրգի առանցքով` գագաթից մինչև հիմք: Իսկ ցուցադրական պայքարը կոռուպցիայի դեմ արդյունք չի՛ ունենում, չի՛ ունենա, այլ ավելի կխորացնի այն: Այնպես որ, այս պարագայում ոչ թե համարձակություն, այլ կամք է անհրաժեշտ: Կամք դրսևորելու պարագայում իրական աջակիցների բանակի պակաս նախագահը չի ունենա:

– Այսինքն` հատկապես վերջին շրջանի արտաքին քաղաքական ճնշումների` Արևմուտք թե Հյուսիս, ինչպես նաև՝ ներքին սկանդալային բացահայտումների խառնաշփոթի առկայության պարագայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ի՞նչ երաշխիքով պետք է գնա կտրուկ գործողությունների, որոնց հնարավոր հետևանքներն ամենևին ուսումնասիրված չեն:

– Պատմության մեջ մենք ունենք բազմաթիվ օրինակներ, երբ քաղաքական գործիչը կանգնած է լինում երկընտրանքի առաջ` անցնե՞լ ռուբիկոնը, թե՞ չանցնել: Մեր պարագայում ռուբիկոնը չանցնելու հետևանքներն ակնհայտ են: Անցնելու հեռանկար` իմ խորին համոզմամբ, տեսանելի է: Շատ բնութագրեր են տալիս մեր ժողովրդին, բայց, կարծում եմ, ամենաճշգրիտ բնութագիրն այն է, որ հայ ժողովուրդը դրականն ընկալում է, տեսնում է և պատրաստ է ամեն գնով դրան աջակցել: Այնպես որ, առաջարկում եմ անցնել ռուբիկոնը: Մենք ռեսուրսներն ունենք, և այն դեռ բավականին ուժեղ է:

Տեսանյութեր

Լրահոս