ԼՂՀ արտգործնախարարը պարզաբանումներ է տվել ԱԺ-ում
karabakh-open.info-ի փոխանցմամբ՝ ԼՂՀ ազգային ժողովի այսօրվա նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հարց ուղղեց արտգործնախարար Կարեն Միրզոյանին, ով պատգամավորի փաստմամբ, «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԼՂՀ արտաքին քաղաքականության ռազմավարական հարցերի շուրջ հայտնեց այլ տեսակետներ, մասնավորապես՝ սահմանադրությամբ ամրագրված ազատագրված տարածքներն անվանելով բուֆերային գոտի, իսկ ԼՂՀ անկախության հարցի շուրջ ինչ-որ անորոշ հույսեր կապելով։
«Չենք թաքցնում, այդ հարցազրույցից հետո «Դաշնակցություն» խմբակցությունը որոշել էր հանդես գալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ, սակայն «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում վերոնշյալ հարցերի շուրջ նախարարն արտահայտեց այլ կարծիքներ։ Հարցս հետեւյալն է՝ ինչպե՞ս կարող է պրոֆեսիոնալ դիվանագետ հանդիսացող արտգործնախարարը մի քանի օրվա ընթացքում արտաքին քաղաքականության ռազմավարական հարցերի շուրջ տարբեր կարծիքներ արտահայտել, որը, մեր կարծիքով, կապված չէ ոչ անգլերեն լեզվի իմացության, ոչ էլ եթերային ժամանակի սղության հետ, եւ ո՞րն է այդ հարցազրույցում արտահայտված տեսակետների տարբերության իրական պատճառը» հարցն այսպես ձեւակերպեց պատգամավորը։
Ի պատասխան արտգործնախարարը նշել է. «Կցանկանայի հայտնել իմ ափսոսանքը, որ վերջերս «Ֆրանս 24» հեռուստաալիքին ուղիղ եթերում տված իմ հարցազրույցը զանազան մեկնաբանությունների եւ կարծիքների տեղիք է տվել։ Կարծում եմ, որ այս դահլիճում ներկա Արցախի օրենսդիր եւ գործադիր իշխանության պատասխանատուների մտքով անգամ չի անցնում, որ որպես Արցախի հանրապետության արտգործնախարար ես կարող եմ հանդես գալ հօգուտ մտքերի եւ գաղափարների, որոնք ուղղակի հակասում են մեր կողմից որդեգրած արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին եւ նպատակներին։
Հակառակ դեպքում ես ուղղակի չէի համարձակվի ստանձնելու ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնը։ Ընդունելով հանդերձ իմ մեղքի չափաբաժինը այն տեխնիկական վրիպումի համար, որը պայմանավորված է եղել նախեւառաջ ուղիղ եթերում հարցազրույցի անցկացման առանձնահատկություններով, կխնդրեի միաժամանակ հարցազրույցի մասին դատողություններ անելիս ընկալել այն ընդհանրության մեջ, այլ ոչ թե հատվածաբար։
Այդ պարագայում կարծում եմ դժվար չէ նկատել, որ հիմնական շեշտը դրվել է այն մտքի վրա, որ խաղաղության հասնելու բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն երկու անկախ պետությունների Լեռնային Ղարաբաղի հանրապետության եւ Ադրբեջանի խաղաղ գոյակցության ապահովման վրա։ Եւ հատուկ ընդգծվել է, որ վաղ, թե ուշ դա իրողություն կդառնա։ Այդ դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է ինչպես իմ հրապարակային ելույթներում, այնպես էլ ԼՂՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարություններում»։
Պատասխանից հետո պատգամավորը արտգործնախարարին կոչ արեց շատ ավելի զգույշ լինել։