«Հարավ-Հյուսիս». ՀՀ կառավարության անգործությունը հարկատուներին արժեցել է կես միլիոն դոլար
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի կատարման ընթացքում այս տարվա հունիսի 1-ի դրությամբ
ՀՀ կառավարությունն Ասիական զարգացման բանկին (ԱԶԲ) վճարել է 163,685.99 ԱՄՆ դոլար տոկոսավճար, որից 156,564.89 դոլարը` Ծրագիր 1-ի գծով, 7,121.1 դոլարը` Ծրագիր 2-ի գծով:
«168 Ժամի» հարցմանն ի պատասխան` ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ մինչ օրս վարկի հետ կապված տույժեր ու տուգանքներ չեն եղել:
Սակայն տոկոսավճարները չեն էականը, դրանք տրամաբանության շրջանակներում են: Առավել կարևոր է այն, որ մինչ օրս ՀՀ կառավարությունն ԱԶԲ-ին Ծրագիր 2-ի գծով (վարկի չափը` 170 մլն դոլար) վճարել է 425,026.4 ԱՄՆ դոլար պարտավճար (Ծրագիր 1-ով հատկացված 60 մլն դոլարն արտոնյալ վարկ է, և դրա նկատմամբ պարտավճար չկա):
Ըստ պայմանագրի` այս պարտավճարը հաշվարկվում է վարկային ծրագրով նախատեսված, սակայն չօգտագործված և ԱԶԲ հաշիվներում մնացած գումարի նկատմամբ` տարեկան 0.15%: Այսինքն, կառավարության անգործության պատճառով ՀՀ հարկատուներս ԱԶԲ-ին վճարել ենք մոտ 500 հազար դոլար: Եվ սա միայն սկիզբն է:
«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրագործման համար ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիրը կնքվել է 2009 թ. սեպտեմբերի 15-ին:
Ծրագրի իրականացման ժամկետը 2009թ.-ից մինչև 2017թ.-ն է: Ժամկետի գրեթե կեսն արդեն անցյալում է, սակայն գործնականում ոչ մի մետր ճանապարհ շահագործման չի հանձնվել, ու հայտնի չէ, թե այս տեմպերով երբ կավարտվի ամբողջ՝ 556 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը: Իսկ որքան ուշանան աշխատանքները, այնքան Հայաստանի հարկատուների փողերն ավելի շատ կհոսեն ԱԶԲ-ին: «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների հետ կապված Վերահսկիչ պալատի բացահայտումները, շատ հնարավոր է, պատճառ դառնան ծրագրի ժամկետների նոր ձգձգումների համար:
Եթե մինչ այս միջազգային մրցույթներով ընտրված «Իզոլյուքս Կորսան» (Իսպանիա) ընկերությունը և դրա աշխատանքները վերահսկող «Սաֆեժ» (Ֆրանսիա) և «Էպտիսա» (Իսպանիա) կազմակերպությունները թերացել են իրենց աշխատանքներում, ապա ոչ մի երաշխիք չկա, որ դրանք «խելքի կգան» ու այսուհետ կպահպանեն սահմանված չափանիշները: Իսկ եթե գործը հասնի նրան, որ նոր մրցույթի անցկացման անհրաժեշտություն առաջանա, ապա ծրագրի իրականացումը ետ կընկնի ևս առնվազն կես տարով:
ՎՊ-ի կողմից խախտումների հայտնաբերումից հետո միայն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծես «սթափվեց», գիտակցեց, թե ինչ է սպասվում, ու կարգադրեց Ասիական զարգացման բանկի հետ բանակցել, որպեսզի պարտավճարների կետը պայմանագրից հանվի:
Այս ամսի սկզբին «168 Ժամը» ՀՀ-ում ԱԶԲ ներկայացուցիչ Դեյվիդ Դոլին մի քանի հարց ուղղեց, մասնավորապես` ինչպե՞ս է գնահատում ՎՊ բացահայտումները, «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ծրագրի շուրջ ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև կնքված վարկային պայմանագիրը հնարավո՞ր է վերանայել ու պայմանները մեղմել, և այլն: Բայց Դ.Դոլը մինչ օրս հարկ չի համարել հարցերին պատասխանել: Ամեն դեպքում` ԱԶԲ պատասխանատուներից մեկը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ ծրագրի երկրորդ տրանշի (170 մլն դոլար արժողությամբ վարկային պայմանագիրը կնքվել է 2010 թ. դեկտեմբերի 21-ին) պայմանագիրն իր բնույթով առևտրային է, վարկն արտոնյալ չէ, և պարտավորությունների որևէ կետ չի կարող դրանից հանվել:
Այս մասին, բնականաբար, գիտեն նաև ՀՀ կառավարությունում` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, իսկ թե ինչո՞ւ վարչապետը նման բանակցություններ վարելու հրահանգ տվեց, դա այլ հարց է. սա «թոզ փչելու» նոր մեթոդ է, ղեկավարը հանդես է գալիս զարմացած ու զայրացած դիրքից ու կարգադրում անմիջապես «շտկել» իրավիճակը: Նույն պրակտիկան կիրառվեց տարիներ առաջ, երբ ՀՀ արտաքին պարտքը կտրուկ մեծացրին ու հայտարարեցին, թե ԱՄՀ և մյուս պարտատերերի հետ բանակցություններ են վարելու` վարկերը վերակառուցելու և մեղմելու համար: Նույն պրակտիկան կիրառվեց, երբ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն իր զայրույթն արտահայտեց` «ատկատների» հետ կապված: Այս փոքրիկ բեմականացումներից հետո բուն խնդիրները մոռացվում են:
ՎՊ-ն` հայտարարելով կառուցապատողի և վերահսկողների թերացումների մասին, միաժամանակ վստահեցրեց, թե այդ ընկերությունների ընտրության մրցույթներն ամբողջովին համապատասխանում են օրենքի պահանջներին: Այդ դեպքում տարօրինակ է, որ ծանրակշիռ միջազգային ընկերությունն աշխատանքների հենց սկզբում նման թերացումներ է թույլ տալիս: Օրերս ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը «168 Ժամի» հարցին` ինչո՞վ է բացատրվում, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարական աշխատանքների իրականացման համար միջազգային մրցույթով ընտրված ընկերությունները նման ոչ բարեխիղճ աշխատանք են կատարել, պատասխանեց, թե բոլոր աշխատանքների մեջ գոյություն ունեն թերություններ, նույնիսկ փոքրիկ տնակ կառուցելու ժամանակ, այժմ թերությունները նկատվել են, վերականգնվում են, այդ թերությունների դիմաց գումարներ չեն վճարվել, իսկ եթե չկան վճարված գումարներ, ուրեմն չկան նաև չարաշահումներ:
Մեր հարցին` գուցե ի սկզբանե կապալառուն ճիշտ չի՞ ընտրվել, նախարարը պատասխանեց. «Աշխատանքներին հետևում ենք, մենք իրենց 1 ամիս ժամանակ ենք տվել: Հետևում ենք իրենց` և՛՛ կապալառուին, և՛ վերահսկիչ կազմակերպություններին, եթե աշխատանքի որակը չբարելավվի, մենք կգնանք այլ միջոցների: Բայց ես շատ համոզված եմ, որ նրանք կվերականգնեն այդ թերությունները»:
ԱԶԲ ծրագրերի մշտադիտարկման ֆորումի ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում մատնանշեց ևս մի խնդիր. միջազգային մրցույթներին ոչ մի հայկական կազմակերպություն չի մասնակցել, չնայած նրան, որ բոլորը շատ լավ գիտակցում են, որ, եթե շինարարությունն իրականացվում է Հայաստանում, ապա դրանում պետք է աշխատեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Ֆորումի անդամներն ահազանգել են ԱԶԲ Մանիլայի գրասենյակ, որի միջնորդությամբ Հայաստանում ԱԶԲ ներկայացուցիչները հանդիպել են մշտադիտարկողների հետ:
«Մենք իրենցից պահանջել ենք, որ մրցույթին մասնակցեն հայկական կազմակերպություններ, և չենք հասկանում, թե ինչու պետք է նման գումարներ տրվեն իսպանական կամ ֆրանսիական կազմակերպություններին: ԱԶԲ-ում պատճառաբանել են, թե հայկական ընկերություններն ի վիճակի չեն նման աշխատանք կատարել: Բայց բանկն արտասահմանյան ընկերությունների հետ մտել էր գործարքի մեջ և դրա համար էր ուզում, որ այստեղ արտասահմանյան կազմակերպություններ աշխատեն, ոչ թե հայկական»,- նշեց Ս.Ադամյանը:
Հավելենք, որ 2004թ. իսպանական երկու խոշոր ընկերությունների միացման արդյունքում (ենթակառուցվածքների և շինարարական տեխնոլոգիաների բնագավառում)` «Կորսան Կորվիամ» և «Իզոլյուքս Վաթ», ստեղծվեց «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների խումբը: «Հյուսիս-Հարավ» ծրագրի Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին և Երևան-Արարատ ճանապարհահատվածների վերակառուցման համար «Իզոլյուքս Կորսանը» ստանալու է 250 մլն դոլար։
Շինարարական աշխատանքների վերահսկման և ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության բաց մրցույթը շահած «Սաֆեժ» և «Էպտիսա» կազմակերպությունների համատեղ ձեռնարկությունը ստանալու է 6 մլն 98.7 հազ. դոլար։
«168 ԺԱՄ»