![](/banners/BeFunky-design.jpg)
«Նաիրիտի» գործն ուզում են կոծկե՞լ
![](https://168.am/wp-content/uploads/2013/06/Nairit88.jpg)
«Նաիրիտ» գործարանից յուրացումներ կատարելու դեպքի առնչությամբ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում պատրաստվում են նյութեր, որոնց արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ։
Այսպիսի պատասխան են «168 Ժամին» տվել ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում իրականացված ստուգումների արդյունքները 2011 թ. դեկտեմբերին ուղարկվել էին Դատախազություն, սակայն միայն «Հետքի» աղաղակող հրապարակումներից հետո ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը նախապատրաստված նյութերը մարտի 27-ին ուղարկել էր ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն, որն էլ դրանք մոտ 1 ամիս առաջ ուղարկել է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն:
Ուսումնասիրության առարկան 2 ուղղվածություն ունի` ըստ Ֆիննախի տեսչության կազմած 2 ակտերի: Մի ակտը վերաբերել է իրանական «Նումարդ թրեյդինգ» (Numard Trading) ընկերությանը դատարանում 4 մլրդ 900 մլն դրամ «Նաիրիտի» «պարտությանը», երկրորդ ակտը` 2009 թ.-ին «Նաիրիտ» գործարանի տնօրեն, միևնույն ժամանակ` Միջպետական բանկում Հայաստանի ներկայացուցիչ Վահան Մելքոնյանի` «Մեգատեքս» ընկերությունը գնելու համար Միջպետական բանկից վերցրած 10 մլն դոլար վարկին:
Հիշեցնենք՝ «Մեգատեքսը» Rhinoville-ից գնել էր «Նաիրիտի» բաժնետոմսերը: Պարզվել է, որ 10 մլն վարկ վերցնելուց 4 ամիս հետո այն ժամանակ «Նաիրիտի» տնօրեն Վահան Մելքոնյանը «Մեգատեքսը» վաճառել էր ընդամենը 900 հազար դոլարով: «Հետքի» բացահայտումները նաև փաստացի ապացուցում էին, որ այս մութ պատմության հետ, բացի Վահան Մելքոնյանից, առնչություն ունեն նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«168 Ժամի» հավաստի աղբյուրների համաձայն՝ Ոստիկանության քննիչներին ներքին խողովակներով հանձնարարվել է կոծկել «Նաիրիտի» գործը: Այդ նպատակով այս ամսվա սկզբին Ոստիկանությունը` որպես «մեղավոր», շրջանառության մեջ դրեց 2003թ. «Նաիրիտը» ղեկավարող Վահագն Մակարյանի անունը: Իբրև թե վերջինս 2003թ. հունվարին կնքել է չհիմնավորված համաձայնագիր, որով հետագայում «պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի հասնող վնաս»:
2009թ. «Նումարդ թրեյդինգը» դատի էր տվել «Նաիրիտ» գործարանին՝ չկատարված պարտավորությունների դիմաց պահանջելով մոտ 5 մլրդ դրամ (882 մլն դրամ և տոկոսներ): Այստեղ կան մի քանի կարևոր կետեր, որոնք արժանի են ուշադրության, բայց «վրիպել» են քննիչների աչքից:
Մեր տեղեկություններով` Վահագն Մակարյանի կողմից 2002 թ.-ին կնքած պայմանագիրը «Նաիրիտ» գործարանի հաշվապահությունում ձևակերպված չի եղել, այսինքն` այն 2003 թ.-ին «Նաիրիտում» ընթացք չի ստացել: Իրավապահներին հարկ է ստուգել գործարանի հաշվետվությունները, և պարզ կդառնա, որ 2006 թ. հունվարի 1-ի դրությամբ իրանական ընկերության հանդեպ պարտքը «Նաիրիտ» գործարանում ձևակերպված չի եղել:
Ամենակարևորը` հիմնական գործողությունը կատարվել է 2006 թ.-ից հետո, երբ Մակարյանն արդեն գործարանի տնօրեն չէր: Այդ ժամանակահատվածում «Նաիրիտում» հայտնվել է մի գրություն, որը, ինչպես փաստել է Ֆինանսների նախարարության տեսչությունը, մուտքագրված է «Ա» տառով: Իսկ դա նշանակում է, որ այդ գրությունը հետին թվով են գրանցել: Դատախազությունում դա ֆիքսել են նաև այդ ընթացքում գործարանի տնօրեն Կարեն Իսրայելյանի ցուցմունքներ տալու ժամանակ: Նշված գրության նպատակն է եղել, որ իրանական ընկերության հետ կնքված պայմանագրի վաղեմության ժամկետը՝ 3 տարին, չանցնի: Ըստ պայմանագրի՝ կաուչուկն իրանական ընկերությանը պետք է առաքվեր մինչև 2003 թ. օգոստոս:
Գրությունը մուտքագրել են 2006-ին: Սակայն Իսրայելյանը ցուցմունք է տվել, որ գործարան եկող բոլոր գրություններն անձամբ է ստացել ու մակագրել: Իսկ այդ գրությունը մակագրված է նրա տեղակալ Վլադիմիր Հարությունյանի անունով, ով ոչնչից տեղյակ չէ:
«Նաիրիտում» պահվել են բոլոր գրությունների բնօրինակները և, եթե քննիչները հետամուտ լինեն, կարող են գտնել բնօրինակը, մակագրությունը տալ փորձաքննության ու պարզել իրողությունը: Նաև հարկ է քննել գործարանի 2007-2009 թթ. աշխատողներին:
2009-ին, երբ «Նումարդ թրեյդինգը» դիմեց դատարան` ընդդեմ «Նաիրիտ» գործարանի, իրավապահները կարծես նպատակային գործը տարան պարտության: Այսպես` պայմանագրում կետ կար, որով իրանական կողմն` ինքը, պետք է հայտ ներկայացնի, թե ինչ տեսակի և որքան կաուչուկ է ուզում, գա Երևան և տեղափոխի ապրանքը:
Սակայն իրանցիները ոչ հայտ են ներկայացրել, ոչ էլ մեքենա են ուղարկել` իրենց «եղն ու բրինձը» տանելու: Անտեսելով պայմանագրի այս կոպիտ խախտումը՝ հայցը մերժելու համար «Նաիրիտի» իրավաբանը վաղեմությունն է բերել որպես հիմք՝ միաժամանակ լավ իմանալով, որ վաղեմությունը չի կարող կիրառվել (այս մասին արդեն հոգացել էին` կեղծ գրությունը հետին թվով գրանցելով):
Այժմ քննիչները, փոխանակ այս ամենի հիման վրա գործարանի աշխատակիցներին, այդ թվում` իրավաբանին, Վահան Մելքոնյանին հարցաքննեն, այլ ճանապարհով են գնում: Բացի 2006թ.-ին գործարանի գրասենյակի աշխատակցից և տնօրեններից, որևէ այլ աշխատակից չի հարցաքննվել:
Հետաքրքրական է նաև այն, որ Ընդհանուր իրավասության դատարանը երկու անգամ է քննել իրանական հայցը՝ տարբեր դատավորներով: Առաջին դեպքում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը բավարարում է հայցը` պարտավորեցնելով «Նաիրիտին» վճարել շուրջ 5 մլրդ դրամ, իսկ այդ կեղծ գրության մասին վճռում ոչինչ չի նշվում: Սակայն վերաքննիչ դատարանը (բարձրացած աղմուկից հետո «Նաիրիտը» դիմել էր վերաքննիչ) գործը հետ է ուղարկում առաջին ատյան, և այս անգամ դատավոր Իշխան Բարսեղյանը հայցը մերժում է` կիրառելով հայցային վաղեմություն:
«Նաիրիտի» պարտքը զրոյացվում է՝ առանց հաշվի առնելու կնքված պայմանագիրը: Դատարանը նաև վճռում է «Նումարդ թրեյդինգ» ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի, որպես պետական տուրքի գումար, բռնագանձել ավելի քան 247 մլն դրամ:
Փաստորեն, նույն գործով, նույն գրության վերաբերյալ 2 տարբեր, իրար հակասող վճիռներ են կայացվում, և այստեղ արդեն Արդարադատության հանձնաժողովը պետք է պարզի, թե դրանցից որն է արդար: Տարօրինակ է նաև, թե ինչպես է օֆշորում գրանցված իրանական ընկերությունն այդպես հեշտությամբ մոռանում իր՝ մոտ 2 մլն դոլար գումարի մասին: Կարելի է եզրակացնել, որ այն մարդիկ, ովքեր կանգնած են եղել գրության հետ կապված այս կեղծիքի ետևում, առնչություն ունեն նաև այդ գումարին: Օֆշորը կարծես մոդայիկ է դարձել:
Եթե հանկարծ Ֆինանսների նախարարությունը խախտումը չհայտնաբերեր, պարտքը մնում էր ֆիքսված, ու գործարանի սուղ միջոցներից 4 մլրդ 900 մլն դուրս կգրեին պարտքի անվան տակ ու կյուրացնեին:
«Նաիրիտի» գործի շրջանակներում քննվում է նաև «Մեգատեքսի» առք ու վաճառքը: Այստեղ մեխն այն է, որ ժամանակին «Նաիրիտն» արտադրել է 30 հազ. տոննա կաուչուկ ու պահեստների պակաս չի ունեցել, բայց տարեկան ընդամենը 8 հազ. տոննա արտադրելու պարագայում պահեստների կարիք է առաջանում: Դրանով է պատճառաբանվում «Մեգատեքսի» ձեռքբերումը: Ցանկության դեպքում քննիչները հեշտությամբ կպարզեն, թե Էներգետիկայի նախարարությունը, որ իր ներկայացուցիչն ունի գործարանի տնօրենների խորհրդում, ինչպես է համաձայնություն տվել, որ «Նաիրիտը» 10 մլն դոլար վարկ վերցնի ու գնի «Մեգատեքսը», ապա ամիսներ անց այն վաճառի 900 հազար դոլարով:
«168 ԺԱՄ»