ՀՀ արտգործնախարարությունը չի մեկնաբանում ռուս-ադրբեջանական ռազմական գործարքը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախորդ շաբաթ ռուսական մամուլում տարածվեց տեղեկություն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլլար արժողությամբ զենք-զինամթերք  է վաճառել Ադրբեջանին: Ըստ «Վեդոմոստի» թերթի` Ռուսաստանը սկսել է ցամաքային զինտեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին` 2011-12 թթ. երկու երկրների միջև կնքված պայմանագրի համաձայն: Մասնավորապես, նշվում է ռուսական տանկի նոր մոդել` Т-90С-ի(94 միավոր), Հետևակի մարտական մեքենաների` БМП-3-ի (մոտ 100 միավոր), հրետանային համակարգեր «Мста-С»-ի (18 միավոր) և այլ զինատեսակների մասին:

Այս գործարքի վերաբերյալ մի քանի օր առաջ Երևանում խոսեց ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը` նշելով, թե ««Ռուսաստանը առևտրային հարաբերություններ ունի բոլոր երկրների հետ և ցանկացած երկիր, ով զենք գնելու ցանկություն կունենա, հնարավորություն կստանա օրենքի սահմաններում Ռուսաստանի Դաշնությունից զենք գնել»: Իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեկ Երևանում կայացած ՀԱՊԿ ռազմավարական-քաղաքական երկրորդ համաժողովին լրագրողների հետ հանդիպման, ի պատասխան հարցին, թե արդյոք այդ գործարքը չի՞ հակասում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին, ասել էր, որ «դա բիզնես է»:

Ինչպե՞ս է այս ամենը մեկնաբանում ՀՀ արտգործնախարարությունը, և արդյո՞ք Հայաստանի արտաքին գերատեսչությունը պատրաստվո՞ւմ է որևէ կերպ արձագանքել ռուս-ադրբեջանական ռազմական գործարքին և ռուսաստանյան պաշտոնյաների մեկնաբանություններին: Մեզ հետ զրույցում արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տվեց ոչ պակաս դիվանագիտական պատասխան, քան ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը կամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

«Այդ գործընթացի մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը մոտ մեկ շաբաթ առաջ արդեն արձագանքել է, և ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց Տիգրան Բալայանը:

Կարդացեք նաև

Նշենք, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հունիսի 19-ին իր ֆեյսբուքյան էջում  խոսելով ռուս-ադրբեջանական գործարքի մասին, իր հերթին նշել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը զերծ կմնա այդ մասին հայտարարություն կամ դիրքորոշում հայտնելուց` հաշվի առնելով մամուլում գործարքի վերաբերյալ «որոշակի ապատեղեկատվության տարրերի հանգամանքը»:

«Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները ընդհանրապես չեն գնահատվում խնդրահարույց և հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռևս պայմանագրերի կնքման պահից: Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը և նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար` իհարկե խելամտության դեպքում, ՀՀ և ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունը զերծ կմնա որևէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց, հաշվի առնելով լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարերի հանգամանքը»,- գրել էր ՊՆ մամուլի խոսնակը:

Նաև հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Բելառուսի հետ միասին անդամակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Տեսանյութեր

Լրահոս