Հայաստանի բանկերը արտաքին աշխարհին պարտք են 1 միլիարդ դոլար
Արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները 2013 թվականի առաջին եռամսյակի վերջին կազմել են 1 027.4 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 1 178.3 մլն դոլարի փոխարեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի առաջին եռամսյակի բանբերը։
Եռամսյակի ընթացքում հայաստանյան բանկերի արտաքին պարտքը նվազել է 150.9 միլիոն դոլարով կամ 12.8%-ով։ 2013 թվականի առաջին եռամսյակի ընթացքում առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները արտաքին աշխարհից ներգրավել են 541.3 մլն դոլար վարկային միջոցներ, նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 545.2 մլն դոլար հիմնական գումարի մարումներ: Եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 6.7 %-ը երկարաժամկետ վարկերի գծով է, ընդ որում՝ երկարաժամկետ վարկային մուտքերի 33.9 %-ը ստացվել է Լյուքսեմբուրգից, 21.8 %-ը՝ Ռուսաստանից, 14.1%-ը` ԱՄՆ-ից, իսկ 28 %-ը՝ միջազգային կազմակերպություններից:
2013 թվականի առաջին եռամսյակի վերջին առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 16.5 % (նախորդ եռամսյակում` 12.2 %), Լյուքսեմμուրգը` 10.2 % (նախորդ եռամսյակում` 11.3 %), Նիդեռլանդները` 7.9 % (նախորդ եռամսյակում` 5.7 %) և Գերմանիան` 5.1 % (նախորդ եռամսյակում՝` 7.0 %): Վարկերի մոտ 35.7%-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:
Ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը 2013 թվականի առաջին եռամսյակի վերջին, նախորդ եռամսյակի վերջի համեմատ, մի փոքր աճել է և կազմել 5.7 %: Արտաքին վարկերի 45.4 %-ը լողացող (LIBOR, EURIBOR և այլն) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 4.3 տարի է: Կարճաժամկ
ետ վարկերի տեսակարար կշիռը աճել է և կազմել ներգրավված վարկերի 10.6 %-ը: