Բաժիններ՝

Գործարարները պահանջում են վերադաս մարմնի միջամտությունը

Չարենցավանում ներկայում գործում է մինչև 500 փոքր ու միջին ձեռնարկություն, որոնց հիմնական մասի շրջանառությունը 2-3 մլն դրամ է: Դրանք հիմնականում առևտրի մանր կետեր են, վարսավիրանոցներ, դեղատներ, կահույքի արտադրական փոքր ձեռնարկություններ, ծառայություններ մատուցող կազմակերպություններ, հացի փռեր, սննդի կետեր և այլն:

Մոտ 1 ամիս առաջ ՊԵԿ Չարենցավանի տարածքային հարկային տեսչությունը (ՏՀՏ) կառուցվածքային բարեփոխումների շրջանակում միացվել է Հրազդանի ՏՀՏ-ին: Դրանից հետո Չարենցավանի փոքր ու միջին ձեռնարկություններին Հրազդանի ՏՀՏ պետ Վ.Սահակյանի ստորագրությամբ մասսայաբար ուղարկվել են ծանուցումներ` առաջարկելով վերանայել ներկայացվող աշխատավարձերի չափը: Այս խնդրին «168 ժամն» անդրադարձել էր օրեր առաջ: Ծանուցման մեջ նշված է, որ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալներով` հարկ վճարողների վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձերի վերլուծություններից և տնտեսվարողների կողմից ներկայացված եկամտային հարկի հաշվարկի համադրումներից պարզել են, որ մեկ աշխատողի վարձատրության միջին ցուցանիշը, որ նշված է ներկայացված հաշվետվություններում, «ցածր է տեսչության միջին ցուցանիշից (101,629 դրամ) և միջին հանրապետական ցուցանիշից (142,711 դրամ)»: Ցուցանիշները չվերանայելու դեպքում տնտեսավարողներին սպառնում է ռիսկային հարկ վճարողների ցուցակում հայտնվելու ճակատագիրը:

ՊԵԿ ՏՀՏ-ի ներկայացրած նորահայտ պահանջի հետ կապված երեկ ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի Կոտայքի մասնաճյուղում կազմակերպվել էր քննարկում, որին մասնակցում էին 15-20 գործարարներ: Նրանց հիմնական հարցադրումն այն է, թե ինչի՞ հիման վրա է ՊԵԿ-ն անխտիր բոլոր տնտեսվարողներին ուղարկում նույնաբովանդակ գրությունը, քանի որ տարբեր ոլորտի ձեռնարկություններն ունեն տարբեր ծավալի շրջանառություն, տարբեր քանակով աշխատողներ, կան սեզոնայնության և մի շարք այլ խնդիրներ, և չի կարելի բոլորին մի «արշինով չափել»:

Կահույքի արտադրությամբ զբաղվող գործարար Գագիկ Ա-ն տեղեկացրեց, որ իր ձեռնարկությունում անցած տարի հարկային տեսուչները 2 անգամ ուսումնասիրություն են իրականացրել, դրանց հիման վրա որոշակի գումարի ակտ են կազմել. «Ուրեմն այդքան գումար են ծախսում ուսումնասիրության վրա, բայց չեն կարողանում դրա արդյունքներով կոնկրետ գրություն ուղարկել, ընդհանուր ձևակերպումներով ծանուցում են ուղարկել: Եվ այդ ուսումնասիրությունն էլ շանտաժ է` ուսումնասիրությունը դարձրել են ստուգում ու գումար են գանձում»:

Կարդացեք նաև

Գործարարների խոսքով` քաղաքում միջին աշխատավարձը 50-70 հազար դրամ է, իսկ հարկային տեսուչները բանավոր կերպով պահանջում են հաշվետվություն ներկայացնել 20 հազարական դրամով ավելի: Ըստ նրանց` այս պրակտիկան անցած տարի կիրառվել է Հրազդանի ՓՄՁ-ներում, և բողոքի ալիքի չհանդիպելով, այժմ էլ փորձում են տարածել նաև Չարենցավանում: Քննարկման մասնակիցները վրդովված նշեցին, որ եթե այդքան հարկավոր է բարձր աշխատավարձ ցույց տալ, կարող են, օրինակ, 5 աշխատողներից 2-ին կրճատել և դրա հաշվին մյուս 3-ինը բարձրացնել, իսկ եթե ՊԵԿ ՏՀՏ-ի նման գործելաոճն այսուհետ էլ շարունակվի, իրենք ստիպված են լինելու ձեռնարկությունները փակել և հեռանալ երկրից. «Նման բան նախկինում չէր եղել: Սա պետական ռեկետ է»: Գործարարները բողոքում էին, որ 3.5% շրջանառության հարկի պայմաններում հնարավոր չէ շահավետ բիզնես վարել ու ՊԵԿ-ի բոլոր նման պահանջները կատարել:

Մանրածախ առևտրով զբաղվող Գևորգ Հ-ն նշեց, որ օրեր առաջ իր ընկերությունում ՊԵԿ-ը ստուգում է սկսել, սակայն աշխատողների հետ կապված ցուցանիշները ստուգելու փոխարեն ուրիշ գծով են ստուգում, մասնավորապես՝ ՀԴՄ-ները:

Նրա խոսքով՝ ցանկության դեպքում ՊԵԿ-ը կարող է աշխատողներին հարցումներ անել ու հեշտությամբ ճշտել, թե նրանք ինչքան աշխատավարձ են ստանում:

Միաժամանակ, ըստ նրա, ՊԵԿ ՏՀՏ-ում աշխատակիցներին օրենքով սահմանվածից ավելի են աշխատեցնում, այդ թվում` շաբաթ և կիրակի օրերին, սակայն ոչ մի հավելավճար չեն վճարում: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հյուսիս-Արևմտյան» տարածքային մասնաճյուղի աշխատակիցների աշխատավարձերը նույնպես ցածր են՝ միջինում 40հազ. դրամ, սակայն ՊԵԿ-ն այդ ընկերությանը, գործարարի տեղեկություններով, ծանուցում չի ուղարկել: Գործարարի գնահատականով՝ Հարկային տեսչությունը ճնշում է գործադրում անպաշտպան բիզնեսների հանդեպ, իսկ խոշորների հանգիստը չի խաթարում:

«Եթե աշխատավարձի մեծ թիվ ցույց տանք, հետո կպահանջեն` նաև շրջանառության ցուցանիշը մեծացնենք: Իսկ որտե՞ղ է գրված, թե ՓՄՁ-ն երբ է համարվում ռիսկային: Կամայական մոտեցում է: Ասում են՝ չես ուզում մեր օրենքներով աշխատել, փակվի»,- ասաց Գևորգ Հ-ն՝ հավելելով, որ առանց այդ էլ Չարենցավանում անցած 1 տարվա ընթացքում ամեն 3-րդ, 4-րդ ձեռնարկությունը փակվել է:
ՓՄՁ ԶԱԿ Կոտայքի մասնաճյուղի տնօրեն Գայանե Արզումանյանի կարծիքով՝ եթե գործատուն ու աշխատողը պայմանավորվել են աշխատավարձի մեծության շուրջ, հարկային մարմինն իրավունք չպետք է ունենա այլ ցուցանիշ պահանջել.

«Եթե մարդն իր ընտանիքը չի կարողանում պահի այդ փոքր բիզնեսով, ինչքան էլ ուզենա, չի կարող աշխատողին ավելին վճարել: Անցած տարի որոշեցին փաստաթղթավորել գործունեությունը, հիմա ներմուծեցին շրջանառության հարկը, բայց մեկ է` փաստաթուղթ պահանջվում է ծախսերը հիմնավորելու համար: Փոխանակ գործատուին խրախուսեն, որ նոր աշխատատեղեր բացվեն, անվերջ քաշքշուկներ են ստեղծում: Գործատուն պարտավոր չէ իր ժամանակը ծախսել տարբեր նամակների պատասխանելու համար»:

Գործարարների խոսքով` կառավարության որոշմամբ, մինչև 58.5 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկություններն ազատվել են ստուգումներից (բացառությամբ մի քանի տեսչական ստուգումների՝ տեխնածին վտանգներ, սննդի անվտանգություն), սակայն ՊԵԿ ՏՀՏ-ն տարբեր մեխանիզմներ է մտածում այդ որոշումը շրջանցելու և ստուգումների համար հիմք ստեղծելու համար: Գործարարները տեղեկացրին, որ պատրաստվում են իրենց իրավունքները մինչև վերջ պաշտպանել և դիմելու են վերադաս մարմիններ՝ ՀՀ կառավարություն և այլուր:

Հիշեցնենք, որ «168 Ժամին» ՊԵԿ-ի տրամադրած պարզաբանման համաձայն, հարկային վարչարարության ոլորտում համատարած հսկողությունը փոխարինվել է ռիսկերի կառավարման համակարգով: Վերջիններիս ընթացքում մինչև հսկողական միջոցառումների իրականացումն ու համապատասխան պատասխանատվության նորմերի կիրառումը՝ իրազեկման ճանապարհով առաջարկվում է հարկ վճարողներին վերանայել իրենց իսկ կողմից հայտարարագրված ցուցանիշները` անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան ճշգրտումներ:

Այդ նպատակով ՊԵԿ տարածքային հարկային տեսչություններում իրականացվում են վերլուծություններ, վեր են հանվում հարկ վճարողների գործունեությանն առնչվող ցուցանիշների հետ կապված ռիսկերը և դրանց առկայության դեպքում` ծանուցվում է վերջիններիս: Ըստ ՊԵԿ-ի՝ գործատուների կողմից վարձու աշխատողներին աշխատավարձի իրական չափերի հայտարարագրման և եկամտային հարկի ճշգրիտ հաշվարկման նկատմամբ հսկողությունը եղել և մնում է հարկային մարմինների կարևորագույն գործառույթներից մեկը:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս