ՊԵԿ-ը պարզաբանում է, թե ինչո՞ւ է ՓՄՁ-ներից պահանջում բարձրացնել աշխատավարձերի ցուցանիշները
ՊԵԿ տարածքային հարկային տեսչությունները (ՏՀՏ) փոքր ու միջին ձեռնարկություններին, մասնավորապես՝ Հրազդան և Չարենցավան քաղաքների, ուղարկել են ծանուցումներ՝ առաջարկելով վերանայել ներկայացվող աշխատավարձերի չափը: ՏՀՏ-ները նշել են, որ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալներով հարկ վճարողների վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձերի վերլուծություններից և տնտեսվարողների կողմից ներկայացված եկամտային հարկի հաշվարկի համադրումներից պարզել են, որ մեկ աշխատողի վարձատրության միջին ցուցանիշը, որ նշված է ներկայացված հաշվետվություններում, «ցածր է տեսչության միջին ցուցանիշից և միջին հանրապետական ցուցանիշից»: ՊԵԿ ՏՀՏ-ներն «առաջարկում են վերանայել նշված ցուցանիշները և ներկայացնել եկամտային հարկի ճշգրտված հաշվարկներ», հակառակ դեպքում տվյալ տնտեսվարողը կհայտնվի ռիսկային համարվողների «սև ցուցակում», և նրա նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ:
168.am-ի խմբագրություն դիմած մի քանի տնտեսվարողներ (քաղաքացիների անուններն իրենց իսկ խնդրանքով չեն հրապարակվում՝ հետագա բարդություններից խուսափելու համար) պնդում էին, որ պետությունն՝ ի դեմս Հարկային տեսչության, ստիպում է արհեստականորեն աշխատավարձ բարձրացնել, և ՓՄՁ (Փոքր և Միջին ձեռնարկատիրություն) սուբյեկտներին սթրեսի է ենթարկում: Ըստ նրանց՝ տարիներ առաջ պետությունը մեղադրում էր ՓՄՁ սուբյեկտներին՝ հարկերը թաքցնելու և «սևով» աշխատելու մեջ, սակայն հիմա իրավիճակը հիմնովին փոխվել է. «Պետությունը ստիպելով աշխատավարձեր է բարձրացնում, որպեսզի բնակչությանը տնտեսական աճի և պայծառ ապագայի երազի մեջ պահի: Արդյո՞ք օրվա հաց աշխատող ՓՄՁ սուբյեկտները երկար կդիմանան նմանատիպ հարկադրանքներին»:
ՓՄՁ ներկայացուցիչների խոսքով՝ աշխատողի աշխատավարձը կախված է աշխատողի որակավորումից, աշխատանքի պայմաններից, որակից, քանակից, բարդությունից (ՀՀ Աշխատանքային օրենսգիրք, հոդվ. 3, կետ 6), և որևէ իրավական ակտով սահմանված չէ, որ աշխատավարձը կախած է տեսչության կամ հանրապետական միջին ցուցանիշից: Հարկատուները ճշտված հաշվարկներ ներկայացնում են ոչ թե ՏՀՏ-ների ճնշումներից և չհիմնավորված պահանջներից ելնելով, այլ «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանած դեպքերում:
168.am-ը ՊԵԿ-ից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավական հիմքեր կան նման ծանուցումներ կազմելու և ուղարկելու համար: Ի պատասխան մեր հարցման՝ կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին. «Հարկային վարչարարության ոլորտում համատարած հսկողությունը փոխարինվել է ռիսկերի կառավարման համակարգով: Վերջիններիս ընթացքում մինչև հսկողական միջոցառումների իրականացումն ու համապատասխան պատասխանատվության նորմերի կիրառումն՝ իրազեկման ճանապարհով առաջարկվում է հարկ վճարողներին վերանայել իրենց իսկ կողմից հայտարարագրված ցուցանիշները` անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան ճշգրտումներ: Այդ նպատակով ՊԵԿ տարածքային հարկային տեսչություններում իրականացվում են վերլուծություններ, վեր են հանվում հարկ վճարողների գործունեությանն առնչվող ցուցանիշների հետ կապված ռիսկերը և դրանց առկայության դեպքում՝ ծանուցվում վերջիններիս: Ընդ որում, հարկային մարմնի կողմից ուղարկված ծանուցումներում ներկայացված փաստերի հետ անհամաձայնությունների դեպքում հարկ վճարողը կարող է ներկայացնել իր հիմնավորումները»:
ՊԵԿ-ից նաև նշեցին, որ վերոհիշյալ մոտեցումը կիրառվում է ոչ միայն Հրազդանի և Չարենցավանի տարածքային հարկային տեսչությունների կողմից, այլև ՊԵԿ-ի բոլոր ստորաբաժանումների:
Հարցին՝ արդյո՞ք աշխատավարձերի սահմանման գործառույթը փոխանցվել է Հարկային տեսչությանը, ՊԵԿ-ից մեզ պատասխանեցին, որ համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, հարկային մարմինները հսկողություն են իրականացնում հարկ վճարողների կողմից հարկերի հաշվարկման և վճարման կարգի ամբողջ գործընթացի նկատմամբ. «Հետևապես, ոչ թե աշխատավարձերի սահմանման գործառույթն է փոխանցվել, այլ գործատուների կողմից վարձու աշխատողներին աշխատավարձի իրական չափերի հայտարարագրման և եկամտային հարկի ճշգրիտ հաշվարկման նկատմամբ հսկողությունը եղել և մնում է հարկային մարմինների կարևորագույն գործառույթներից մեկը»:
Ի դեպ, բողոքավոր տնտեսվարողները դիմել են նաև ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոն՝ աջակցություն խնդրելով: ՓՄՁ ԶԱԿ-ից 168.am-ին հայտնեցին, որ խնդրի մասին տեղեկացվել է էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, ով դիմել է ՊԵԿ՝ պարզաբանում ստանալու համար: