Հայ մասնագետները նախընտրում են քիչ վարձատրվել, բայց արտերկրյա ընկերությունների հետ աշխատել
«ԴիջիԹեք» բիզնես ֆորումի բացման իր ելույթում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարևոր շեշտադրում կատարեց` նշելով, որ ՏՏ ոլորտում իրավիճակն էականորեն փոխվել է: «Իսկ տոկոսային հարաբերակցությամբ՝ եթե 6 տարի առաջ մենք 80%-ն արտահանում էինք, իսկ 20%-ը տեղական շուկայում էր, ապա ներկայումս 60%-ն ենք արտահանում, և 40%-ն է տեղական շուկան է»,- ասել էր Կ. Վարդանյանը:
Այսօր` հունիսի 24-ին, մամլո ասուլիսի ժամանակ 168.am-ը փորձեց ճշտել Կ. Վարդանյանից, թե այդ իրավիճակի փոփոխությունն ինչո՞վ է պայմանավորված` տեխնոլոգիական ընկերությունների ակտիվությա՞մբ, թե՞ այլ ընկերությունների ակտիվությամբ և տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառելու ցանկությամբ:
Կ. Վարդանյանի խոսքով` այդ ամենը նշված երկու հանգամանքով էլ պայմանավորված է. նախ՝ հանրապետությունում գնալով փորձառությունն է ավելանում, և այդ առարկային տիրապետող մարդկանց կրիտիկական զանգված է ստեղծվում, ովքեր, օրինակ, դրսի համար ինչ-որ աշխատանքներ են կատարել և փորձում են իրենց փորձառությունը կիրառել նաև Հայաստանում:
«Այդ մարդկանց կրիտիկական զանգվածը շատ կարևոր է, իսկ թե որքանո՞վ է այդ ամենը հաջողվում՝ այլ խնդիր է»,- ասաց Կ. Վարդանյանը` նշելով, որ մյուս կողմից՝ հայկական շուկայի պահանջարկն է նաև մեծանում: «Օրինակ` բիզնեսմենը գնում է Samsung Galaxy, մի քանի ամիս խաղում է, իսկ հետո մտածում է, որ բիզնեսի համար գուցե այն հնարավոր լինի օգտագործել և այդպիսով փող աշխատել. սկսում է այդ ուղղությամբ մտածել ու, իհարկե, լուծումներն էլ գտնվում են»,- ասաց Կ. Վարդանյանը` նշելով, որ ակնհայտորեն երկու երևույթներն էլ գոյություն ունեն, իսկ տեղական շուկան գնալով ընդլայնվում է (բացվում է), սակայն այն մի քանի անգամ թերագնահատված է:
«Մենք մի փորձ կատարեցինք` երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղում անցկացվող ֆորումից մեկ օր առաջ երկու ինժեների խնդրեցինք շրջել Ղարաբաղի տեխնոլոգիական ենթակառուցվածքներով`հիդրոկայաններով, գազալցման կայաններով, էլեկտրասնուցման ցանցային կետերով, ջերմոցներով, գործարաններով և այլն, որպեսզի տեսնեն, թե ի՞նչ խնդիրներ կան: Մեր այդ երկու մասնագետից կազմված խումբը մեկ օրվա մեջ 10 պայմանագրի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեց: Եվ դա դեռ Ղարաբաղում, որն այդ առումով Հայաստանից շատ ավելի թույլ է տեխնոլոգիական ենթակառուցվածքների առումով: Այսինքն` հայկական շուկան իրականում թերագնահատված է»,- ասաց Կ. Վարդանյանը:
Ըստ բանախոսի՝ Հայաստանում ռիսկայնությունը մեծ է, քանի որ հայաստանյան մասնագետները դրսի ընկերությունների հետ աշխատում են հստակ պայմանագրային հիմունքներով և ժամանակին վարձատրվելով՝ վստահ լինելով, որ իրենց, այսպես ասած՝ չեն «քցի»: Ըստ Կ. Վարդանյանի՝ այդ է պատճառը, որ տեղացի մասնագետները նախընտրում են ավելի քիչ, սակայն կայուն վարձավճարի դիմաց աշխատել արտերկրյա ընկերությունների հետ, քան ավելի մեծ աշխատավարձի խոստում ստանալ Հայաստանում և վերջում «քցվածի» դերում հայտնվել: «Եթե մենք կարողանանք մեր բիզնես մշակույթը, ոչ թե մթնոլորտը կամ միջավայրը, այլ այդ բիզնես մշակույթը կարողանանք փոխել, այսինքն` որպեսզի բիզնեսմենի խոսքը լինի խոսք, ոչ թե բամբասանք կամ քցոցի… շատ բան կփոխվի՝ տեխնոլոգիական ոլորտը շատ հզոր ձևով կզարգանա,- ասաց Կ. Վարդանյանը: Նրա խոսքով` ամենակարևոր գործոնը, որը կարող է սկիզբը լինել՝ տեխնոլոգիաների կիրառումն է բանակում, որը «կատաստրոֆիկ վիճակում է» մեզ մոտ: Այսինքն`շատ թույլ է:
«Ունենալով այսպիսի տեխնոլոգիական ոլորտ, որը կարող է ամբողջությամբ մոդեռնիզացնել մեր բանակը, կրկնում եմ՝ ամբողջությամբ, և ոլորտի աճ ապահովել, չի օգտագործվում, որովհետև այդ մարդը, որը որոշում է ընդունել՝ ինքը, ասենք, թվանքը գիտի, մինամյոտը գիտի, իսկ ավելի բան չգիտի: Այդ մարդը չի ուզում զարգանալ: Դրա համար ինքը կարող է 50 անգամ ավելի շատ մինամյոտ առնի, քան թե փող ծախսի, օրինակ` մի միամյոտի ճշգրտությունը բարձրացնելու վրա»,- ասաց Կ. Վարդանյանը: