«Իրավիճակը ՏՏ ոլորտում էականորեն փոխվել է» (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 21-ին, մեկնարկեց «Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշեց, որ այս տարիների ընթացքում մասնավոր հատվածի հետ միասին մեծածավալ աշխատանք են իրականացրել, որի արդյունքներն  ակնառու են: «Եթե հիշենք, թե ինչպիսին էր իրավիճակը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում 5 տարի առաջ և այսօր, ապա կտեսնենք ահռելի մեծ առաջընթաց»,- ասաց Տ. Սարգսյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ տարիների ընթացքում իրավիճակը ՏՏ ոլորտում էականորեն փոխվել է: «Եթե 6 տարի առաջ մենք 80%-ը արտահանում էինք, իսկ 20%-ը տեղական շուկայում էր, ապա ներկայումս 60%-ն ենք արտահանում և 40%-ն է տեղական շուկան»,- ասաց Կ. Վարդանյանը:

Նշենք, որ այս տարի միջոցառմանը մասնակցում էր 62 կազմակերպություն, որոնցից 43-ը՝ տեղական, 19-ը՝ օտարերկրյա: Վերջիններիս թվում էին ընկերություններ՝ Սինգապուրից, Վրաստանից, Ռուսաստանից, Նիդեռլանդներից, Բուլղարիայից, Ուկրաինայից և Իտալիայից: Ֆորումի ընթացքում կլինի 48 գործարար-ներկայացում և 5 պլենար նիստ, որտեղ կքննարկվեն ոլորտի խնդիրները:

Կարդացեք նաև

Նշենք, որ ֆորումը կտևի 2 օր՝ հունիսի 21-22-ը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Մուտքն ազատ է:

ԴիջիԹեք բիզնես ֆորումի մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս