
Զինծառայող Հրաչյա Սարգսյանը դեռևս հոսպիտալում է

Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում հնչած կրակոցից գլխի շրջանում վիրավորված զինծառայող Հրաչյա Սարգսյանը կազդուրվում է. նա առայժմ ՀՀ ՊՆ «Մուրացան» կենտրոնական կլինիկական հոսպիտալում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյայի հայրը՝ Վաղինակ Սարգսյանը:
«Վերքը դեռ մշակման պրոցեսի մեջ է: Մոտակա 10 օրերի ընթացքում երևի վերքը հիմնական փակվի»,- ասաց նա: Վաղինակ Սարգսյանի խոսքով՝ Հրաչյան Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն կտեղափոխվի միայն վերքը փակվելուց հետո: «Կարմիր խաչը բաց վերքով չի ընդունի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ, ըստ նախաքննության տվյալների՝ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում՝ թիվ N զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել պահակախմբում ընդգրկված ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ.Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ.Ստեփանյանի ուղղությամբ: Արդյունքում՝ վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց, ապա՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալ:
ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ