Միակ համակարգային լուծումը. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Քանի որ սկսվել է մթերման սեզոնը, այն, ինչ տեղի է ունեցել այսօր առավոտյան Արարատի մարզում, կրկնվելու է այս ամռան և աշնան ընթացքում: Գյուղացիները դուրս էին եկել մայրուղի և պահանջում էին, որ իրենց ծիրանը մթերվի ոչ թե 400, այլ 500 դրամով: Գյուղատնտեսության նախարարն էլ խոստացավ, որ այդպես էլ կլինի: Այսինքն՝ պետական պաշտոնյան հանձն առավ, որ գնորդին ստիպելու է ապրանքն առնել վաճառողին հարմար գնով:
Ընդ որում, թե վաճառողը, և թե գնորդը մասնավոր անձինք են և կազմակերպություններ: Պետությունը, հետևաբար, լծակներ ունի տնտեսվարող սուբյեկտներին ուղղորդելու գնել կամ վաճառել ապրանքը այս կամ այն գնով՝ խնդրելով, պահանջելով, սպառնալով, էլ չգիտեմ, թե ինչպես:
Իսկ ինչու ոչ՝ 1000 դրամով կամ 1000 դոլարով: Եթե գնագոյացումը մեզ մոտ կամայական է և կախված է պետական պաշտոնյայի կամքից, ապա կարելի է հայտարարել ցանկացած գին: Պարզապես այդ դեպքում ես կամ արտասահմանցի սպառողը ի վիճակի չենք լինի գնել այդ մթերողի պատրաստած չիրը կամ ջեմը:
Մեզ հո ոչ ոք չի՞ ստիպի բարձր գնով գնել և այդ դեպքում տեսականորեն բացառված չէ, որ մթերթղները ցույց անեն ու պահանջեն, որ գյուղնախարարը ստիպի գյուղացիներին իրենց ծիրանը վաճառել 300 դրամով:
Ի դեպ, վերջերս նմանատիպ ցույցեր էին անում Շիրակի մարզի գյուղացիները: Նրանք բողոքում էին, որ մթերողներն իջեցրել են կաթի ընդունման գները: Բայց սպասեք… Խանութներում կաթնամթերքը թանկացել է: Ուրեմն գյուղացիների կաթն էժանանում է, իսկ սուպերմարկետներում՝ թանկանում: Հետևաբար խնդիրն այլ տեղ է: Եվ ես ենթադրում եմ, թե որտեղ:
Մակերեսային հայացքից կարելի է ենթադրել, որ պետությունը «տեր չի կանգնում» գյուղացիներին, և եթե նրանց փող բաժանի կամ ստիպի մթերողներին նրանց ապրանքը թանկ գներով գնել, իսկ բանկերին պարտադրի՝ իջեցնել վարկավորման տոկոսները, ապա ամեն ինչ կկարգավորվի: Բայց այդպես մենք ավելի խորը կմխրճվենք ճահճի մեջ: Խնդիրը ոչ թե շուկայական հարաբերություններն են և պետական կարգավորման պակասը, այլ ճիշտ հակառակը՝ այդ հարաբերությունների բացակայությունը:
Նախարարը հնարավորություն ունի ստիպելու մթերողներին, որ նրանք բարձրացնեն գինը հենց այն պատճառով, որ այդ կազմակերպությունները մասնավոր են միայն անունով, այնինչ իրականում դրանք, ըստ էության, ենթարկվում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետև հենց վերջիններիս կողմից էլ ստեղծված են և պատկանում են: Եվ հենց այդ պատճառով դրանք կամայական, ոչ շուկայական գներ են նշանակում, քանի որ գործում են ոչ մրցակցային միջավայրում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: