Բժիշկ, ով Մեծարենց է արտասանում

Մեր ծնողների սերունդը մի ավանդույթ ուներ. տան մեջ անընդհատ զրույց կար: Թեման` գրականություն, արվեստ: Հավաքվում էին Դավիթ Մալյան 4-ի մեր հարևանները` լեզվաբաններ, քիմիկոսներ, ատոմային էներգիայի մասնագետներ, բժիշկներ, ու հնարավոր չէր մի բառ բաց թողնել նրանց զրույցից, կատակներից: Ու որպես կանոն` բոլորը հրաշալի գրականություն գիտեին:

Հիմա ընտանիքներում զրույցի թեմատիկան այլ է, շփմանը հաճախ փոխարինում են լռությունն ու համակարգչի ստեղների թխկթխկոցը:
Եվ այսօր հատկապե՛ս թանկ է յուրաքանչյուր հանդիպում, երբ զրուցակիցդ` անկախ մասնագիտությունից, կարող է ինքնամոռաց խոսել գրականությունից, հանպատրաստի արտասանել Նարեկացի, Մեծարենց, Թումանյան, Չարենցգ Ինչպես հանդիպումը մասնագիտությամբ բժիշկ, արևմտահայ և սփյուռքահայ գրականության գիտակ Կամո Տեր-Պետրոսյանի հետ:
– Պարո՛ն Տեր-Պետրոսյան, կարծես օրինաչափություն է. հատկապես 1946-48 թթ. ներգաղթածները, նրանց սերունդները` անկախ մասնագիտությունից, ընդգծված հետաքրքրություն ունեն հայագիտության, գրականության հանդեպ:

– Դա մասամբ է մոտ իրականությանը: Համաշխարհային արվեստի կամ գիտության պատմությունը շատ ունի նշանավոր դեմքեր, որոնք լինելով իրենց բնագավառի շատ փայլուն մասնագետներ, հրաշալի տիրապետել են արվեստի այս կամ այն ճյուղին: Ունեցել եմ ուսուցիչ` ծագումով Ղարաբաղից, պրոֆեսոր Ճաղարյանը: Նա սրտի հայտնի վիրաբույժ էր, նրա կազմած սրտի անատոմիական ատլասն արժանացել է բելգիական միջազգային մրցանակի, որը տրվում է 50 տարին մեկ:

Նա դասավանդում էր նաև Գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղարվեստի բաժնում. նրան համարում էին լավագույն նկարիչը` բժիշկների մեջ, և լավագույն բժիշկը` նկարիչների մեջ: Ինչ-որ առումով` մասնագիտություն ընտրելիս ինձ համար օրինակ են եղել Չեխովը, Ռուբեն Սևակը: Նրանք` լինելով բժիշկ, նաև հիանալի գրականություն են ստեղծել: Ես գրականություն չեմ ստեղծել, այլ ուրիշների ստեղծածն եմ հասարակությանը ներկայացրել: Եվ ես ինձ արևմտահայ գրականության գիտակ չեմ համարում, այլ մեկը, ով սիրահարված է արևմտահայերենին և արևմտահայ գրականությանը: Սակայն ինձ համար որպես ազգային արժեք` հավասարազոր են թե՛ արևմտահայ, թե՛ արևելահայ լեզուները: Երկուսն էլ իմն եմ:

– Կա կարծրատիպ, որ արևելահայ պոեզիան զիջում է արևմտահայ պոեզիային: Համաձա՞յն եք:

– Չէի ասի, որ այդպես է: Տարբեր ժամանակներ մենք տարբեր մակարդակի պոետներ ենք ունեցել: Արևմտահայ պոեզիայի ոսկեդարը եղել է 19-րդ դարի վերջը, 20-րդի սկիզբը: Բայց պակաս չէ նաև արևելահայ պոեզիան: Նույն ժամանակահատվածում ունեցանք Թումանյան, Տերյան, Իսահակյան, Չարենց, ապա` Սևակ. նրանց այսօր միջազգային ասպարեզում կարող ենք բաց ճակատով ներկայացնել: Հավասարապես նրանց կողքին կարող ենք դնել Վարուժանին, Սիամանթոյին, Սևակին, Դուրյանին, Մեծարենցին: Ինձ համար յուրաքանչյուրն իր ձևով և իր չափով է զարգացրել մեր գրականությունը:

– Ասացիք, որ սիրահարված եք արևմտահայերենին. ՅՈՒՆԵՍԿՕ-ի եզրակացությամբ` մեռնող լեզուների ցանկում նաև արևմտահայերենն է: Ձեզ այդ եզրակացությունը չի՞ դառնացնում:

– Աշխարհի այսօրվա զարգացման և գլոբալիզացիայի պայմաններում դա, որպես կանխատեսում, իրատեսական է: Արևմտահայերենի և Արևմտահայաստանի վերադարձի հնարավորության վերջին ակնկալիքները փլուզվեցին, երբ փլուզվեցին մեր Մերձավոր և Միջին Արևելքում եղած մեծ գաղութները: Ունեինք Լիբանանի` 250.000 հայ բնակչություն ունեցող գաղութը` իր դպրոցներով, թերթերով, ակումբներով և անգամ համալսարանով: Այսօր 50.000 հայություն է մնացել, որն առավելապես առօրյա խնդիրներով է զբաղվում, քան հոգևոր արժեքների ստեղծմամբ: Այնտեղից գաղթած հայերը ցրվել են ամբողջ աշխարհում: Մյուսը պարսկահայ գաղութի փլուզումն էր. պարսկական հեղափոխության ժամանակ շատ հայեր ստիպված եղան հեռանալ Իրանից:

Իսկ այդ երկրներում հայերն իսլամական միջավայրում պահպանում էին և՛ հայկական արվեստը, և՛ հայկական դպրոցը, և՛ լեզուն: Նախ` իսլամի հանգամանքը խանգարում էր մերձեցմանը, խառնամուսնություններին, երկրորդ` արվեստի, մշակույթի մակարդակների տարբերությունը. շրջապատի մակարդակն ավելի ցածր էր, քան հայկական մշակույթինը: Երիտասարդության համար գրավիչ է ավելի բարձր, առաջադեմ արվեստը: Եվ դա էր պատճառը, որ եվրոպական և ամերիկյան գաղութները շատ շուտ ձուլվեցին, իսկ Արևելքում հայկական գաղութները հնարավորինս պահեցին իրենց լեզուն ու մշակույթը: Ունենք 500.000-անոց ֆրանսահայ գաղութ: Այսօր քանի՞ հայ է խոսում հայերեն, որ անգամ մտածենք մաքուր արևմտահայերենի պահպանման մասին: Վաղ-մյուս օրն Ամերիկայի, ներողություն, խառնամբոխը` Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Հայաստանի տարբեր մարզերից, Ռուսաստանից գաղթած հայկական զանգվածը, մեկ-երկու սերունդ հետո արդեն չի կարողանա պահպանել լեզուն: Լեզուն պահպանվում է լեզուն կրողով, իսկ եթե կրողն էլ կտրվում է իր հողից, լեզուն ապագա չունի:

– Առավել ևս, երբ չունենք արևմտահայերենի մեկ ընդհանուր, համակարգված լեզու, չկա անգամ արևմտահայերենի դասագիրք` Սփյուռքի համար. յուրաքանչյուր գաղութ, համայնք ունի իր լեզուն, իր ուղղագրությունը, իր արտասանությունը:

– Կուռ համակարգ կարող էինք ունենալ, եթե պետական մոտեցում լիներ կամ համակարգող լիներ: Դա էլ Եղեռնի վնասներից էր. հայ ժողովուրդն այնպես ցրվեց, որ ամեն գաղութ իրեն ապաստանած երկրի ազդեցությունն ունեցավ լեզվի վրա, և հնարավոր չեղավ արևմտահայերենով խոսող աշխարհով ցրված զանգվածի համար ստեղծել մի ընդհանրական համակարգ, դասագիրք, որով դասավանդվեր այդ լեզուն: Եվ դա էլ մեր խեղճություններից մեկն էր` չունենալ պետական մոտեցում այդ հարցում: Խորհրդային Հայաստանում սփյուռքի դպրոցների համար դասագրքեր էին կազմում, բայց դասագրքերի մեծ մասը կազմված էին Սփյուռքը չիմացող մասնագետների կողմից: Դա էլ չնպաստեց ո՛չ լեզվի, ո՛չ գրականության իմացությանը:

– Դուք դասական ուղղագրության կողմնակիցներից եք: Ի՞նչ եք կարծում` որքանո՞վ է իրատեսական անցումը դասական ուղղագրությանը: Բազում հակափաստարկներին միայն ավելացնեմ այն, որ դասական ուղղագրության մասնագետներին, ուսուցիչներին կարող ենք մատների վրա հաշվել:

– Չեմ ուզում խորանալ մասնագիտական հարցերում, բայց որպես հայ` ցանկանում եմ, որ մեր ունեցած, ստեղծած գերագույն արժեքները պահպանվեն և հաջորդ սերունդներին փոխանցվեն: Իսկ ես մեր դասական ուղղագրությունը համարում եմ արժեք: Մենք մեր հարստությունը չենք ճանաչում, այդ պատճառով էլ տիրություն չենք անում: Տեսեք` ինչ է կատարվում այսօր մեր դպրոցներում և բուհերում. չի՛ դասավանդվում գրականություն, որովհետև մեր դպրոցներն այսօր դարձել են միայն շտեմարաններ սպասարկող մեխանիզմ: Նույնը նաև համալսարաններում է կատարվում: Այո՛, բանասիրական ֆակուլտետում ուսումնասիրում են, բա մնացա՞ծը:

Բժշկին գրականություն իմանալ պետք չէ՞, նա մտավորական չէ՞: Իսկ ինժեները, իրավաբանը: Նրանք ոչ գրականություն, ոչ լեզու են անցնում: Իսկ եթե դպրոցն էլ կաղապարված է միայն շտեմարանային շրջանակում, որտե՞ղ սովորեն: Հիմա էլ գրոհել են հեռուստատեսությունն ու ինտերնետը:

– Կարծում եք` հայոց լեզվի, գրականության պահանջարկը կա, մատուցման եղանա՞կը ճիշտ չէ:

– Այդ պահանջարկը մեր պետական այրերը, մտավորականները պիտի պարտադրեն: Ինչպե՞ս էր առաջ. բոլոր կարևոր առարկաներից քննություն էինք հանձնում, և այդ թվում` հայոց լեզվից և գրականությունից: Ես ընդունվել եմ բժշկական ինստիտուտ, հանձնել եմ և՛ լեզու, և՛ գրականություն: Շարադրություն եմ գրել, որտեղ կա և՛ գրականություն, և՛ լեզու:

– Հայոց լեզվի հանդեպ կա պրագմատիկ մոտեցում` իմանալ այնքան, որքան պետք կգա աշխատանքիդ մեջ: Բարձր վարձատրվող աշխատանքներում, որպես կանոն, հայերենի իմացությունն անհրաժեշտություն չէ:

– Իսկ ո՞վ է ասել, որ այդպես պետք է լինի: Յուրաքանչյուրը լիարժեք կրթություն կարող է ստանալ մայրենի լեզվով: Մանկապարտեզից սկսած` նախնական կրթությունը պետք է հայերենով լինի, հետո թող գնան Փարիզի, Նյու Յորքի, Սորբոնի համալսարաններում սովորեն:

Եթե այսօր հայը Հայաստանում անգլերենով պիտի կրթություն ստանա, նա թերարժեք հայ պիտի դառնա: Նա չի կարող լիարժեք մարդ կամ մտավորական կոչվել: Այդ դեպքում ինչո՞ւ Սովետի դեմ դուրս եկանք. մեր առաջին ընդվզումը դա էր` հայը Հայաստանում ռուսերենով էր ստանում կրթությունը, և եթե այդպես շարունակվեր ևս 20 տարի, Հայաստանում հայ չէր մնա կամ հայերեն իմացող չէր մնա: Հիմա մեկից ազատվեցինք, մյո՞ւս ծայրահեղության մեջ ընկանք:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս