Բարդ մրցույթներին ավելի շատ են դիմում, քան պարզ մրցույթներին
Հայաստանում իրականացվող ռոբոտների բարդ մրցույթներին ավելի շատ մասնակիցներ են դիմում, քան ավելի պարզ մրցույթների դեպքում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Արմռոբոտիքսի» մենեջեր Մարիամ Նահապետյանը` նշելով, որ, օրինակ, գծին հետևող ռոբոտների համար դիմող մասնակիցներ գրեթե չկան, մինչդեռ վերջերս անցկացված ամենաբարդ` «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթին մի քանի տասնյակ երիտասարդներից կազմված թիմեր էին դիմել:
Ըստ մեր զրուցակցի` մրցույթների մասնակիցների համար կարևոր է ոչ միայն իրենց ստեղծած ռոբոտով մրցույթին ներկայանալը, այլև` որպեսզի իրենց ստեղծած ռոբոտը հետագայում կիրառություն գտնի որևէ ոլորտում: «Օրինակ, երբ հայտարարում ենք գծին հետևող ռոբոտի մրցույթ՝ մասնակիցներն ավելի քիչ են, իսկ երբ, ասենք. ական հետևող ռոբոտների մրցույթ է հայտարարվում, ապա մի քանի տասնյակ մարդ միանգամից դիմում է: Օրինակ` տղա դիմողները նախևառաջ իրենց զինվորական ծառայությունը աչքի առջև ունենալով և հիշելով այն, կարծում են, որ իրենց ստեղծած ական փնտրող ռոբոտը կյանքի կոչվելուց հետո կարող է հետագայում կիրառություն գտնել հենց բանակում»,- ասաց Մ. Նահապետյանը:
Նրա խոսքով` ռոբոտաշինության բնագավառում ամենամեծ խնդիրը կադրայինն է, քանի որ համալսարաններում չկան հատուկ ռոբոտաշինության ուղղվածության ֆակուլտետներ, և հաճախ անգամ մեծ ցանկության դեպքում երիտասարդները չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրը` հենց գիտելիքների պակասի պատճառով: Իսկ այդ բացը լրացնելու նպատակով արդեն մեկնարկում է «Արմռոբոտիքսի» նոր՝ «Ճարտարագիտության ձեռներեցության» ծրագիրը, որի շրջանակներում երիտասարդ մասնագետների համար կհայտարարվի «Ռոբոտներն առօրյայում գաղափարների մրցույթ», բացի այդ՝ երիտասարդների համար ռոբոտաշինության հատուկ դասընթացներ կանցկացվեն:
«Մենք դասընթացներ ենք սկսում դպրոցներում: Այդ հետաքրքրությունը պետք է կարողանանք պահել հետագայում նաև համալսարաններում, որպեսզի այդ ամբողջ կատարված հսկայական աշխատանքը հանկարծ ի չիք չդառնա: Այսինքն` երեխան, ով հետաքրքրված է դպրոցում, կարողանա շարունակել իր ուսումը նաև համալսարանում հենց իրեն հետաքրքրող ռոբոտաշինության բնագավառում»,- ասաց Մ. Նահապետյանը` նշելով, որ ծրագրի շրջանակներում ընտրական փուլը հաղթահարած մասնակիցներին համապատասխան գումարներ կկարողանան տրամադրել իրենց սեփական ռոբոտը սարքելու համար:
«Ռոբոտաշինությունը, իհարկե, թանկ հաճույք է, և շատ հարցեր արտադրության մասով Հայաստանում դժվար է լուծել, սակայն կան բազմաթիվ խնդիրներ մեր իրականությունում, որտեղ լուծումներ կարող են տալ հայ ճարտարագետները, իսկ այդ ամենը կարող է ոչ միայն նպաստել մեր երիտասարդ կադրերի աշխատանքի տեղավորմանը, այլև արտադրական կազմակերպություններին տեղական սարքավորումներ առաջարկելուն»,- ասաց Մ. Նահապետյանը` նշելով, որ հակառակ պարագայում մենք որևէ աճ չենք կարող ունենալ այս բնագավառում, քանի որ երիտասարդի համար նախևառաջ կարևոր է աշխատանքի ապահովվածությունը` հետագա բարեկեցությունն ապահովելու համար:
«168 ԺԱՄ»