«Օրենքով չնախատեսված եղանակով պարոն Սէֆիլյանին հրավիրել էին բացատրություն տալու»
Մայիսի 31-ին Ազատության հրապարակում Նախախորհրդարան նախաձեռնության կողմից կազմակերպված հավաքներից մեկի ժամանակ ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը կարդացել էր նախաձեռնության հաղորդագրությունը` տեղեկացնելով, որ Նախախորհրդարանի` մայիսի 17-ի հանրահավաքից հետո անուղղակի սպառնալիքներ են ուղղվել Նախախորհրդարանի քարտուղարության անդամ և Սարդարապատ շարժման խմբի համակարգող Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ:
Այսօր Ազատության հրապարակում կայացած հերթական հավաքին Վարուժան Ավետիսյանը նոր մանրամասներ պատմեց այս առնչությամբ` նշելով, որ ՀՀ ոստիկանությունը արձագանքել է Նախախորհրդարանի արձագանքին «բավական ուշ և բավական անօրինական կերպով»:
«Օրենքով չնախատեսված եղանակով պարոն Սէֆիլյանին հրավիրել էին բացատրություն տալու: Ասեմ, որ դա օրենքի բաց է, այդպիսի բան օրենքով նախատեսված չէ, իսկ եթե որևէ բան օրենքով նախատեսված չէ, ապա քաղաքացուն նման պահանջ չի կարող ներկայացվել»,- ասաց Վարուժան Ավետիսյանը: Վերջինս նշեց, որ Ժիրայր Սէֆիլյանին հասցեագրված Ոստիկանության ծանուցման մեջ եղել է պահանջ, թե Ժ. Սէֆիլյանը «պարտավոր է իր բացակայության հարգելի պատճառի դեպքում այդ մասին վաղօրոք հաղորդել Ոստիկանությանը»:
«Երևի շատերդ գիտեք` հանդես եկանք համապատասխան հաղորդագրությամբ, որտեղ իրավական մեկնաբանություն տվեցինք Ոստիկանության ապօրինի գործողություններին` հիմնավորելով, որ ինչպես հրավերը, այնպես էլ բացակայության մասին պարտավորություն ներկայացնելու պահանջը անօրինական են: Այսօր այդ երևույթը վերածվել է զավեշտի. Ոստիկանությունը երկրորդ անգամ է ուղարկել ծանուցագիր, բնականաբար չի կարողացել երեք օրվա մեջ օրենքի բացը լրացնել … ստիպված առաջին պայմանը թողել է նույնը, իսկ երկրորդը` «պարտավոր եք» ձևակերպման փոխարեն գրել է «խնդրում ենք» և կարծում է, թե լրացրեց և հարցը լուծեց: Իսկ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ քննիչ պարոն Լ. Կարապետյանը, ով օրենքի խախտում էր կատարել և պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկվեր, այդպես էլ չի ենթարկվել պատասխանատվության, ինչի հետևանքով երկրորդ ծանուցագիրն է ուղարկվել: Սրան մենք արդեն երևի հումորով վերաբերվենք»,- նշեց Վարուժան Ավետիսյանը: