Արամ Կարապետյան. «Այդ ո՞նց է, երբ ընդդիմության ներկայացուցիչներն իրար բարև են տալիս կամ սուրճ են խմում՝ ամեն ինչ ձայնագրվում է, իսկ օֆշորային գոտում խոշոր գումարային փոխանցումներ են կատարվում, և ոչ մեկը ոչ մի բան չի իմանում»
Hetq.am առցանց լրատվամիջոցի՝ «Ովքե՞ր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել էր Դատախազություն, որն էլ իր հերթին՝ գործն ուղարկել է ՀՀ ոստիկանություն: Հիշեցնենք, որ լրատվամիջոցը ծավալուն հրապարակում էր պատրաստել այն մասին, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության երեք բաժնետերերից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս հրապարակման շուրջ քննարկումները շարունակվում են հասարակական և քաղաքական շրջանակներում:
Վարչապետն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ օրերս ասաց. «Ես համարում եմ, որ սա անհեթեթություն է, ինքս չեմ գրանցել որևէ օֆշորային գոտում կազմակերպություն, որևէ մեկին լիազորություն չեմ տվել գրանցել այդ կազմակերպությունը»:
Բազմաթիվ քաղաքական գործիչներ վարչապետի այս մեկնաբանությունը անհեթեթություն անվանեցին: Ոմանց կարծիքով՝ երկրի ղեկավարն այս ամենից պետք է հետևություններ անի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հեռացնելով Տ. Սարգսյանին, ոմանց կարծիքով էլ՝ իշխանությունները հերթական անգամ կկոծկեն և «կջրեն» այս պատմությունը: «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է կոծկել այս պատմությունը, ասել է. «Հայաստանում յուրաքանչյուր գործ կարելի է փորձել կոծկել: Բայց հասարակության մեջ շատ վաղուց արմատացած կարծիք կա, որ հենց այդպես է:
Քաղաքականության մեջ միայն այն չէ, որ քրեական պատասխանատվության հանցագործ լինես, որ վարկաբեկվես: Հանրային կարծիքի համաձայն, եթե անկեղծ լինենք, իշխանությունը կապվում է հիմնականում փող աշխատելու մեխանիզմի հետ. մարդիկ ձգտում են իշխանության, որ փող աշխատեն` համապատասխան մշակված մեխանիզմների միջոցով: Մի բան եմ ուզում իրենց հարցնել` երբ փողեր սկսեցին փոխանցել, այն էլ` խոշոր չափերով, բա մեկը չհետաքրքրվե՞ց, չտեսա՞վ դա, փաստաթղթերի հետ կապված արդեն գործընթացներ են առաջացել, որովհետև դա «զրոյական» օֆշոր չի եղել, չէ՞, փոխանցումներ են կատարել, գործարքներ»,- ասել է Ա. Կարապետյանը:
Վերջինս նաև հարց ուղղեց իշխանություններին. «Այդ ո՞նց է, երբ ընդդիմության ներկայացուցիչներն իրար բարև են տալիս, գնում են սուրճ խմելու, ամեն ինչ ձայնագրվում է, իսկ այս դեպքում խոշոր գումարային փոխանցումներ են կատարվում, և ոչ մեկը ոչ մի բան չի իմանում: Օֆշորները յուրահատուկ հնարավորություններ ունեն, բայց միաժամանակ ունեն կոնկրետ պահանջներ, այն է՝ պետք է լուրջ բանկում հաշիվ բացես ու բավական լուրջ փաստաթղթեր ներկայացնես: Իսկ ոչ լուրջ բանկում հաշիվ բացելը փողի փոխանցման համար դժվարություններ է ստեղծում, դա ծանր խնդիր է` գումարը կարող է տեղ էլ չհասնել: Իսկ լավ բանկում հաշիվ բացելու համար փաստաթղթեր են պետք, անհատական ներկայությունն է պարտադիր, այնպես որ` պետք չէ բոլորին հիմարի տեղ դնել»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամի» վաղվա համարում: