Կմիավորվե՞ն Վանաձորի պոլիկլինիկաները

Վանաձորի բուժաշխատողների շրջանում լուրեր են շրջանառվում քաղաքի պոլիկլինիկաների հնարավոր միավորման մասին: Վանաձորում 5 պոլիկլինիկա կա (առողջության առաջնային կենտրոն), 1 բժշկական կենտրոն, 1 ինֆեկցիոն հիվանդանոց և 1 նյարդահոգեբանական դիսպանսեր, որոնք բոլորը ՓԲԸ-ներ են:

Մեզ հասած լուրերի իսկությունը փորձեցինք ճշտել Լոռու մարզպետարանի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանից: Նա ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը:

«Մենք այս պահին վերամիավորում չունենք,- ասաց վարչության պետը, -Մենք մեր աշխատանքային խորհրդակցությունն ենք անցկացրել, առաջարկություններ ենք սպասում բոլոր տնօրեններից, թե ինչպես են պատկերացնում հետագա մեր գործունեությունը»:

168.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք ինչ-որ բա՞ն է փոխվել, որ աշխատանքն այլևս հնարավոր չէ կազմակերպել առաջվա նման: «Փոփոխություններ չկան, բայց որոշակի փոփոխությունների կարիք կա: Թե ինչ ձևով և ինչպես կարվի, դա արդեն կերևա»,- ասաց Ս. Լամբարյանը:

Փոփոխություններից նա նշեց. «Մենք քննարկում ենք, թե ինչի կարիք ունենք: Եթե մի փոփոխություն նախաձեռնենք, կամ նախագծի տեսք ստանա, բոլորիդ կհայտնեմ»: Մեր հարցին` առաջարկությունն ի՞նքն է անում, պատասխանեց. «Բոլորն անխտիր»:
Ամեն դեպքում, վարչության պետն իրատեսական համարո՞ւմ է պոլիկլինիկաների միավորումը. այս հարցին էլ հետևյալ պատասխանը հաջորդեց. «Այս պահին ոչինչ ասել չեմ կարող: Յուրաքանչյուր պահի կարող են փոփոխություններ լինել` և ավելացումներ, և պակասեցումներ` կախված և ֆինանսավորման, և մեր կարգավիճակից»:

Տեսանյութեր

Լրահոս