
Իրանում կարող է երկարաձգվել նախագահական ընտրությունների քվեարկության ժամկետը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում կարող է երկարաձգվել այսօր ընթացող նախագահական ընտրություններում քվեարկելու ժամկետը: Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջարը:
Վերջինիս խոսքերով՝ տվյալ հարցում վերջնական որոշումն ընդունվելու է երեկոյան. «Օրենքով ընտրություններում քվեարկության ժամկետը կազմում է 10 ժամ (ժամը 08.00-18.00): Սակայն անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել ներքին գործերի նախարարի որոշմամբ:
Նկատի ունենալով, որ վերջին երեք ժամերին հաճախակիացել է ընտրողների քանակը, մենք ենթադրում ենք, որ քվեարկության ժամկետը կերկարաձգվի, սակայն կոնկրետ որոշումը կընդունվի քվեարկության ավարտի մոտ»:
Իրանական ԶԼՄ-ները կանխատեսում են, որ այս տարի նախագահական ընտրություններին կմասնակցի ընտրելու իրավունք ունեցողների 60 տոկոսը: 2009 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 85 տոկոս: