Սիրիայի տարածքում բախվել են թուրքական ստորաբաժանումն ու քրդերի ջոկատները. արաբական մամուլ
Սիրիական DamPress պարբերականի փոխանցմամբ՝ թուրքական բանակը փորձել է ներխուժել Սիրիայի տարածք: Խոսքը գնում է Հալեպից արևմուտք ընկած տարածքի մասին:
Թուրք-սիրիական սահմանի խախտումը տեղի է ունեցել հունիսի 12-ի երեկոյան Թուրքիայի Ռեյհանլը քաղաքի շրջանում: Այդ մասին միաժամանակ հայտնել են նաև արաբական այլ աղբյուրներ:
Նշվում է, որ թուրքական բանակի ստորաբաժանումն առաջադրանք է ստացել շոշափել քրդերի վերահսկողության տակ գտնվող սահմանամերձ գոտում տիրող իրավիճակը՝ հետագայում առավել մասշտաբային ներխուժում ձեռնարկելու համար:
Տեղական ժամանակով ժամը 16.00-ի մոտ թուրքական հետախուզական խմբերը մտել են Մելա Խալիլ փոքր գյուղ, որը գտնվում է հենց սահմանին՝ Աֆրին քաղաքից 27 կիլոմետր հեռավորության վրա և փորձել են ամրապնդվել այնտեղ:
Նրանք գրավել են ոստիկանատան շենքը և այնտեղ տեղակայել են խոշոր տրամաչափի գնդացիրներ: Սակայն քրդական ինքնապաշտպանական ջոկատները շրջափակել են այդ գյուղը և հարձակվել են այնտեղ ամրացած թուրքերի վրա:
Մարտը տևել է երկու ժամ, որի ընթացքում թուրքական ստորաբաժանումը կորուստներ է կրել և նահանջել է: Քրդերի տվյալներով՝ թուրք զինվորականների շրջանում կան սպանվածներ ու վիրավորներ: