Մենք պետք է նորից վերադառնանք Մերձավոր Արևելք. Վլադիմիր Ժիրինովսկի
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է սիրիական ընդդիմությանը ռազմական օգնություն ցուցաբերելու մասին Վաշինգտոնի կողմից որոշում ընդունելը.
«Ամերիկացիները Սիրիայում պատրաստում են իրաքյան սցենարը: Մենք հանրահավաք կանցկացնենք ԱՄՆ դեսպանատան մոտ: Մենք կաջակցենք մեր կառավարության գործողություններին՝ Սիրիայի երկինքը փակել ամեն տիպի հրթիռների ու ինքնաթիռների համար, որպեսզի ոչ ոք չկարողանա ռմբակոծել: Դրա համար մենք ունենք հակահրթիռային պաշտպանության բոլոր անհրաժեշտ համակարգերը:
Մենք նաև կաջակցենք (Վլադիմիր Պուտինի) նախաձեռնությանը՝ կապված մեր զինված ուժերը որպես խաղաղապահներ (Գոլանի բարձունքներ) ուղարկելու հետ, որոնք այնտեղ կփոխարինեն նրանց, ովքեր վախեցած լքում են այն: Մենք պետք է նորից վերադառնանք Մերձավոր Արևելք»:
Ժիրինովսկին քննադատել է նաև Եվրախորհրդարանին՝ հայտարարելով, որ վերջինս չպետք է միջամտի Ռուսաստանի ներքին գործերին՝ կապված սեռական փոքրամասնությունների խնդիրների հետ. «ԵՄ-ը թող զբաղվի Եվրոպայի խնդիրներով, որը գնալով ավելի է սուզվում և շուտով կխորտակվի»: