Սիրիայի ԱԳՆ-ը ողջունել է Գոլանի բարձունքներում խաղաղապահներ տեղակայելու ՌԴ-ի առաջարկը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի իշխանություններն անխոս ողջունում են Մոսկվայի առաջարկը՝ կապված Գոլանի բարձունքներում ՝Սիրիայի ու Իսրայելի միջև բաժանարար գծում, ռուս խաղաղապահներ ուղարկելու հետ:
Այս մասին հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը. «Մենք ողջունում ենք Գոլանում ռուս խաղաղապահների հայտնվելը՝ առանց որևէ վերապահման»:
Ռուսաստանը Գոլանի բարձունքներ իր խաղաղապահներին ուղարկելու մասին առաջարկն արել էր նախորդ շաբաթ, ինչին նախորդել էր այն, որ Ավստրիան որոշել էր այնտեղից դուրս բերել իր խաղաղապահներին՝ կապված նրանց անվտանգությանը սպառնացող վտանգի աճի հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր, որ ռուս խաղաղապահները կարող են Գոլանի բարձունքներում փոխարինել ավստրիացիներին, եթե դրանոմ շահագրգռված լինեն տարածաշրջանի երկրները և եթե ՄԱԿ-ն այդ հարցով խնդրի Ռուսաստանին:
Սակայն ՄԱԿ-ը մերժել էր այդ առաջարկը՝ ընդգծելով, որ Գոլանի բարձունքներում խաղաղապահ գործունեության մեջ Ռուսաստանի ներգրավումն անհնար է, քանի որ դա արգվելված է ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներին՝ համաձայն 1974 թվականի արձանագրության:
Այժմ ՄԱԿ-ը զբաղված է ավստրիացի խաղաղապահներին փոխարինող ընտրելու փնտրտուքով: Որոշակի հետարքրություն են ցուցաբերում Դանիան ու Շվեդիան, ինչպես նաև Ֆիջին: