ԱՄՆ կիբեր հետախուզության գերգաղտնի ստորաբաժանումը համայն աշխարհում սերվերներ է կոտրում. Foreign Policy
Ամերիկյան Foreign Policy պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ կիբեր հետախուզությունը համայն աշխարհում սերվերներ է կոտրում: Այս մասին պարբերականին հայտնել են Ազգային անվտանգության գործակալությունում ունեցած աղբյուրները:
Վերջիններիս պնդմամբ՝ գոյություն ունի ԱՄՆ կիբեր հետախուզության գերգաղտնի ստորաբաժանում, որը համայն աշխարհում զբաղվում է սերվերներ կոտրելով: Այն կոչվում է «Մասնագիտացված մուտքի օպերացիաներ» (Tailored Access Operations, TAO):
TAO-ն գրեթե 15 տարվա ընթացքում հաջողությամբ ներթափանցել է չինական համակարգչային ու հեռահաղորդակցային համակարգեր՝ հավաքելով ամենալավ ու հուսալի հետախուզական տեղեկատվությունն այն մասին, թե ինչ է տեղի ունենում Չինաստանում:
TAO-ի գրասենյակը քողարկված է Մերիլենդ նահանգի Ֆորտ Միդ քաղաքում գտնվող Ազգային անվտանգության գործակալության շտաբ-բնակարանում: TAO-ի գրասենյակի պողպատյա մուտքը պահպանում են զինված պահապանները, իսկ այնտեղ մուտք գործելը հնարավոր է միայն վեցանիշ գաղտնաբառի մուտք անելուց և այցելուի աչքի ցանցաթաղանթների սկանավորումից հետո:
Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակիցների տվյալներով՝ TAO-ի առաքելությունը պարզ է. TAO-ն տեղեկատվություն է հավաքում արտասահմանյան թիրախների մասին՝ գաղտնի կոտրում է համակարգիչներն ու հեռահաղորդակցային համակարգերը, վերծանելով գաղտնաբառերը՝ ներթափանցում է անվտանգության համակարգչային համակարգերի մեջ, որոնք պաշտպանում են հարձակման ենթարկված համակարգիչները:
Ապա նա հափշտակում է համակարգիչներում եղած տվյալները և պատճենում է բոլոր հաղորդագրությունները: Նմանատիպ տեղեկատվությունն ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս կիբեր հարձակումների օգնությամբ ոչնչացնել կամ վնասել օտար համակարգչային համակարգերը, եթե այդպիսի հրաման է արձակում նախագահը: Այդ հարձակումների համար պատասխանատվություն է կրում ԱՄՆ կիբեր հրամանատարությունը (Cybercom), որը գլխավորում է Ազգային անվտանգության գործակալության տնօրենը: