Իրանում մեկնարկել են 11-րդ նախագահական ընտրությունները
IRIB News-ի փոխանցմամբ՝ այսօր Իրանում տեղի են ունենում 11-րդ նախագահական ընտրությունները: Դրանք մեկնարկել են տեղական ժամանակով ժամը 08.00-ին: Իրանցիները կարող են քվեարկել ողջ երկրով մեկ ստեղծված 66.000 ընտրատարածքներում: Նախագահի աթոռի համար պայքարում է վեց թեկնածու:
Նրանցից մեկը ներկայացնում է ռեֆորմիստական թևը: Խոսքն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար և Իրանի միջուկային ծրագրի հարցով «Վեցյակի» հետ նախկին գլխավոր բանագնաց Հասան Ռոուհանիի մասին է:
4 թեկնածու ներկայացնում է պահպանողականների ճամբարը՝ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Իսլամական հեղափոխության պահակազորի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար և Իրանի միջուկային ծրագրի հարցով «Վեցյակի» հետ գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին:
Փոստի ու հեռագրության նախարար Սեյեդ Մոհամմադ Խարազին էլ անկախ թեկնածու է: Փորձագետները նախապատվությունը տալիս են Սայիդ Ջալիլիին:
Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով հաղթել է 2005 և 2009 թվականի նախագահական ընտրություններում, երկրի Սահմանադրության համաձայն, իրավունք չուներ այս անգամ էլ առաջադրելու սեփական թեկնածությունը:
Իրանում քվեարկության իրավունք ունի գրեթե 50.5 միլիոն մարդ: Արտասահմանաբնակ իրանցիները կարող են նախագահական ընտրություններին մասնակցել աշխարհի 96 երկրում ստեղծված 290 ընտրատեղամասերում, ուր Իրանից ուղարկվել է 850.000 քվեաթերթիկ:
Նախագահական ընտրությունների ընթացքը լուսաբանելու է 39 երկրի 421 լրագրող: Նախագահական ընտրությունների հիմնական արդյունքները հայտարարելու է Իրանի ՆԳՆ-ը, ապա դրանք հաստատվելու են Պահապանների խորհրդի կողմից: Իրանում նախագահն ընտրվում է 4 տարով: