Գոտիները ձգելու ժամանակը. ԿԲ-ն 8%-անոց գնաճ է կանխատեսում
ՀՀ տնտեսությունն առաջարկի շոկի առաջ է կանգնած, և առաջիկա 1 տարում գնաճը կտատանվի 8%-ի սահմաններում: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը: Ըստ նրա՝ 2014թ. երկրորդ կեսից գնաճը կրկին կհայտնվի նպատակային՝ 4±1.5%, միջակայքում:
«Գազի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը գնաճը միանգամից ավտոմատ կերպով բարձրացնելու է»,- ասաց Ա.Ստեփանյանը՝ նշելով, որ էներգակիրները կազմում են սպառողական զամբյուղի 10.5%-ը:
Ըստ ԿԲ խորհրդի անդամի՝ այն շուկաները, որտեղ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ կան, հսկվում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողվի կողմից, և գնային փոփոխություններն այդտեղ չափավոր կլինեն:
Ա. Ստեփանյանը փաստեց, որ բարձր գնաճը սոցիալական խնդիրներ է առաջացնում, իսկ երկար ժամանակահատվածում այն կարող է ազդել տնտեսական ներուժի վրա: Ամեն դեպքում, ԿԲ պաշտոնյան չհամաձայնեց դիտարկմանը, որ չնայած նախագահ Սերժ Սարգսյանի «վարդագույն» ելույթների, Հայաստանին ամենավատ ժամանակաշրջանն է սպասվում։ Ըստ Ա. Ստեփանյանի՝ ամենավատը 2009 թվականին էր, երբ ավելի քան 14% տնտեսական անկում եղավ, որի մեծ մասը պայմանավորված էր շինարարության անկմամբ, և երբ տնտեսությունը դիվերսիֆիկացված չէր: «Հիմա տնտեսական ներուժը բարձր է գնահատվում»,- ասաց Ա. Ստեփանյանը:
ԿԲ-ն, բանախոսի խոսքով, պահելու է «իրական տոոկսադրույքներ» այնքան ժամանակ, մինչև համոզված լինի, որ գնաճի իրական ազդեցությունը կմեղմվի. «Նվազեցնելու ենք տոկոսադրույքները, որ կառավարության հետ համատեղ առաջացող ճեղքը մեղմենք և խթանենք տնտեսական աճը»:
Հարցին՝ ԿԲ-ն իր հաշվարկներում հաշվի առնո՞ւմ է ընտրակաշառքի ազդեցությունը ծառայությունների ոլորտի վրա, Ա. Ստեփանյանը պատասխանեց, թե ԿԲ-ն առաջնորդվում է միայն Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով:
Անդրադառնալով տնտեսական աճի վերաբերյալ ՀՀ կառավարության և ԿԲ կանխատեսումների տարբերություններին (համապատասխանաբար՝ 6.2-7% և 4.7-5.9%)՝ Ա. Ստեփանյանը հայտարարեց՝ իրենց կանխատեսման մեջ ռիսկերը հավասարաչափ են բաշխված: