201 փաստաբանների գործադուլը մեկնարկեց

Այսօր մեկնարկել է 201 փաստաբանների գործադուլը. փաստաբաններն այսօր և վաղը չեն մասնակցի դատական նիստերի և դատավարական այլ գործողությունների՝ այսկերպ արտահայտելով իրենց բողոքը վճռաբեկ դատարանի գործողությունների դեմ: Գործադուլի հանրային քննարկման ընթացքում փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու որոշումները չպատճառաբանելը, ինչպես նաև վճռաբեկ բողոքները վերադարձնելու որոշումները չպատճառաբանելը մի շարք հետևանքների է հանգեցնում. «Դա վճռաբեկ դատարանի որոշումը զրկում է օրինական, համոզիչ և հեղինակավոր դատական ակտի կարգավիճակից: Երկրորդ, վնասում է վճռաբեկ վարույթում անձանց իրավունքների պաշտպանության հնարավորության կանխատեսելիությանը: Երրորդ՝ հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի, և չորրորդ՝ հանգեցնում է երկակի ստանդարտներով խտրական որոշումներին: Նույնիսկ իր անկանխատեսելիության մեջ անհետևողական լինելով՝ վճռաբեկ դատարանն այնպիսի բողոքներ է քննության ընդունում, որոնց մեջ ընդհանրապես բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումները, այնինչ օրենքն այս առումով հստակ մատնանշում է, որ նման բողոքները պարտադիր պետք է վերադարձվեն։ Ավելին՝ եթե ուսումնասիրենք այս բողոքները և այն վարույթ ընդունելու վճռաբեկ դատարանի որոշումները, ակնհայտ կդառնա, որ վճռաբեկ դատարանի համար կարևոր չէ՝ վճռաբեկ բողոքը համապատասխանո՞ւմ է օրենքով սահմանված չափանիշին, թե՞ ոչ»:

Փաստաբանը մատնանշեց նաև այն հանգամանքը, որ օրենքով նախատեսված է՝ վճռաբեկ դատարանը պարտավոր է արձանագրություն կազմել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննարկելիս, և այն պարտադիր պայման է արդարադատություն իրականացնելու համար. «Հետևաբար, եթե դատարանի որոշումները կայացվում են առանց նիստեր հրավիրելու և առանց արձանագրություններ կազմելու, ապա նման որոշումները չեն կարող համարվել օրենքով սահմանված կարգով կայացված որոշումներ: Նշանակում է՝ դրանք կայացվել են օրենքի կոպիտ խախտումներով, հետևաբար՝ դրանք բոլորն անօրինական են: Այսպիսով, վճռաբեկ դատարանի դատական ակտերի մեծ մասը, բողոքները վարույթ ընդունելու և բողոքները վերադարձնելու որոշումները անօրինական դատական ակտեր են և կայացվել են օրենքի պահանջները կոպտորեն ոտնահարելով: Այս հանգամանքը հաստատում է, որ արդեն երկար տարիներ վճռաբեկ դատարանի կողմից արդարադատություն ուղղակի չի իրականացվում»:

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանն ասաց, որ պաշտպանի անձնակազմը կիսում է փաստաբանների մտահոգությունները: «Մենք հայտնում ենք մեր զորակցությունը խնդիրը բարձրացրած փաստաբաններին»,- ասաց նա:

Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը հիմնավոր չհամարեց փաստաբանների բողոքը: Նա ասաց, որ փաստաբանները հիմնականում մեկ բողոք են ներկայացնում՝ վճռաբեկ դատարանում չեն պատճառաբանվում վարույթ ընդունելու կամ վերադարձնելու որոշումները. «Ըստ էության, փաստաբանների այս կարծիքը, միտքը շատ վաղուց է հնչել, ինչը նաև բարձրացվել, հասցվել է մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այսինքն՝ նույն բողոքով, նույն պահանջով գանգատ է ներկայացվել մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ Եվրոդատարանը նշել է, որ այնտեղ, որտեղ կա գերագույն դատարան, որն ունի հատուկ ընթացակարգ գործերը վարույթ ընդունելու, այսինքն՝ կարող է և չընդունել, ապա որոշման մեջ ներկայացված ծավալով պատճառաբանություններն ամբողջությամբ համապատասխանում են եվրոպական կոնվենցիային: Այստեղ արդեն երևի կարելի է մտածել, որ իրավական բոլոր ճանապարհները՝ առաջին ատյան, երկրորդ, վճռաբեկ, մինչև անգամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, բոլոր ատյանները սպառելով և իրավաբանորեն պարտություն կրելով՝ մեր երեք փաստաբաններն ուղղակի որոշել են բողոքի ծայրահեղ միջոցի դիմել»: Նա նկատեց, որ 200-ից ոչ բոլորն են փաստաբաններ:

Փաստաբանների գործադուլի  կազմակերպիչներից մեկը՝ Հայկ Ալումյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ Փաստաբանների պալատի նախագահը չի միացել իրենց բողոքին, ասաց, որ իրենց մոտ կարծիքների տարբերություն չկա՝ կապված վճռաբեկ դատարանի գործունեության գնահատականների հետ. «Մենք նույն գնահատականներն ենք տալիս: Նույնիսկ նրանք երբեմն ավելի խիստ գնահատականներ են տալիս: Մեզ մոտ տարաձայնություն կա բացառապես մի հարցում՝ ինչպիսի եղանակով հասնել այս անօրինականությունների վերացմանը: Փաստաբանների մի մասը համարում է, որ պետք է սպասել օրենսդրական բարեփոխումներին, մյուս մասը, որոնց մեջ ես եմ, ասում են, որ մեզ անցյալ տարվա հունիս ամսից են խոստացել օրենսդրական բարեփոխումներ: Եվ մենք հանգիստ սպասում էինք: Սպասեցինք, քանի որ վստահում էինք, որ դա այդպես կլինի, որովհետև ասել էին այնպիսի մարդիկ, ում խոսքին հիմք չունեինք չվստահելու: Բայց հետո պարզվեց, որ չեն փոխում, ուղղակի ձգձգում են: Դրա համար էլ մենք կարծեցինք, որ արդեն ժամանակն է ամփոփել՝ ի՞նչ տեղի ունեցավ այս մեկ տարվա մեջ»: Հայկ Ալումյանը նշեց, որ իր համոզմամբ՝ իրենց ակցիայի մեջ կարևորը ոչ թե պահանջներն են, այլ խնդիրների բարձրացումը: «Մեզ համար ամենակարևորն այն է, որ բարձրաձայնենք ու տարիներ հետո, երբ այս խնդրի մասին բոլորը կխոսեն արդեն, այս խնդիրը լուծված կլինի, և հետին թվով բոլորը հետ կնայեն, կասեն՝ ոնց կարելի էր նման բաներ անել, մենք չամաչենք, որ այն ժամանակ մենք մեր լռությամբ օժանդակել ենք այս խայտառակ վիճակին»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե այս քայլը որքանով արդյունավետ կլինի,  Հայկ Ալումյանն ասաց. «Ակնկալում ենք, որ հիվանդն իր ջերմաչափի վրա ուշադրություն կդարձնի և միջոցներ կձեռնարկի առողջանալու ուղղությամբ»:

Լուսանկարը՝ Aravot.am-ի

Տեսանյութեր

Լրահոս