Սոցիալական լարվածությունը չեն բացառում

Ինչպես հայտնի է, ՀՀ Կառավարությունը իր վերջին նիստում հաստատեց, որ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կավելանա 10 հազար դրամով և կկազմի 45 հազար դրամ: Սույն նախագիծը գործադիրի նիստում ներկայացրել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով նշել էր, թե նվազագույն աշխատավարձի հարցը չի փակվում, և որ նախատեսվում է մինչև 2017 թվականը այն կրկնապատկել՝ միևնույն ժամանակ ընդգծելով` ամեն ինչ կախված կլինի տնտեսության վիճակից:

Galatv.am-ի լրագրողը նախարարից փորձել է ճշտել, թե նախատեսված է արդյոք կենսաթոշակների և նպաստների բարձրացում այս տարի, ինչին ի պատասխան՝ Արտեմ Ասատրյանը նշել է. «2014 թվականից է նախատեսված»:

Ըստ նրա՝ գազի և էլեկտրաէներգիայի բարձրացումից հետո անդրադառնալու են նաև սոցիալապես անապահով ընտանիքների խնդրին:

Հարցին, թե կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ, հետևաբար չի՞ կարծում, որ գնային բարձրացումները կբերեն սոցիալական լարվածության, Արտեմ Ասատրյանը նշել է. «Գիտեք, դա առանձին թեմա է»:

Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հարցին, թե օրեր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրած բյուջեն 2012 թվականի տարեկան հաշվետվության ընթացքում հայտարարեց, որ արձանագրվել է 7.2 տոկոս տնտեսական աճ, սակայն այդ աճը տեսանելի չէ շարքային քաղաքացու համար, արձագանքել է այսպես.

«Շարքային քաղաքացին իր մաշկի վրա զգալը ո՞րն է, կամ պետք է աշխատավարձերը բարձրանան, կամ թոշակը պետք է բարձրանա, կամ գները էժանանա: Մեր մոտ աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացում անցած տարի բնականաբար չի եղել, և դա սպասվում է այս տարի և հաջորդ տարի, և գների աճ շատ չնչին, իհարկե, լինում է, որովհետև ցանկացած ժամանակ մենք պետք է հաշվի առնենք, որ մենք ընդհանուր համաշխարհային շուկայի մեջ ենք, և այնպես չէ, որ Հայաստանը չի կարող որևէ ազդեցության չենթարկվի համաշխարհային շուկային, դրա համար էլ այդ գների աճը ամեն տարի էլ լինում է»:

Հիմա, ըստ Սուքիաս Ավետիսյանի` կառավարության խնդիրը պետք է լինի այն, որ գնաճը զսպելու մեխանիզմներ մշակի, որպեսզի դրանք էապես չազդեն ազգաբնակչության վրա:

Տեսանյութեր

Լրահոս