Արտագաղթի և սոցիալական պայմանների պատճառով Վանաձորում այգի հաճախողների հոսքը նվազել է

Վանաձորի 4 այգիներից հիմնական գործող` Հրանտ Մաթևոսյանի անվան այգին վարձակալության հիմունքով տրված է մի քանի անձանց:

Այգու կենտրոնական հատվածը, որտեղ կարուսելներն են, խաղային սարքավորումները, 2 սրճարաններն ու «Լոռի ակումբում» տեղակայված կինոթատրոնը, տնօրինում է Ռոբերտ Աբրահամյանը:
Ինչպես վարձակալն ու այգու աշխատակից Մամիկոնն են պատմում, այգու հաճախումները սեզոնային են` կախված հիմնականում եղանակից: Ամբողջ մայիս ամսին տեղացած անձրևների պատճառով, օրինակ, այգի հաճախողներ չեղան:

«Լավ գիտեք վանաձորյան եղանակները: Անձրևային ա, այգում մարդ չի լինում: Տոն օրերին կամ երբ որ քաղաքային միջոցառում ա լինում, հաճախականությունը ավելանում ա, բայց սովորական օրերին գալիս են քիչ քանակությամբ»,- ասում է Ռ. Աբրահամյանը:
Այգում խաղեր կան, կարուսելներ (8 կարուսել կա), դպրոցական արձակուրդների հետ վանաձորցիներն սկսում են այգի հաճախել, ՌԴ-ից կամ այլ երկրներից հանգստանալու համար հայրենիք վերադարձողներն են գալիս, և այդպիսով այգին աշխուժանում է: Բայց, այգու աշխատակիցների խոսքով` տարեցտարի մարդկանց հոսքը նվազում է:

«Կինոթատրոնում ժամը 5-ին, 7-ին, 9-ին սեանս կար: Որ հավաքվում էին, տոմս չէր լինում, ասում էին` կրկնակի դրեք ժամը 11-ի համար: Բայց հիմա 1 սեանս էլ չեն գալիս: Սեանս որն ա, 10 հոգի կամ հավաքվում ա կամ չէ: 10 հոգու համար կինո ենք ցույց տալիս»,- համեմատության համար օրինակ է բերում Ռ. Աբրահամյանը:

«Ժամը 7.10 է, մի 3-4 տարի առաջ էս ժամին իրարանցում էր, տեղուդադար չէր լինում, իսկ հիմա տեսնում եք: Հենց մթնեց, էլ մարդ չի լինում: Ժամը 10-ի մոտերքն էլ լրիվ դադարում ա շարժը, իսկ առաջ մինչև 12-ը մնում էինք: Մարդկանց սոցիալականից ա գալիս, աշխատանք չկա, մարդիկ հնարավորություն չունեն: Հետո էլ որ բավականին մարդ արտագաղթել են, գնացել են, չկան: Երեխային որ բերում ա տեսնում ա` էն մյուսը կարում ա կարուսել նստացնի, ինքը հնարավորություն չունի, վատ ա զգում իրան, ասում ա` ավելի լավ ա չտանեմ երեխայիս: 50-300 դրամ ա կարուսելը, Երևանի համեմատ չնչին գումարներ, կինոն` 500: Ուղղակի մեկը ես. էրեխու հետ եթե գամ, ասի` ես էլ եմ ուզում, եթե հնարավորություն չունեմ, ընչի եմ բերում. ես ինձ վատ զգամ, էրեխեն լաց ըլնի»,- ասում է Մամիկոնը:

Տեսանյութեր

Լրահոս