Շատ մեծ կատաստրոֆա չի, որ մարդը գնում է այլ տեղ աշխատելու
Հարցազրույց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ
– Պարոն Ցոլակյան, Շիրակում գործազրկության ամենաբարձր մակարդակն է: Ի՞նչ է արվում իրավիճակը շտկելու համար:
– Պաշտոնապես հաշվառված գործազրկության մակարդակը 11-12%-ի սահմանում է: Դա խաբուսիկ չթվա այն իմաստով, որ մարդը հաշվառվում է որպես գործազուրկ, դրա համար տոկոսներն այսպիսին են: Աշխատատեղեր, իհարկե, ավելացել են` քիչ, շատ չէ: Հիմնական հարցերի հարցը մնում է նոր աշխատատեղերի ստեղծումը, որի համար կարևորագույն խնդիր է, որ կարողանանք ներգրավել մարդկանց, որոնք կհամաձայնեն ներդրումներ իրականացնել Գյումրիում` մասնավորապես և Շիրակում` ընդհանրապես: Այս աշխատանքների հետ կապված մենք ծրագրեր ունենք, որոնց իրագործումը, ինձ թվում է, կտա իր դրական արդյունքը և մենք կունենանք նորություններ այս հարցում: Զբաղվածության թիվն ավելացել է, գործազուրկների թիվը` պակասել, բայց դա առանձնապես էական նշանակություն չունի, դա հարցի վերջնական լուծում չէ, մեծ աշխատանք ունենք անելու այս առումով, որ վերջին հաշվով կարողանանք այս խնդիրը լուծել:
– Ավելի հստակ կասե՞ք` ինչ է նախատեսվում:
– Չէ, գիտե՞ք ինչ` ծրագրեր շատ կան, հիմա չեմ ուզում ծրագրերով խոսել, հիմնական խնդիրն, իմ կարծիքով, այն է, որ մարդիկ պետք է ցանկություն ունենան զբաղվել, աշխատել: Գիտեմ, որ մենք, գոնե` ես, ցանկություն ունեմ զբաղվել այդ հարցով, և ուզում եմ ինչ-որ բան անել, թե ինչքան կհաջողվի` ես հիմա չեմ ուզում այդ մասին խոսել, հետագայում կերևա` ինչ արեցինք, ինչ հաջողվեց, և ինչ հարցեր լուծեցինք: Խնդիրը շատ լուրջ է այդ տեսակետից, օրեցօր փոփոխվում է մեր կյանքը, որի դեպի դրականը գնացող երևույթները ստիպում են մեզ, որ մենք լրջորեն զբաղվենք այս հարցով, որովհետև մարդիկ պետք է նորմալ կենցաղային պայմաններ ունենան և աշխատանք, որ առաջին հերթին կարողանան իրենց ընտանիքի հոգսը հոգալ: Եթե դա չի լինում, մենք ունենք մի այլ խնդիր, որի մասին բոլորը գիտեն` մարդը թողնում է տունը, մարդը գնում է այլ տեղ աշխատելու: Չնայած դրա մեջ էլ ես շատ մեծ կատաստրոֆա չեմ տեսնում, երբ մարդը գնում է աշխատելու ու իր աշխատած, ստեղծած եկամուտը կամ բարիքը բերում, օգտագործում է իր ընտանիքի, իր հայրենիքի համար: Այլ բան է, որ մարդը լքում է երկիրը, գնում, մնում է: Սրա հետ կապված` արդեն պրոբլեմը շատ վատ է: Բայց չափազանցված բաներ են խոսում, թե ընտանիքներով, բեռ ու բարխանով գնում են, ես էդպիսի բաներ չեմ տեսել:
– «Հայրենակիցներ» ծրագիրը հիմա գործո՞ւմ է Գյումրիում:
– Կար, հիմա տեղյակ չեմ: Երևանում էլ կար, Այգեձորում գրասենյակ էին տվել, ինչի՞ երևանցոց բան չեք ասում:
– Առավել կարևորում եք գյուղատնտեսությա՞ն զարգացումը, թե՞ արդյունաբերությունը ևս:
– Հատկապես կարևոր է, որ մենք կարողանանք ստեղծել տղամարդկանց աշխատանքի տեղեր: Գյուղատնտեսությունում աշխատատեղն ինքն իրեն է ստեղծվում, զբաղվածություն է լինում: Շիրակի մարզում այս տարի և՛ մշակվող հողատարածքների թիվն է ավելացել, և՛ բերքատվությունը, և՛ անասնագլխաքանակը: Այսինքն, եթե 10 հազար խոշոր եղջերավոր անասունի թիվ է ավելացել, ուրեմն մարդիկ դրանով զբաղվել են, չէ՞:
– Իսկ արդյունաբերությո՞ւնը:
– Պետք է կարողանանք նոր արտադրամասեր, նոր գործարաններ ստեղծել, ներդրումներ ապահովել:
– Ներդրողներ որտեղի՞ց եք գտնելու:
– Հիմնական ներդրողները մեր տեղի ներդրողներն են, մենք դրսից ներդրողներ չունենք, ես կուզենայի, որ դրսից լինեին, իսկ տեղի ներդրողների հնարավորությունները շատ սուղ են: Դրա համար էլ մենք սահմանափակ հնարավորություններ ունենք աշխատատեղերի և այլնի հարցում:
– Դրա համար էլ արտագաղթն է ծաղկում, Գյումրիում էլ եղած աշխատատեղերն են փակվում, օրինակ` ռուսական հոսպիտալը տարիներ առաջ փակվեց:
– Ռուսական հոսպիտալը նորից բացվում է:
– Իսկ ինչո՞ւ փակեցին, բժիշկներն էլ արտերկրից աշխատանքի առաջարկ ստացան, մասնավորապես` Քուվեյթից, ու գնացին:
– Իրենք փակեցին, բժիշկները չգիտեմ ինչ են արել, ես տեղյակ չեմ դրանից: Բայց միայն հոսպիտալը չէր փակվել, մանկապարտեզն էլ էր փակվել: Հիմա նորից բացվում է այդ բոլորը:
– Պատճառը ո՞րն էր:
– Հավանաբար այն ժամանակ ուրիշ քաղաքականություն էր, ես չեմ կարող ասել, դա իրենց ցանկությունն էր:
– Գյումրիում քրեածին տարրերի ակտիվությունը…
– Չէ, չէ, շատ մի շահարկեք էդ հարցը. դուք էլ, մյուսներն էլ սովորական ժողովուրդ են, իրենց դրական շատ հատկանիշներով: Մենք սիրում ենք առաջինը լինել ամեն ինչում, Շիրակի ժողովուրդն էդպիսի բնավորություն ունի, գյումրեցին` առավել ևս:
Եթե խոսքը գնում է մի վատ բանի մասին, դա էլ ենք առաջին տեղում: Էնպես որ, շատ մի զարմացեք դրա վրա, մի հատ լինում է, դրանից հետո հանգստանում է, ամեն ինչ նորմալ է, ժողովուրդն ամեն մեկն իր գործին է, ոչ մեկը վախեցած տնից դուրս չի գալիս, դեմքերն էլ, որ տեսնում ես, ոչ մեկի մոտ վախի զգացողություն չկա: Սովորական իրանց կյանքով ապրում են մարդիկ, մի քիչ շահարկումը շատ է եղել: Չէ, չէ, անցեք, էլի, ինչքան քիչ խոսաք` էնքան լավ: Վերցրեք, համեմատություն արեք կրիմինալի վիճակագրությունը` թե՛ Երևանում, թե՛ մարզեր կան, որտեղ կրիմինալն ավելի շատ է:
– Գյումրիի քաղաքապետարանի դեմ «Գյումրեցի ընկերներ» ու «Աջակից ընկերներ» ընկերությունները դատական գործեր էին հարուցել…
– Ընթացքից տեղյակ չեմ, հարցրեք դատական ատյաններից:
– Ախուրյանցիներն էին Ձեզ մոտ բողոքի եկել, ավտոբուս չի աշխատում, ինչպե՞ս եք նախատեսում օգնել:
– Այո, տրանսպորտի հետ կապված հարց էր, երկուշաբթի կզբաղվեմ այդ հարցով, և կլուծենք:
«168 ԺԱՄ»