
ԱՄՆ-ն ու ԵՄ-ը դատապարտել են Թուրքիային՝ կապված Ստամբուլի արյունալի բախումների հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը և Եվրոպան քննադատության են ենթարկել Ստամբուլում զբոսայգու ավերման դեմ բողոքի դուրս եկած մարդկանց նկատմամբ ոստիկանության ցուցաբերած կոշտ վերաբերմունքը:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ժեն Պսակին անհանգստություն է հայտնել խաղաղ ցույցի բռնի ցրման ժամանակ մարդկանց վիրավորվելու կապակցությամբ. «Թուրքիայի երկարաժամկետ կայունության ու անվտանգության ապահովման ուղին անցնում է խոսքի ազատության, ազատ հանրահավաքների ապահովման միջով:
Ակնհայտ է, որ բողոքողներն օգտագործել են իրենց այդ իրավունքը: Անկասկած է, որ մենք աջակցում ենք բողոքի խաղաղ ակցիաներին: Հնարավոր է՝ հետագա օրերին կարող ենք ավելի շատ բան ասել»:
Պսակին հավելել է, որ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը սեփական տեղեկատվական աղբյուրների միջոցով տեղեկատվություն է հավաքում տվյալ միջադեպի մասին:
ԵՄ-ի հանձնաժողովը նույնպես հայտարարություն է տարածել՝ կապված Ստամբուլի երեկվա դեպքերի հետ: Դրանում կտրուկ քննադատության է ենթարկվել Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից ոչ ադեկվատ իրավիճակում ուժի կիրառումը.
«ԵՄ-ը ցանկանում է Թուրքիային հիշեցնել մարդու բազային իրավունքների նշանակության, այդ թվում նաև խոսքի ազատության ու ազատ հանրահավաքների մասին: Յուրաքանչյուր սահմափակում չպետք է դուրս գա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի սահմանած շրջանակներից և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից»: